Ա. Լոպուխին
«Քո զավակները կշտապեն քեզ մոտ, իսկ քեզ կործանողներն ու ավերողները կհեռանան քեզնից»։ [17] (Սինոդական թարգ․)
Այս խոսքերով մարգարեն հռչակում է այն մշտական, ներքին խաղաղությունը, որը պիտի հաստատվի հավատարիմ Սիոնի համար՝ ճշմարիտ զավակների վերադարձի և բոլոր վնասակար անդամների հեռացման միջոցով: «Քո զավակները կշտապեն քեզ մոտ» խոսքերի փոխարեն Յոթանասնից թարգմանությունը, Թարգումը, Վուլգաթան [համաձայն սլավոնական թարգմանության՝ «...շուտով կպարգևատրվեն»] և այլ թարգմանությունները կիրառում են «քեզ կառուցողները» արտահայտությունը: Այդ տարընթերցումը տեղի է ունեցել երկու, հնչյունային առումով նման եբրայեցերեն բառերի շփոթության պատճառով՝ «banajh» («ձեր որդիները»), և «bonajh» («քեզ կառուցողները»), ինչին համապատասխան որոշակի փոփոխություններ են կատարվել նաև հաջորդող խոսքերում։ Ռուս ուղղափառ մեկնաբանները նախընտրությունը տալիս են եբրայա-մասսորեթական տեքստին: Մեսիական մարգարեության իմաստով՝ հոգևոր Սիոնի ճշմարիտ զավակները «լույսի որդիներ»-ն են, որոնց վրա կառուցված է կենդանի Աստծո տաճարը (Հովհ. 12:36, 1 Կորնթ. 3:16-17, 6:19, Բ Կորնթ. 6:16): Իսկ ահա «կործանողներ» և «ավերողներ» արտահայտությունների ներքո պետք է հասկանալ քրիստոնեական պատանի Եկեղեցու այն կեղծ ուսուցիչներին ու հերետիկոսներին, որոնց դեմ բողոքում էր դեռևս սուրբ առաքյալ Հովհաննես Աստվածաբանը՝ ասելով. «Մե՛ր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին» (Ա Հովհ. 2:19): Իսկ Պողոս առաքյալն էլ նրանց մասին ասում էր. «Երանի՜ թե արմատախիլ լինեին նրանք, որ ձեր միտքը խռովում են» (Գաղ. 5։12)։
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Դու արագօրէն պիտի վերաշինուես նրանց ձեռքով, որոնք քանդեցին քեզ: Քեզ աւերողները քո միջից պիտի վտարուեն:
(Արարատ թարգ․) Քո զավակները շտապում են, քեզ քանդողներն ու ավերողները դուրս կելնեն քո միջից։
(Գրաբար) եւ արագ շինեսջիր յայնցանէ որ քակեցին զքեզ, եւ որ աւերեցինն զքեզ` ի քէն ի բաց մերժեսցին:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: