Եսայու մարգարեության մեկնություն 18։2

Ա. Լոպուխին

«Ով սուրհանդակներ է ուղարկում ծովով ու եղեգնյա նավերի միջոցով էլ՝ ջրերի վրայով: Գնացե՛ք, արագընթաց պատգամաբերներ, զորեղ ու զգոն ազգի մոտ, իր ծագումից մինչև այժմ ահարկու եղող ազգի մոտ, բարձրահասակ ու ամեն բան ոտնատակ տվող ժողովրդի մոտ, ում երկիրը բաժանված է գետերով»: (Սինոդական թարգ․) [2]
   

   «Ով սուրհանդակներ է ուղարկում»։ Եթովպական Տիրգակա թագավորը, ինչպես պարզ է դառնում ասորեստանյան Սենեքերիմ թագավորի սեպագիր արձանագրություններից, պատգամաբերներ էր ուղարկել փղշտացիների ու հրեաների մոտ՝ Ասորեստանի դեմ դաշինք կնքելու նպատակով:

   «Ծովով»։ Եգիպտացիները ծով են անվանում Նեղոս գետը, իսկ ահա հույն հեղինակներն էլ այս նշանավոր գետին տալիս էին ‘‘ὡκεάνος’’ անվանումը: Մեր ժամանակներում էլ Սպիտակ ու Կապույտ Նեղոսները կրում են ծովերի անուններ: Տիրգակա թագավորի մայրաքաղաքը՝ Նապատա քաղաքը, գտնվում էր Նեղոս գետի չորրորդ վտակի մոտ, որտեղ դեպի Նեղոս են թափվում բազմաթիվ փոքրիկ վտակներ:

   «Եղեգնյա․․․»։ Սրանք եգիպտական եղեգից պատրաստվող ամենաթեթև նավերն էին։ Այդ եգեղն այժմ Եգիպտոսում չի աճում, այլ տարածված է միայն Աբիսսինայում (Հոբ 8:11; 9:26):

«Գնացե՛ք․․․»։ Մարգարեն եթովպական այս դեսպաններին ետ է ուղարկում, որով հասկացնել է տալիս, որ անմիջապես Բարձրյալի պաշտպանությանը ենթակա Հուդան կարիք չունի դաշինք կնքելու եթովպական թագավորի ու նրա ժողովրդի հետ, չնայած որ դա զորեղ ու զգոն ժողովուրդ է (եբրայերենից թարգմանած՝ «բարձրահասակ ու փայլուն մաշկով»), ահարկու իր ծագումից սկսած (եբրայերեն տեքստում՝ «ահարկու անգամ հեռվից»), բարձրահասակ (եբրայերեն տեքստում՝ «տիրակալ»՝ «կավ-կավ») ու ամեն բան ոտնատակ տվող, այսինքն՝ մեծն նվաճող, ինչպիսին որ այն հայտնի էր դարձել Պիանկի թագավորի ժամանակներից, այսինքն՝ 766 թվականից ի վեր:

   «Բաժանված են գետերով», այսինքն՝ «մեծաքանակ վտակներով»:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) որ ընծաներ էր ուղարկում ծովով եւ մագաղաթեայ հրովարտակներ՝ ջրերի կոհակների վրայով, որպէսզի արագընթաց սուրհանդակները գնան գոռոզացած ազգի մօտ, ազգ, որ օտար է ու չար, եւ դրանից աւելին ոչ ոք չի կարող լինել, ազգ, որ անյոյս է ու ոտքի տակ տրուած:
(Արարատ թարգ․) որ սուրհանդակներ է ուղարկում ծովով ջրերի երեսին պապիրուսե նավերով։ Ո՛վ արագընթաց պատգամաբերներ, գնացե՛ք այն ազգի մոտ, որ բարձրահասակ է և ողորկամաշկ, այն ժողովրդի, որը սարսափազդու է մոտ թե հեռու, մի ազգ, որը հզոր է և հպատակեցնող, և որի երկիրը գետերը բաժան-բաժան են անում։
(Գրաբար) Որ առաքէր պատարագս ընդ ծով, եւ թուղթս մագաղաթեայս ի վերայ ջուրցն մկանանց. զի երթիցեն հրեշտակք երագունք յազգ հպարտացեալ` յազգ աւտար եւ ի չար: զի ոչ եւս ոք իցէ քան զնա անդր, յազգ անյոյս եւ ի կոխեալ: