Ա. Լոպուխին
«Սակայն ձեր անօրենությունները ձեր և ձեր Աստծո միջև բաժանում առաջացրին, և ձեր մեղքերը Նրա երեսը շրջում են ձեզանից, որպեսզի չլսի»։ [2] (Սինոդական թարգ․)
«Սակայն ձեր անօրենությունները ձեր և ձեր Աստծո միջև բաժանում առաջացրին, և ձեր մեղքերը Նրա երեսը շրջում են ձեզանից, որպեսզի չլսի։ Որովհետև ձեր ձեռքերն արյամբ են պղծված, և ձեր մատերը՝ անօրենությամբ, ձեր շուրթերը սուտ են խոսում, ձեր լեզուն անիրավություն է արտաբերում: Ոչ ոք արդարության համար ձայնը չի բարձրացնում, և ոչ ոք ճշմարտության համար ոտքի չի ելնում, հույս են դնում դատարկ բաների վրա և սուտ են խոսում, չարիքով են հղացած և չարագործություն են ծնում։ Օձի ձվերի վրա են թուխս նստում և սարդոստայն են հյուսում, ով ուտի նրանց ձվերը՝ կմահանա, իսկ եթե կոտրի՝ իժը դուրս կսողա։ Նրանց սարդոստայնները հագուստի համար անպիտան են, և նրանք չեն ծածկվում իրենց ստեղծածով, նրանց գործերը անարդար գործեր են, և նրանց ձեռքերում բռնություն կա։ Նրանց ոտքերը վազում են դեպի չարիքը, և նրանք շտապում են անմեղ արյուն հեղել, նրանց խորհուրդներն անօրենության խորհուրդներ են, նրանց ճանապարհներին ամայություն և մահ կա։ Նրանք չգիտեն խաղաղության ճանապարհները, և նրանց ուղիներում դատաստան չկա, նրանց ճանապարհները խոտորված են, և դրանցով ընթացողներից ոչ ոք չի ճանաչում խաղաղությունը» - 2-8-րդ համարներում ներառյալ ներկայացվում է Իսրայելի կրոնա-բարոյական այլասերության ընդհանուր, դիպուկ բնութագիրը, որը պատճառ է դարձել, որպեսզի Իսրայելը հեռանա Աստծուց։ Այդ բնութագրման մեջ կարելի է տեսնել ինչպես մարգարեի ժամանակակից իսրայելական հասարակության խիստ դատապարտումը, այնպես էլ մարգարեական կանխատեսումը ապագայում՝ Մեսիայի գալստյան և քրիստոնեության հաստատման ժամանակաշրջանում Իսրայելի նույնպիսի կամ նույնիսկ սրանից էլ ավելի վատ կացության մասին:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) ո՛չ, ձեր մեղքերն են պատնէշ դարձել ձեր եւ Աստծու միջեւ, ձեր անօրէնութիւնների պատճառով է նա իր երեսը շրջել ձեզնից, որ չգթայ:
(Արարատ թարգ․) այլ ձեր անօրենություններն են, որ բաժանում են առաջացնում ձեր և ձեր Աստծու միջև. ձեր մեղքերը ծածկեցին նրա երեսը ձեզնից, որ ձեզ չլսի,
(Գրաբար) այլ մեղք ձեր որոշեն ի մէջ ձեր` եւ ի մէջ Աստուծոյ: եւ վասն անաւրէնութեանց ձերոց դարձոյց զերեսս իւր ի ձէնջ` զի մի ողորմեսցի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: