Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Թող ուրախանայ ծարաւած անապատը, թող ցնծայ անապատը ու ծաղկի ինչպէս շուշանը:
Ուրախացի՛ր, ծարաված անապատ, և թող ցնծա անապատը։
Կրկին հիշում է անապատը, քանի որ անապատ է կոչվում անպտուղ հողը, որ հեթանոսներն են, որոնք թեպետ անհաղորդ էին Աստծո օրենքներին, բայց Քրիստոսով ու Ավետարանով պտղաբեր դարձան:
Անապատ է կոչվում նաև անջուր վայրը, որ խորհրդանշում է ծարաված հոգիներին, որոնք զովացան Քրիստոսի վարդապետությամբ և ուրախացան, քանզի ներվեցիննրանց մեղքերը:
Ծաղկելու է, ինչպես շուշանը։
Շուշանը երկու տեսակի է և երկու գույն ունի՝ դեղին ու սպիտակ։ Այն բուսնում է ջրառատ վայրերում՝ եղեգի նման վեր ձգված, ու ջրի երեսին ծաղիկ է տալիս: Մինչդեռ վայրի շուշանը, ինչպես ասում են,կարմիր և սպիտակ է: Իսկ ծովային ծաղիկը նունուֆարն է, որ, ինչպես ասվում է, ջրերում է բուսնում. սա խորհրդանշում է հեթանոսների եկեղեցին՝ բուսած կռապաշտության տղմուտ վայրերում, բայց և ուղիղ հավատով վերացած առ Աստված, այլև բնութագրում է անուշահոտ առաքինությամբ զարդարված վիճակը, համաձայն առաքինի մարդկանց օրինակի, որոնք իրենց անձով՝ հոգով և մարմնով, ծաղկի նմանությունն են բերում: Որովհետև առաքինիների մարմինը դեղին է ճգնական խստակեցության հետևանքով, իսկ հոգին պայծառ է՝ ճերմակ ձյունից ավելի:
Ա. Լոպուխին
1-2․ Պիտի ուրախանան անապատն ու ցամաք երկիրը, և անմարդաբնակ երկիրը պիտի ցնծա ու ծաղկի շուշանի պես։ [1] Այն պիտի ծաղկի ու պիտի ցնծա հիասքանչ ձևով, պիտի տոնախմբի և զվարճանա։ Նրան պիտի տրվեն Լիբանանի փառքը, Կարմելոսի և Սարոնի վայելչությունը։ Նրանք կտեսնեն Տիրոջ փառքը, մեր Աստծո մեծությունը։ (Սինոդական թարգ․)
Ի՞նչ նկատի ունի մարգարեն «անապատ» և «ցամաք» բառերն օգտագործելիս։ Հաջորդող համարները (3-6-րդ) ներկայացնում են այս հարցի պատասխանը։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ մարգարեն ի նկատի ուներ իր հրեա ժողովրդին, որը բաբելոնյան գերության ժամանակ ասես չոր անապատ լիներ՝ զուրկ ամեն տեսակի բուսականությունից։ Այո՛, հրեա ժողովրդի մեջ կյանքը կարծես որոշ ժամանակով կասեցվել էր, իսկ հրեական երկիրը, որը զրկված էր իր բնակչությունից, արդեն վաղուց էր արժանի դարձել «տափաստան» կոչվելուն։ Սակայն մարգարեն հայտնում է, որ այդ ժամանակահատվածը մոտենալու է իր ավարտին։ Այդ տափաստանային տարածքը ծածկվելու է գեղեցիկ շուշաններով և իր պտղաբերությամբ համեմատվելու է Պաղեստինի ամենաբերրի և գեղեցիկ տարածքների հետ (Ես. 33:9, Ես. 29:17, Ես. 32:15)։
«Նրանք կտեսնեն»։ Այս արտահայտությունը չի համապատասխանում «անապատ» և «ցամաք» բառերին։ Ավելի ճիշտ կլինի այս արտահայտությունն ընկալել այն իմաստով, ըստ որի այստեղ մարգարեն ի նկատի ունի հրեաներին, որոնք պիտի տեսնեն, այսինքն՝ իրենց իսկ աչքերով պիտի համոզվեն Տիրոջ մեծության և ամենակարողության հարցում։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Թող ուրախանայ ծարաւած անապատը, թող ցնծայ անապատը ու ծաղկի ինչպէս շուշանը:
(Արարատ թարգ․) Անապատն ու չոր երկիրը կուրախանան, կցնծա անմարդաբնակ երկիրը ու կծաղկի շուշանի պես։
(Գրաբար) Ուրա́խ լեր անապատ ծարաւի. ցնծասցէ անապատն եւ ծաղկեսցէ́ իբրեւ զշուշան։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: