Եսայու մարգարեության մեկնություն 44:23

Ա. Լոպուխին

«Ուրախացի՛ր, երկի՛նք, որովհետև Տերն արեց դա, բացականչե՛ք, երկրի խորություններ, ուրախության աղաղա՛կ բարձրացրեք, լեռնե՛ր, անտա՛ռ ու դրա մեջ գտնվող բոլոր ծառեր, որովհետև Տերը փրկեց Հակոբին ու փառավորվելու է Իսրայելի մեջ»: [23] (Սինոդական թարգ․)

   
   «Ուրախացի՛ր, երկի՛նք...բացականչե՛ք, երկրի խորություններ, ուրախության աղաղա՛կ բարձրացրեք, լեռնե՛ր, անտա՛ռ ու դրա մեջ գտնվող բոլոր ծառեր...» - Այս համարն ինչ-որ յուրահատուկ միջանկյալ տեղ է զբաղեցնում. մի կողմից այն հնչում է որպես ուրախալի վերջաբան Փրկիչ Աստծո մասին նախորդող խոսքի համար, իսկ մյուս կողմից էլ կարծես թե հանդիսավոր մուտք է համարվում մի նոր հատվածի համար, որը հատկապես բացահայտում է ընտրյալ ժողովրդի հանդեպ ամբողջ պատմական անցյալում ու նույնիսկ մոտակա ապագայում ցուցաբերված Աստվածային բարեգործությունների մեծությունն ու զորությունը: Իր բովանդակությամբ ու ձևով այն գոհաբանական օրհներգ է՝ ուղղված Փրկիչ Աստծուն, մեկն այն մի շարք օրհներգերից, որոնցով հատկապես հարուստ են Եսայի մարգարեի գիրքն ու Սաղմոսները (Ես. 35:1-2, 42:10-12, 13:13, Սաղմ. 96:1. 97:1, 99:1 և այլ հատվածներ): Երկինքը, երկրի խորությունները, լեռները, անտառն ու բոլոր ծառերն ամենաամբողջական, լայնընդգրկուն ու համընդհանուր ուրախության խորհրդանիշներն են, ուրախություն, որին մարդու՝ բնության թագավորի հետ մեկտեղ պետք է իր մասնակցությունն ունենա նույնիսկ ողջ անշունչ բնությունը, քանի որ այդ բնության ճակատագիրը, սուրբգրային տեսակետի համաձայն, սերտորեն կապված է մարդու ճակատագրի հետ (Ծննդ. 3:17, Հոբ 5:7 , Ես. 11:6-8, 24:4-7, Ժող. 1։2–3,  Հռոմ. 8:20 և այլ հատվածներ):
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Ուրախացի՛ր, երկի՛նք, քանզի Աստուած ողորմեց Իսրայէլին, փո՛ղ փչեցէք, երկրի հիմքե՛ր, ուրախութեան կանչե՛ր արձակեցէք, լեռնե՛ր, բլուրնե՛ր եւ նրանց վրայ գտնուող բոլո՛ր ծառեր, որովհետեւ Աստուած փրկեց Յակոբին, եւ Իսրայէլը պիտի փառաւորուի:
(Արարատ թարգ․) Երգի՛ր, ո՛վ երկինք, քանզի Տերն է արել այդ։ Ցնծալով աղաղակե՛ք, ո՛վ երկրի խորքեր, բերկրանքով պոռթկացե՛ք, ո՛վ լեռներ, անտառնե՛ր և դրանց մեջ գտնվող բոլո՛ր ծառեր, որովհետև Տերը փրկել է Հակոբին, և նա փառավորված է Իսրայելում։
(Գրաբար) Ուրախ եղիցին երկինք` զի ողորմեցաւ Աստուած Իսրայէլի: փող հարէք հիմունք երկրի. գոչեցէք լերինք զուրախութիւն, բլուրք եւ ամենայն ծառք որ ի նոսա. զի փրկեաց Աստուած զՅակովբ, եւ Իսրայէլ փառաւորեսցի: