Եսայու մարգարեության մեկնություն 7։3

Ա. Լոպուխին

Եվ Տերը Եսայուն ասաց. «Վե՛ր կաց դու և քո որդին՝ Շեառ-Հասուբը, և գնա՛ դիմավորելու Աքազին կտավ սպիտակեցնողների ագարակի ճանապարհի վրա՝ վերին ավազանի դիմաց. (Սինոդական թարգ․) [3]
   
   Աքազը Երուսաղեմի պաշարման սպասումների ընթացքում ուսումնասիրում էր ջրամբարները, որոնք ջուր էին մատակարարում ամբողջ քաղաքին: Այս ջրանցքը սկսվում էր վերին ջրամբարից (դա Սիլովամի ջրամբար էր, որը գտնվում էր վերին հատվածում), որն ամենից մեծն էր և որտեղից որ ջուրը ստորգետնյա ճանապարհով անցկացվում էր քաղաքի տակով և հոսում ու հասնում էր մյուս ջրամբարին, որն էլ ավելի ուշ կոչվեց Եզեկիայի ջրամբար:

   Եսային պետք է գնար Աքազի մոտ իր որդու հետ, որի անունը՝ Շեառ-Հասուբ, խորհրդանշական իմաստ ուներ (մնացորդացը փրկվում է): Այն նշանակում էր Աստծո դատաստանը, որը սպասվում էր Հուդայի թագավորությանը և որից կարող էր փրկվել միայն մի փոքրիկ մասը 1: Ի դեպ, հենց Եսայու անվանումն ինքնին («Տերը փրկում է») ցույց էր տալիս հավանական ողորմությունը, և այդպիսով արքային հնարավորություն էր տրվում ընտրելու, թե նա ի՞նչ էր ցանկանում՝ դատաստա՞նը, թե՞ Աստծո ողորմածությունը: Աքազին դատաստանը սպառնում էր այն բանի համար, որ նա, հակառակ Աստծո կամքի (Սաղմ. 145:3), իր հույսը դրել էր ոչ թե Տիրոջ՝ Իսրայելի ճշմարիտ Թագավորի վրա, այլ ասորեստանյան տիրակալի՝ Թիգլաթպալասարի, որի մոտ արդեն իսկ պատվիրակություն էր ուղարկել Ասորիքի ու Իսրայելի թագավորների դեմ պայքարելու համար օգնության խնդրանքով (Դ Թագ. 16:7-8):
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց Եսայուն. «Դու քո փրկուած որդու՝ Յասուբի հետ Կտաւ սպիտակեցնողի ագարակի ճանապարհի վրայ, վերեւի ջրաւազանի դիմաց, ընդառա՛ջ ել Աքազին
(Արարատ թարգ․) Տերն ասաց Եսայուն. «Գնա՛ քո որդու՝ Շեար-Յաշուբի հետ՝ Աքազին դիմավորելու վերևի ավազանի ջրանցքի ծայրին՝ թափիչի այգու ճանապարհի վրա,
(Գրաբար) Եւ ասէ Տէր ցԵսայի. ել ընդ առաջ Աքազու` դու եւ մնացեալ որդին քո Յասուբ, հանդէպ աւազանին վերին ճանապարհի ագարակին թափչի: