Եսայու մարգարեության մեկնություն 47:1

Ա. Լոպուխին

«Իջի՛ր ու նստի՛ր հողի վրա, ո՜վ Բաբելոնի կույս աղջիկ, նստի՛ր գետնին․ գահ չկա, ո՜վ քաղդեացիների դուստր, և քեզ այլևս քնքուշ ու շքեղ չեն անվանի»։ [1] (Սինոդական թարգ․)
   
   Այստեղ փոխաբերության միջոցով, արևելյան սովորույթներին և բարքերին լիովին համահունչ կերպով, նկարագրվում է ծայրահեղ ամոթի և նվաստացման վիճակը, որին շուտով պետք է ենթարկվի հպարտ Բաբելոնը, անշուշտ, ա՛յն բանից հետո, երբ կգրավվի Կյուրոսի կողմից:

   «Իջի՛ր ու նստի՛ր հողի վրա, ո՜վ Բաբելոնի կույս աղջիկ․․․ո՜վ քաղդեացիների դուստր․․․» - Բաբելոն քաղաքն Աստվածաշնչում հաճախակիորեն անձնավորվում է ա՛յն ազնվական կնոջ կամ թագավորի ա՛յն դստեր կերպարի ներքո, որն իր անպատվության համար նզովքի ամոթանքին էր արժանանում։ «Բաբելոնի անիծված դուստրը», - բացականչում է Սաղմոսերգուն իր հայտնի սաղմոսում (Սաղմ․ 136:8):

   Այնուամենայնիվ հարկ է նշել, որ կնոջ կամ դստեր կերպարն Աստվածաշնչում, առհասարակ, ամենատարածված պատկերներից մեկն է, որը կիրառվում է այս կամ այն ազգությունը կամ նրա կենտրոնը մատնացույց անելու նպատակով, ինչպես օրինակ՝ «Սիոնի դուստրը», «Սիդոնի դուստրը», «Երուսաղեմի դուստրերը», «Մովաբի դուստրը» և այլն, և այլն (Ես. 1:8, 23:12, Բ Թագ․ 19:21, 16:2, Զաք. 9։9 և այլ տեղիներ)։

   Բարձրից իջնելն ու հողի վրա նստելը, համաձայն Սուրբգրային լեզվի, խորհրդանշում է վիշտ կրելն ու ամոթահար լինելը, ինչպես որ դա մեզ հայտնի է Հոբի պատմությունից (Հոբ 2:8) և բազմաթիվ այլ օրինակներից (Բ Օրին. 28:56, Երեմ. 13։18, 48։18 և այլ տեղիներ)։ Այստեղ մարգարեն հատուկ ընդգծում է Բաբելոնի դիրքի կտրուկ փոփոխության հակադրությունը, որ մեկ նստած էր իշխանության ու փառքի բարձունքին, մեկ էլ հանկարծ ընկնում է ամենացածր վայրը՝ ճամփեզրի փոշու մեջ։

   «Եվ քեզ այլևս քնքուշ ու շքեղ չեն անվանի»։ Բաբելոնի շքեղության և երանության մասին միաձայն վկայում են ինչպես աստվածաշնչյան, այդպես էլ հեթանոս գրողները (Ես. 13:22, 14:11, Դան. 5:1, Հերովդ. 1, 195, 199, Կուրտիոս V, 1)՝ իրավացիորեն այդ շքեղության և երանության մեջ տեսնելով ասորա-բաբելոնական տիրապետության ներքին բարոյալքման և քաղաքական արագ «մահվան» գլխավորագույն պատճառներից մեկը։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Իջի՛ր ու նստի՛ր հողին, ո՛վ Բաբելոնի կոյս օրիորդ, նստի՛ր գետնին, որովհետեւ աթոռ չկայ, խաւարի մէ՛ջ մտիր, քաղդէացիների՛ դուստր, դու, որ այլեւս չես շարունակելու կոչուել քնքուշ ու փափկասուն:
(Արարատ թարգ․) «Իջի՛ր ու նստի՛ր հողին, ո՛վ Բաբելոնի կույս աղջիկ, նստի՛ր գետնին առանց գահի, ո՛վ քաղդեացիների աղջիկ, որովհետև քեզ այլևս չեն կոչելու քնքուշ ու փափկասուն։
(Գրաբար) Էջ նիստ յերկրի աւրիորդ դուստր բաբելացւոց: նիստ ի գետնի, զի չիք աթոռ: մուտ ի խաւար դուստր քաղդեացւոց. եւ ոչ եւս յաւելուցուս կոչել գիրգ եւ փափուկ: