Ամբակումի մարգարեության մեկնություն 2։6

Ա․ Լոպուխին

6-8․ Մի՞թե այս բոլորը նրա դեմ առակ և ծաղրական երգ չեն հորինի. «Վա՜յ նրան, ով չափից դուրս հարստացնում է իրենն նրանով ինչը իրեն չի պատկանում, և արդյո՞ք երկար ժամանակ է իրեն պարտքերով ծանրաբեռնելու»: [6] Արդյո՞ք հանկարծ ոտքի չեն ելնի նրանք, ովքեր պիտի տանջեն քեզ, և արդյո՞ք գողերը քո դեմ դուրս չեն գա, և դու բաժին չե՞ս ընկնի նրանց որպես ավար: Այնպես, ինչպես դու թալանեցիր շատ ազգերի, ուստի քեզ էլ կթալանեն մնացած ազգերը՝ մարդու արյուն հեղելու, և երկիր, քաղաքների ու նրանցում ապրողների կործանման համար: (Սինոդական թարգ․)
   

   Առաջին «վայը»․ 5−րդ համարի նմանողությամբ մեկ անձի պատկերով անձնավորված թշնամի ժողովուրդը մեղադրվում է իր անսահման ընչաքաղցության համար, որի պատճառով էլ նա անգթորեն թալանել է բազմաթիվ ազգերի և քաղաքներ։ Նա «պարտքերով» կամ էլ «գերիներով» (եբրայերեն՝ «ավտիտ՝ автит», տե՛ս համար 6) անսահման ծանրաբեռնել է ինքն իրեն: Վերջին անհասկանալի արտահայտությունը րաբբիներն ու ասորերեն թարգմանությունը ըմբռնել են որպես «ավ»՝ ամպ, խտություն և «տիտ»՝ կեղտ բառերից կազմված հասկացություն, այսինքն՝ «ցեխի կույտ»: Նման ընկալման մասին տեղեկանում ենք հրեա ուսուցիչներից և Հերոնիմոսից: «Ուշադրությո՛ւն դարձրեք,− ասում է Երանելին,− այն բանին, թե ինչպես է նա նրբանկատորեն կուտակված հարստությունը ցեխի կույտ անվանում» (Ամբակումի մարգարեության մեկնության երկու գրքեր… Կիև, 1898, էջ 162): Պատիժը ամբողջությամբ կհամապատասխանի Բաբելոնի ոճրագործությանը․ նրա կողմից թալանված ազգերը վրեժխնդրությամբ ու տոկոսներով նրանից իրենց ապրանքները կպահանջեն (տե՛ս համար 7), իսկ նա նրանց համար ամբողջությամբ թալանի բաժին կդառնա (7, 8 համարներ, Ես. 33:1):
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Արդարեւ, սրանք, այս բոլորը նրա մասին պատմութիւններ չե՞ն յօրինի. նրան կը մտցնեն երգերի մէջ եւ կ՚ասեն. «Վա՜յ նրան, ով իւրացնում է այն, ինչ իրենը չէ. մինչեւ ե՞րբ նա այդքան շատ պիտի ծանրացնի իր տանջօղակները,
(Արարատ թարգ․) Մի՞թե սրանք բոլորը նրա դեմ առակ չեն պատմելու և ծաղրական հանելուկներ նրա դեմ չե՞ն ասելու. «Վա՜յ իրենը չեղածը շատացնողին. մինչև ե՞րբ. և իր վրա ծանր գրավներ բեռնողին»։
(Գրաբար) Ոչ ապաքէն զայս ամենայն առակ՝ զնմանէ առակեսցեն. եւ զնա արկցեն յերգ եւ ասասցեն. Վայ որ յաճախէ անձին իւրում՝ որ ոչ իւր իցէ. եւ մինչեւ ցե՞րբ ծանրացուցանէ զանուր իւր ծանրութեամբ։