Եսայու մարգարեության մեկնություն 28։1

Ա. Լոպուխին

Վա՜յ հարբած Եփրեմացիների հպարտության պսակին, նրա գեղեցիկ զարդարանքի թոռոմած ծաղկին, որը գինեհարների պարարտ հովտի գագաթին է։ [1] (Սինոդական թարգ․)
   
   Սամարիա – Եփրեմյան հարուստ երկրի այս շքեղ պսակը շուտով կկործանվի և ոտնակոխ կարվի։ Տերը նրա դեմ դուրս կբերի հզոր թշնամու, որը շուտափույթ կոչնչացնի նրան և որը նրա ճանապարհին կկանգնի որպես մրրիկ, որպես ջրհեղեղ։ Սամարիայի հետ կլինի նույնը, ինչ որ լինում է վաղ հասունացած թզի հետ, որին յուրաքանչյուրը ցանկանում է արագորեն պոկել։ Սակայն Իր ժողովրդի մնացորդացին՝ Հուդայի թագավորությանը, Տերը կպարգևի Իր բարեխոսությունը,  հրեական դատավորներին կշնորհի արդարության ոգին, իսկ զորքերի առաջնորդներին՝ քաջություն։ Ցավոք տվյալ ժամանակաշրջանում, այսինքն՝ Եզեկիա թագավորի օրոք, Հուդայի, ինչպես նաև Սամարիայի բոլոր կառավարիչները գինուց և այլ ոգելից խմիչքներից խելագարվել էին։ Նրանք չէին ցանկանում լսել Եսայուն և ծիծաղում էին մարգարեի խոսքերի վրա։ Այդ պատճառով էլ թշնամիները կհարձակվեն նրանց վրա, և նրանք դաժանորեն կհատուցեն իրենց համառության համար։

   Ակնհայտ է, որ Սամարիայի դեմ ուղղված մարգարեությունը հնչել է մինչև 722 թվականը, երբ Սամարիան դեռևս կանգուն էր (տե՛ս. Եզեկիայի գահակալության առաջին տարիները)։

   Սամարիան ա՛յն պատճառով է «հպարտության պսակ» անվանվել, քանի որ գտնվում էր օվալաձև բլրի վրա և հրաշագեղ ու սքանչելի տեսք ուներ։ Այդ բլուրների լանջերը, որոնց վրա գտնվում էր քաղաքը, նաև այսօր զարդարված են թզենիներով, ձիթենիներով և մրգի այգիներով առհասարակ։ Սամարական գլխավոր բլուրը հովտի մակարդակից գրեթե 122 մետր բարձրություն ունի։

   «Թոռոմած», ավելի ճիշտ կլինի՝ «թոռոմող»։

   «Գինեհարների հովիտ», այսինքն՝ նկատի ունի այն հովիտները, որոնց գագաթներին բնակվում են հարբեցողներ, որոնք մինչև անգիտակից դառնալու աստիճան գինի էին խմում։ «Անսահման հարստությունները,- ասում է Գեյկին,- որոնք հաճախ անմաքուր ճանապարհներով էին ձեռք բերվում, կենտրոնանում էին միայն շատ քիչ թվով իշխանավորների ձեռքում, մինչդեռ մնացյալ բնակչությունը ծանրագույն կարիքի մեջ էր» («Սուրբ երկիր և Աստվածաշունչ», էջ 822)։ Այդ պատճառով էլ սամարացի հարուստները կարող էին տրվել ծայրահեղ անժուժկալության։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Վա՜յ Եփրեմի վարձկաններիդ հպարտութեան պսակին, փառքից թառամած մի ծաղիկ՝ փարթամ լերան գագաթին. դուք հարբած էք, բայց ոչ գինուց:
(Արարատ թարգ․) Ավա՜ղ Եփրեմի հարբեցողների հպարտության պսակին և նրա գեղազարդ շքեղության թառամող ծաղկին, որը գինեմոլների փարթամ հովտի գագաթին է։
(Գրաբար) Վայ ի պսակդ հպարտութեան վարձկանացդ Եփրեմի: ծաղիկ թաւթափեալ ի փառաց ի վերայ գլխոյ լերինդ թանձրացելոյ, որ արբեալդ էք եւ ոչ ի գինւոյ: