Եսայու մարգարեության մեկնություն 18։1

Ա. Լոպուխին 

«Վա՜յ այն երկրին, որն իր թևերի ստվերը գցում է Եթովպական գետերից այն կողմ»։ (Սինոդական թարգ․) [1]
   

   Կարծես թե կանխատեսելով մոտեցող վտանգը՝ եթովպացիները պաշտպանական դաշինք կնքելու նպատակով դեսպաններ են ուղարկում Հուդայի թագավորություն, սակայն մարգարեն իր համերկրացիներին խորհուրդ է տալիս ետ ուղարկել այդ պատգամախոսներին: Եթովպացիների թշնամի ասելով մարգարեն, իհարկե, նկատի ունի ասորեստանցիներին, որոնք պիտի հնազանդեցնեն այդ ուժեղ ժողովրդին, չնայած որ իրենք էլ պարտության են ենթարկվելու Աստծո կողմից իրենց ձեռնարկած ռազմական գործողությունների ամենաթեժ պահին: Այս վերջին հանգամանքը նաև եթովպացիներին է ստիպելու ընդունել ճշմարիտ Աստծո զորությունը:

   «Վա՜յ այն երկրին...» արտահայտությունը եբրայական տեքստից պետք է թարգմանել՝ «օ՜, երկիր, որ լեցուն է թևերի աղմուկով»: Եթովպիան այսպես է կոչվում, քանի որ այնտեղ միշտ շատ ճանճեր կային: Հատկապես հայտնի է տեղական «Ցեցե» ճանճը, որին էլ ակնարկում է մարգարեն իր «ցիլցալ» արտահայտությամբ (հմմտ. Ես. 7:18):

եբրայերեն՝ «նագարեյ կուշ»: Եթովպիան կամ Կուշը (տե՛ս Толковая Библия, Т. 2, с. 514) գտնվում էր Եգիպտոսից դեպի հարավ: Նրա սահմաններն էին Նեղոս, Աստապ ու Աստաբոր գետերը: Այդ իսկ պատճառով էլ մարգարեի համար, որն ապրում էր Եգիպտոսից դեպի հյուսիս ընկած Պաղեստինյան երկրում, Եթովպիան համարվում էր վերոնշյալ գետերից այն կողմ ընկած մի երկիր: Եսայի մարգարեի ապրած ժամանակաշրջանում եթովպական թագավորները տիրել էին վերին Եգիպտոսին ու անգամ ձգտում էին իրենց հնազանդեցնել ստորին Եգիպտոսը, իսկ հետո էլ գրավել տարածքներ նաև Ասիայից, ինչը ենթադրում էր անխուսափելիորեն բախման մեջ մտնել Ասորեստանի հետ:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Վա՜յ եթովպացիների գետի այն կողմում առագաստներին ապաւինած երկրին,
(Արարատ թարգ․) Ո՜վ շառաչող թևերի երկիր, որ գտնվում է Եթովպիայի գետերի այն կողմում,
(Գրաբար) Վայ երկրին ի թեւս նաւացն յայնկոյս գետոյն եթւովպացւոց: