Ա. Լոպուխին
«Հանուն Իմ անվան Ես մի կողմ դրեցի Իմ բարկությունը, և հանուն Իմ փառքի Ինձ հետ պահեցի քեզ ոչնչացնելուց»։ [9] (Սինոդական թարգ․)
9-11-րդ համարներում բացատրաբար ներկայացվում են իսրայելական ժողովրդի հանդեպ նմանատիպ, առաջին հայացքից բավականին անհասկանալի աստվածային բարեհաճության դրսևորման պատճառները: Ըստ երևույթին, «խստապարանոց» և «անհնազանդ» Իսրայելը որևէ ձևով չէր արժանացել իր նկատմամբ նմանատիպ հոգատար վերաբերմունքի, այլ համաձայն ամենայն արդարության և ճշմարտության՝ ենթակա էր լիակատար մերժման և ոչնչացման։ Սակայն ինչպես որ նախկինում էր Աստված մշտապես փրկում Իր ժողովրդին, այդպես էլ նաև այժմ առժամանակ խնայում է նրանց:
«Հանուն Իմ անվան Ես մի կողմ դրեցի Իմ բարկությունը, և հանուն Իմ փառքի Ինձ հետ պահեցի քեզ ոչնչացնելուց» - Սա պատմական տեղեկատվություն է Բարձրյալի՝ Իսրայելի նկատմամբ նախկինում ցուցաբերած վերաբերմունքի և ա՛յն մասին, որ Իսրայելը չարաշահեց Տիրոջ համբերատարությունը։ Իսկապես որ անհավատարիմ Իսրայելը քանի՜-քանի՜ անգամ դավաճանեց Տիրոջը, և դրա հետևանքով որքա՜ն անգամ էր նա կանգնած իր հոգևոր-քաղաքական լիակատար ոչնչացման շեմին (Ելք 32:10, Թվեր 11:1): Սակայն Տերն ամեն անգամ խնայում էր Իր անարժան ընտրյալին՝ ապաշխարության ու ուղղվելու հնարավորություն տալով նրան։ Տերը դա անում էր ոչ այնքան հանուն Իսրայելի, որի անհավատարմության մասին, անխոս, չէր էլ կարող կասկած ունենալ, այլ հանուն Ինքն Իրեն, հանուն Իր իսկ փառքի։ Այստեղ մարգարեն խոսում է այն ժամանակ գոյություն ունեցող տեսակետների և ընկալումների մասին, որոնց համաձայն՝ յուրաքանչյուր ազգ ունի իր հովանավոր Աստվածը, Որն ընտրում է Իր սիրելի ժողովրդին և ամեն կերպ հոգ է տանում նրա մասին։ Իսրայելի ժողովրդի համար այդպիսի հովանավոր-Աստված էր Տերը, Որն Իր համար ընտրեց (նույնիսկ կարելի է ասել՝ «ստեղծեց») այս ժողովրդին և սկսեց հոգ տանել նրա մասին: Եվ ահավասիկ, եթե Բարձրյալը երբևէ թողնի Իր ժողովրդին և թույլ տա, որ նա կործանվի, ապա այդպիսով հեթանոսական ողջ աշխարհի աչքում Աստված Ինքն Իրեն մեծապես կնվաստացնի, քանի որ Նա հեթանոսներին կապացուցի, որ կա՛մ Ինքը սխալվել է Իր ժողովրդին ընտրելու հարցում, կա՛մ էլ Ինքն անզոր է փրկելու և պաշտպանելու Իր ժողովրդին: Եվ այսպես, հեթանոսական աշխարհին նմանատիպ գայթակղություն չընձեռելու, Աստծո անունը նախատինքի չենթարկելու և Իր փառքը չխամրեցնելու համար Տերը, չնայած Իսրայելի լիակատար անարժանությանը, շարունակում է նրան տրամադրել Իր հովանավորությունը (Ելք 32։12, Թվեր 14։13, Բ Օրին. 9։28, Սաղ. 78։10, 105։8 և այլ տեղիներ)։
Իմիջիայլոց, չպետք է աչքաթող անել Իսրայելի՝ մյուս ժողովուրդների հետ համեմատության մեջ ստացած գնահատականը. եթե առանց մյուս բոլոր հանգամանքները հաշվի առնելու դատողություն անելով պիտի տեսնենք, որ Իսրայելը հաճախ անարժան է եղել Աստվածային ընտրությանը և այդպիսով, կարելի է ասել, ապացուցել է իրեն Ընտրողի՝ սխալված լինելու տեսակետը, ապա Իսրայելին հին հեթանոսական աշխարհի մյուս ժողովուրդների հետ համեմատության մեջ դիտարկելով էլ պիտի տեսնենք, որ իսրայելական ժողովուրդը, ամեն դեպքում, շատ ավելի մեծ նախապատվության է արժանի: Հեթանոսական աշխարհը լիովին չար էր, սակայն Իսրայելն այդ բոլոր չարիքներից փոքրագույնն էր։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Իմ անուան համար ես քեզ պէտք է ցոյց տամ իմ բարկութիւնը եւ իմ փառքը, որ բերել եմ քեզ վրայ, բայց քեզ չեմ ոչնչացնելու:
(Արարատ թարգ․) Հանուն իմ անվան հետաձգում եմ իմ բարկությունը և հանուն իմ գովաբանության ինձ հետ կպահեմ քեզ ոչնչացնելուց։
(Գրաբար) Վասն անուան իմոյ ցուցի քեզ զբարկութիւն իմ, եւ զփառաւորութիւնս իմ, զոր ածի ի վերայ քո զի մի սատակեցից զքեզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: