Ա. Լոպուխին
19-20. Բայց կարկուտ է իջնելու անտառի վրա, և քաղաքը ցած է իջնելու՝ հավասարվելով դաշտավայրերին։ [19] Երանի՜ ձեզ, որ ցանում եք բոլոր ջրերի մոտ, որ արձակում եք եզան և էշի ոտքերը։ (Սինոդական թարգ․)
Այդ ժամանակ ներքին բնական աղետները նույնպես չեն պատուհասելու Հուդայի երկրի բնակեցված վայրերում։
«Կարկուտը», եթե նույնիսկ այդ երանելի ժամանակներում այն թափվի, ապա միայն անտառի վրա է թափվելու, և ոչ թե հրեաների դաշտերի ու բնակավայրերի վրա, և հետևաբար միայն անտառի ծառերը պիտի տուժեն այդ կարկուտից։
«Քաղաքը ցած է իջնելու՝ հավասարվելով դաշտավայրերին», այսինքն՝ Երուսաղեմը կամ, ավելի ճիշտ, նրա բնակչությունը չի թաքնվելու քաղաքային պարիսպների տակ, այլ համարձակորեն շրջելու քաղաքը օղակող դաշտերում։ Սա նշանակում է, որ Երուսաղեմի մոտակայքում այլևս թշնամիներ չեն լինելու։
«Ցանում եք բոլոր ջրերի մոտ»։ Պաղեստինում, սովորաբար, հողագործներն իրենց սերմերը գցում էին գարնանային վարարումների արդյունքում փխրված հողի մեջ, այնուհետև այդտեղ էին մտցնում այծերի և ավանակների, որոնք իրենց սմբակներով սերմը հողի տակ էին անցկացնում։ Գալիք ժամանակներում հրեաները նման հարթավայրեր շատ են ունենալու («բոլոր ջրերի մոտ»), ինչը մատնանշում է ա՛յն ժամանակի գալուստը, երբ միայն հրեաներն են տիրելու ամբողջ Պաղեստինին։
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Եթէ կարկուտ էլ թափուի, նրանց վրայ չի գալու: Անտառում բնակուողները նոյնպէս պիտի լինեն այնպէս ապահով, ինչպէս նրանք, որոնք դաշտում են:
(Արարատ թարգ․) Բայց կարկուտ պիտի իջնի անտառի վրա, և քաղաքը պիտի խիստ նվաստանա։
(Գրաբար) այլ կարկուտ եթէ իջանիցէ, ոչ ի ձեր վերայ եկեսցէ: Եւ եղիցի որ բնակեալ իցեն յանտառին, յանհոգս իբրեւ զայնոսիկ ոյք իցենն ի դաշտի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: