Ա. Լոպուխին
«Ցողի՛ր վերևից, ո՛վ երկինք, և ամպերը թող ճշմարտությո՛ւն անձրևեն, թող բացվի երկիրն ու փրկություն ծլարձակի, և թող դրա հետ միասին աճի ճշմարտությունը: Ես՝ Տերս եմ արարում այդ ամենը»: [8] (Սինոդական թարգ․)
«Ցողի՛ր վերևից, ո՛վ երկինք․․․և ամպերը թող արդարությո՛ւն անձրևեն, թող բացվի երկիրն ու փրկություն ծլարձակի, և թող դրա հետ միասին աճի ճշմարտությունը․․․» - Այս համարի խոսքերը երախտագիտական-գոհաբանական օրհներգ են՝ հասցեագրված Աստծուն Իսրայելի գալիք ազատագրության ու նրան և ամբողջ մարդկությանը նոր օրհնություններ պարգևելու համար: Երկինքը, ամպերն ու երկիրը համընդհանուր, խաղաղարար ուրախության՝ մեզ ծանոթ խորհրդանիշերն են (տե՛ս Ես․ 44:23-րդ համարի մեկնությունը): Մի փոքր բարդ է նշել, թե այստեղ մարգարեն ի՞նչ է ցանկանում ասել «արդարություն» և «փրկություն» արտահայտությունների միջոցով: Ամենամոտ, պատմական իմաստով՝ երկրից բխող «փրկությունը», ակնհայտորեն, բաբելոնյան գերությունից հրեաների փրկության կամ ազատագրման իրադարձությունն իսկ է: Իսկ «արդարությունը», որն ուղեկցում էր այդ փրկությանը, Աստվածային արդարության հաղթանակն էր, այսինքն՝ համընդհանուր փրկության վերաբերյալ Աստվածային ծրագրերի արդարացումը կամ իրականացումը, որի նախօրինակը է հրեաների այս ազատագրումն է գերությունից: Ավելի հեռավոր, փոխաբերական իմաստով՝ երկնքից մեղսավոր երկրի վրա հեղվող «արդարությունը» գուցե նաև «արդարացման պարգև»-ն էր, այսինքն՝ մեղքերի թողությունը՝ զուգորդված Սուրբ Հոգու շնորհներին, իսկ ահա «փրկությունն» էլ նմանատիպ արդարացման արդյունքն էր, այսինքն՝ հավիտենական, ճշմարիտ փրկությանն արժանացումը:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Երկինքը թող ուրախ լինի վերուստ, եւ ամպերը արդարութիւն ցօղեն, թող երկիրը ողորմութիւն բխեցնի, լիովին արդարութիւն թող բխեցնի: Ես եմ Տէրը, որ հաստատեցի քեզ որպէս մի լաւ բան, ստեղծեցի քեզ իբրեւ բրուտի կաւ»:
(Արարատ թարգ․) Ցողի՛ր վերևից, ո՛վ երկինք, և ամպերը թող արդարություն անձրևեն, թող երկիրը բացվի, թող բուսնի փրկությունը, և նրա հետ ծլի արդարությունը։ Ես՝ Տերը, ստեղծել եմ այն»։
(Գրաբար) Ուրախ եղիցին երկինք ի վերուստ, եւ ամպք ցաւղեսցեն զարդարութիւն: բղխեսցէ երկիր զողորմութիւն, եւ զարդարութիւն առհասարակ բղխեսցէ: Ես եմ Տէր որ հաստատեցի զքեզ իբրեւ զլաւ իմն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: