Եսայու մարգարեության մեկնություն 47:2

Ա. Լոպուխին

2-3․ «Ա՛ռ երկանքը և ալյո՛ւր աղա, հանի՛ր գլխաշորդ, վե՛ր բարձրացրու քղանցքդ, մերկացրո՛ւ սրունքներդ, անցի՛ր գետի միջով»։ [2] «Պիտի բացահայտվի քո մերկությունը, և անգամ պիտի երևա քո նախատինքը։ Վրեժ եմ լուծելու և չեմ խնայելու ոչ ոքի»։ (Սինոդական թարգ․)
   
   Արևելյան սովորույթների վառ և պատկերավոր գույներով մարգարեն պատկեում է քաղաքի և ամբողջ ժողովրդի ծայրահեղ նվաստացումը։

   «Ա՛ռ երկանքը և ալյո՛ւր աղա․․․» - այս խիստ դժվարին աշխատանքն Արևելքում վերապահված էր գերիներին և հատկապես գերի կանանց, և այդ աշխատանքը, իհարկե, հատկապես դժվար էր նախկին թագուհու համար ոչ միայն ֆիզիկապես, այլ, էլ առավել, բարոյապե՛ս (Դատ. 16:21, Ելք. 11։5

   «Հանի՛ր գլխաշորդ․․․մերկացրո՛ւ սրունքներդ․․․անգամ պիտի երևա քո նախատինքը․․․» - Արևելքը դեռևս չգիտի կնոջ համար ավելի մեծ նվաստացում, քան ա՛յն է, ինչի մասին որ մարգարեն այստեղ խոսում է: Գլխաշորի հեռացումը և մարմնի մերկացումը՝ հատկապես այն աստիճանի, որ հնարավոր լինի բավականին խորը գետի միջով անցնելու համար, այս ամենը կանանց պատվի դեմ ուղղված այնպիսի վիրավորանքներ են, որ Արևելքում այդպիսի վերաբերմունք չկա նույնիսկ հասարակ կանանց նկատմամբ(Ծննդ. 38:14-15, Եր. 13։26, Նավում 3։5)։ Հերոնիմոս Երանելին մարգարեի կողմից նմանատիպ, զուտ ֆիզիկական մանրամասնությունների շեշտադրման մեջ Բաբելոնին ուղղված մի առանձհատուկ պատիժ է տեսնում, որը պիտի պատուհասեր Բաբելոնին նրա անառակաբարո մեղքի պատճառով:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Երկա՛նք առ, ալի՛ւր աղա, դէ՛ն նետիր քօղդ, քաշի՛ր մազերդ.
(Արարատ թարգ․) Ա՛ռ երկանքը և ալյո՛ւր աղա, բա՛ց գլխաշորդ, վե՛ր բարձրացրու քղանցքդ, մերկացրո՛ւ սրունքներդ և անցի՛ր գետերի միջով։
(Գրաբար) առ երկան, աղա ալեւր. ընկեա զքաւղ քո, քարշեա զալիս քո: բաց զսրունս քո, անց ընդ գետ: