Եսայու մարգարեության մեկնություն 48:11

Ա. Լոպուխին

«Հանուն Ինձ, հանուն Ինքս Ինձ եմ դա անում, այլապես ինչպե՜ս է անարգվելու Իմ անունը. Ես Իմ փառքը ուրիշին չեմ տա»։ [11] (Սինոդական թարգ․)
   
   «Հանուն Ինձ, հանուն  Ինքս Ինձ եմ դա անում, այլապես ինչպե՜ս է անարգվելու Իմ անունը» - Մարգարեն հատուկ ընդգծում է 9-րդ համարի գաղափարը՝ այն ավելի ակնհայտ ու պարզ դարձնելով: Այժմ նախատինքի փոխարեն Տիրոջ անունը մի նոր փառք է ձեռք բերում, և Նա փրկում է Իսրայելին ո՛չ թե նրա արժանիքներից որևէ մեկի համար, այլ միայն ու միայն Իր մեծ և հարուստ ողորմության շնորհիվ, ինչպես որ Նա ասել էր նախկինում. «Ե՛ս, Ես Ի՛նքս եմ ջնջում քո հանցանքները հանուն հենց Ինձ, ու քո մեղքերը չեմ հիշում» (Ես. 43:25 հմմտ. 44:22, հմմտ. Եզեկ. 20:14, 36:22 և այլ տեղիներ):
   «Ես Իմ փառքը ուրիշին չեմ տա» - Այս հատվածը համեմատելով իրեն ամենամոտ զուգահեռի հետ՝ «Իմ փառքը ուրիշին չեմ տա, ոչ էլ Իմ գովաբանությունը՝ կուռքերին» (Ես. 42:8), մենք համոզվում ենք, որ «ուրիշ» ասելով այստեղ նկատի է առնվում հեթանոսական ա՛յն ազգի աստվածը, որը (այդ ազգը) կարող է կործանել Իսրայելին և այդպիսով տոնել իր հովանավոր աստվածության հաղթանակն Իսրայելի Աստծո նկատմամբ:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Իմ անուան համար արեցի այդ, որպէսզի իմ անունը չհայհոյուի. ես իմ փառքը ուրիշին չեմ տայ»:
(Արարատ թարգ․) Հանուն ինձ, հանուն ինձ պիտի գործեմ, որովհետև ինչպե՜ս է անարգվելու իմ անունը. ես իմ փառքը ուրիշին չեմ տա։
(Գրաբար) վասն իմ արարի քեզ զայդ, զի մի անուն իմ հայհոյեսցի. եւ զփառս իմ այլում ոչ տաց: