Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Այսպէս է ասում Բարձրեալը, որ յաւիտենապէս բնակւում է բարձունքներում, սուրբը սրբերի մէջ. նրա անունը Բարձրեալ է, եւ նա սրբերի մէջ է մնում, համբերութիւն է տալիս տարակուսանքի մէջ ընկածներին եւ կեանք՝ նրանց, որոնք սրտամաշ են եղել:
Այսպես է ասում Բարձրյալը, որ բարձունքներում է բնակվում հավիտյան։
Այս խոսքերով ցույց է տրվում նախ Աստծո ամենազորությունը, երկրորդ՝ մշտնջենավորությունը: Դարձյալ, այս խոսքն [այն պատճառով] է ասվում, քանի որ հեթանոսները կարծում էին, թե աստվածները բնակվում են անտառախիտ ծառերի տակ կամ խոր ձորերում. նրանց դե՛մ է ասում, թե՝ «Բարձրյալը, որ բնակվում է բարձունքներում...»: Իսկ հրեաներն էլ կարծում էին, թե Աստված միայն տաճարի մեջ է բնակվում, ուստի մարգարեն ասում է նաև. «Սրբերի մեջ է մնում», այսինքն՝ նոր Եկեղեցում: Իսկ այն խոսքը, որն ասում է՝ «բնակվում է բարձունքներում», ոչ թե ցույց է տալիս, որ պարփակված է որևէ վայրում, այլ մեր տկար մտքին տեղի տալո՛վ է այդպես ասում: Այդ բարձունքը խորհրդանշում է Աստծուն պատշաճ օթևանը:
Համբերություն է տալիս տարակուսանքի մեջ ընկածներին, այսինքն՝ կարճամիտներին, որովհետև վշտերի ժամանակ մխիթարում է նրանց և համբերություն է տալիս նեղության օրերին: Ու դարձյալ, Տերն ազատում է նեղություններից, որովհետև մտափոխվում է, թեպետ ունակ է ամեն բան անելու:
Ա. Լոպուխին
«Որովհետև այսպես է ասում Բարձրյալը և Բարձրացվածը, հավիտենապես Ապրողը, Որի անունը Սուրբ է․ «Ես բնակվում եմ երկնքի բարձունքներում և սրբարանում, ինչպես նաև հոգով կոտրվածների և խոնարհների հետ, որպեսզի կենդանացնեմ խոնարհների հոգին և կենդանացնեմ կոտրվածների սրտերը»»։ [15] (Սինոդական թարգ․)
15-րդ համարում ուշադրության է արժանի այն մակդիրների մի ամբողջ շարքը, որոնք վերագրվում են Բարձրյալին և կրոնա-բարոյական միաստվածության բարձրագույն հատկանիշներ են կրում․ «Բարձրյալը և Բարձրացվածը, հավիտենապես Ապրողը, Որի անունը Սուրբ է»։
Կարծես թե ի հակադրություն իր այս բացարձակ սրբության և վերերկրային վսեմության՝ Տերը հատկապես սիրում է խոնարհ և սրտով կոտրված մեղավորներին, որի մասին Աստվածաշունչը խոսում է, առհասարակ, ինչպես Հին, այնպես էլ Նոր Կտակարաններում (Սաղմ․ 34։19, Ես․ 66։2, Մատթ․ 11։29-30, Ղուկ․ 4։18, Հակ․ 4։16)։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Բարձրեալը, որ յաւիտենապէս բնակւում է բարձունքներում, սուրբը սրբերի մէջ. նրա անունը Բարձրեալ է, եւ նա սրբերի մէջ է մնում, համբերութիւն է տալիս տարակուսանքի մէջ ընկածներին եւ կեանք՝ նրանց, որոնք սրտամաշ են եղել:
(Արարատ թարգ․) Եվ արդ, այսպես է ասում Բարձրը, Բարձրյալը, հավիտենության մեջ բնակվողը, որի անունը Սուրբ է. «Ես բնակվում եմ բարձունքում և սուրբ տեղում, բայց բեկված և խոնարհ հոգի ունեցող մարդու հետ եմ լինում, որպեսզի վերակենդանացնեմ խոնարհների հոգին, վերակենդանացնեմ բեկվածների սիրտը։
(Գրաբար) Այսպէս ասէ բարձրեալն` որ ի բարձունս բնակեալ է յաւիտեան, սուրբն ի մէջ սրբոց. որոյ անունն բարձրեալ է` եւ ի սուրբս հանգուցեալ. որ տայ երկայնմտութիւն տարակուսելոց, եւ կեանս այնոցիկ` որ մաշեալ են սրտիւք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: