Եսայու մարգարեության մեկնություն 27։3

Ա. Լոպուխին

3-5․ Ես՝ Տերս եմ նրա պահապանը, ամեն ակնթարթ ոռոգում եմ նրան, գիշեր ու ցերեկ պահպանում եմ նրան, որպեսզի ոչ ոք չներխուժի այնտեղ։ [3]  Իմ մեջ զայրույթ չկա, սակայն եթե որևէ մեկը հակադարձի Ինձ իր մեջ եղող տատասկներով ու փշերով, Ես պատերազմով նրա դեմ դուրս կգամ, ամբողջովին կայրեմ նրան։ Արդյո՞ք նա այդժամ կդիմի Իմ պաշտպանությանը և Իմ հետ խաղաղություն կկնքի՞․ այդ ժամանակ թող խաղաղությո՛ւն կնքի Ինձ հետ։ (Սինոդական թարգ․)
   
   «Ես՝ Տերս եմ նրա պահապանը»: Այս խոսքերն Իսրայելի ժողովրդի շուրթերին դնելով՝ Տերը դրանով իսկ ժողովրդին Աստծո սիրո հանդեպ յուրահատուկ վստահությամբ է լցնում։

   «Որպեսզի ոչ ոք չներխուժի – Ըստ Duhm-ի և Condamin-ի թարգմանության՝ «․․․որպեսզի նրա տերևները չթափվեն»։

   «Իմ մեջ զայրույթ չկա»։ Սա չի նշանակում, որ Տերն ընդհանրապես չի զայրանում (Սուրբ Գրքում ավելի քան 300 անգամ հիշատակվում է Աստծո զայրույթի մասին), այլ միայն ցույց է տալիս գալիք ժամանակը, երբ Աստված այլևս չի զայրանալու Իր ժողովրդի վրա։

   «Տատասկներ և փշեր․․․»։ Այստեղ մարգարեն մատնանշում է այն ամենը, ինչը կարող է խոչընդոտել Իսրայելական ժողովրդի զարգացմանը․ դրանք և՛ Իսրայելի արտաքին թշնամիներն են, և՛ հենց նույն ժողովրդի ներքին թերությունները։ Այդ զարգացման համար խոչընդոտ կարող են հանդիսանալ անգամ հրեա ժողովրդի բացասական ներկայացուցիչներն առանձնաբար։

   «Ամբողջովին կայրեմ նրան»։ Այդպես է հողատերը վարվում իր դաշտի հետ, որում սկսում են անպիտան բույսեր աճել։

   «Արդյո՞ք կդիմի Իմ պաշտպանությանը»։ Իսրայելում եղող նմանատիպ մարդկանց հանդեպ, սակայն, Աստված ողորմած կլինի, եթե իհարկե նրանք զղջան (4-րդ և 5-րդ համարներում եզակի թվով գործածվող «նրան» (կայրեմ) և «կդիմի»  բառերը պետք է փոխել հոգնակի թվով՝ «նրանց» (այսինքն՝ «փշերը») և «կդիմեն»)։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) «Ես մի անառիկ քաղաք եմ, քաղաք, որին պաշարելը զուր է: Ես պիտի հարբեցնեմ նրան, որ գիշերը գրաւուի, իսկ ցերեկը խորտակուի նրա պարիսպը:
(Արարատ թարգ․) Ես՝ Տերս եմ դրա պահապանը, ամեն վայրկյան ոռոգում եմ այն. որպեսզի ոչ ոք չվնասի դրան, ես գիշեր-ցերեկ պահպանում եմ այն։
(Գրաբար) Ես քաղաք ամուր. քաղաք զուր պաշարեալ. արբուցից զնա զի առցի ի գիշերի, եւ ի տուէ կործանեսցի պարիսպ նորա: