Ամբակումի մարգարեության մեկնություն 1։5

Ա․ Լոպուխին

5-11․ Նայե՛ք ազգերի մեջ, ուշադիր հայե՛ք, և դուք խիստ կապշեք, որովհետև Ես ձեր օրերում այնպիսի գործ պիտի անեմ, որին դուք դժվար թե հավատայիք, եթե ձեզ պատմեին: [5] Որովհետև ահա, Ես կբարձրացնեմ քաղդեացիներին՝ դաժան և անսանձ ազգին, որն ընթանում է երկրի լայնությամբ, որպեսզի տիրանա իրեն չպատկանող բնակավայրերին: Նա սարսափելի և սոսկալի է. Նրա դատն ու իշխանությունը իրենից կլինեն: Նրա ձիերը ավելի արագընթաց են քան ընձառյուծները և ավելի կատաղի քան երեկոյան գայլերը, նրա հեծելազորը տարբեր կողմեր կսլանա, նրա ձիավորները հեռվից կգան, կթռչեն արծվի պես, որը նետվում է որսի վրա: Նա ամբողջությամբ գնում է կողոպուտի համար. Իր դեմքը առաջ ուղղելով, նա գերիներին վերցնում է ինչպես ավազը: Եվ նա թագավորների վրա կծիծաղի և իշխանները ծիծաղի առարկա լինելով կծառայեն նրան, յուրաքանչյուր ամրոցի վրա կծիծաղի, հողաթումբ կդիզի և կվերցնի այն: Այնուհետև կամբարտավանանա նրա ոգին, և նա կքայլի և կմոլեգնի, «քանզի» նրա ուժն իր Աստվածն է: (Սինոդական թարգ․)
   
   Մարգարեի ողբալի տարակուսանքներին այստեղ, առանց որևէ կանխամտածված ակնկալիքի, տրվող Աստվածային պատասխանը նպատակ ունի մարգարեին և  նրա բոլոր ժամանակակիցներին համոզելու այն բանում, որ մարդկային հարաբերությունների ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ նախախնամության անտեսումը (համար 2−4) միայն ակնհայտ է դարձնում, որ Աստծո դատաստանը շուտով պատրաստ է բացվելու Աստծո ընտրյալ ժողովրդի անարժան սերնդի վրա: Մարգարեին ուղղված Իր պատասխանում Աստված, առաջին հերթին, (համար 5) հրեաներից պահանջում է ուշադրություն դարձնել Իր հայտնությանը և դրանով էլ  ցույց է տալիս հայտնության ծայրահեղ կարևորությունը, քանզի նրանց գլուխների վրա արդեն այնպիսի սարսափելի իրադարձություններ են կախվել, որոնց նմանը մինչև հիմա նրանք չեն տեսել իրենց կյանքում և պատմության մեջ, և որոնք կարող են ապշեցնել ու սարսափեցնել նրանց, ում վրա կպոռթկան (այստեղ ենթադրվող, թշնամիների ներխուժման տեսքով, գալիք աղետի անսպասելիությունը, ակնհայտորեն ցույց է տալիս, որ ավելի վաղ՝ 2−4 համարներում, խոսքը քաղդեացիների մասին չի եղել):  Ընդունված հրեական տեքստի 5−րդ համարի երկրորդ՝  «բագգօիմ՝ баггоим՝  ազգերի մեջ» բառը, Վուլգաթան (in gentibus), Յոթանասնիցը (ինչպես նաև Պեշիթոն) այլ կերպ են ընթերցել․ Ըստ երևույթին, ընթերցել են որպես «բագգօիմ՝ баггоим՝ ուխտադրույժներ, չարագործներ» (ինչպես ստորև 13 համարում, Սոփոնիա. 3:4, Երեմ. 12:1) և թարգմանել են որպես «katafronhta…» (սլավոներեն՝ «արհամարհանք»): Երանելի Թեոդորիտը, ընդունելով Յոթանասնիցի այս ընթերցումը, դրա բացատրության մեջ ասում է «արհամարհողներ» Աստված անվանում է առանց երկյուղի  օրենքը խախտողներին և չարության հանդեպ անտարբերներին» (Ամբակում մարգարեի գրքի մեկնություն,  Ս. Պոսադ, 1907 թ., էջ 23), իսկ Երանելի Հերոնիմոսը, անձամբ եբրայերեն տեքստի ներկա ընթերցմանը հակված լինելու և իր թարգմանության մեջ  քննարկվող բառը «in gentibus» արտահայտությամբ  փոխանցած լինելու հետ միասին, իր մեկնության մեջ հիշում է երկու անանուն ձեռագրեր, որոնցից մեկում 5−րդ համարի սկիզբը ընթերցվում է «տեսե՛ք, թալանողնե՛ր», իսկ մյուսում՝ «տեսե՛ք, հավատուրացնե՛ր» տարբերակով։ Այսպիսի ընթերցման դեպքում Հերոնիմասը նկատում է․ «Այս խոսքերում մերկացվում է Աստծու հանդեպ ժողովրդի (այն ժողովրդի, որի անունից մարգարեն բացականչում է) անխոհեմ և հանդուգն վերաբերմունքը, Աստծո մեծության դեմ նրանց համարձակ ապստամբությունը, նրանց անխոհեմ ելույթները, Աստվածային նախախնամության հանդեպ նրանց հանդիմանությունը և Տիրոջը անարդարության մեջ մեղադրելու հետ միասին նրանց Աստծուց հեռանալը» (տե՛ս Ամբակումի մարգարեության մեկնության  երկու գրքեր ... Կիև, 1898,  էջ 136, 137): Այսպիսով՝  Յոթանասնիցի 5−րդ համարի սկիզբը ավելի արտահայտիչ է, քան ընդունված հրեական տեքստինը, որի իմաստը, ինչպես բացատրում է նույն երանելի Հերոնիմոսը, հետևյալն է. «Որպեսզի մարգարեն զննի ու ազգերի մեջ տեսնի  այն սխալը, որը իր կարծիքով կա միայն Իսրայելում, և որ քաղդեացիներին տվել են ոչ միայն Հուդան և Իսրայելը, այլ նաև բոլոր շրջակա ազգերը» (նույն տեղում, էջ 137): Այնուհետև ուղղակի «կերպով» (եբր. «պօալ՝ поаль» 5−րդ համար)» մատնանշվում են հաջորդ կետերը.
   1․ Նրա հիմնական սկզբնակետը Աստծո կամքն է, որը հայտնում է ամբարիշտների ճակատագրի վերաբերյալ իր վճռի մասին,

   2․ Նրա տեսանելի զենքը տվյալ պատմական պահին Աստծո դատաստանը կատարող կամ իրականացնող ազգը՝ քաղդեացիներն են, որոնք որքան ծանր ու դաժան են, այնքան էլ արագ և հզոր են իրենց դաժանությունների կատարման մեջ (6−10−րդ համարները),

   3․ Եվ վերջապես, կատարողների համար դրա հետևանքները, որոնք համակողմանիորեն նկարագրում են սարսափազդու աղետի հզոր ուժը:

   Առաջին Աստվածային պատասխանի հիմնական գաղափարը արտահայտվում է 6−րդ համարի սկզբում եղած դիրքորոշմամբ, որ թշնամիների ապագա ներխուժումը Հուդա ոչ թե պատահական երևույթ է, այլ կատարվում է Աստծո ամենազոր կամքի համաձայն: Հենց Աստված է քաղդեացիներին Հուդայի դեմ շարժում, և նա էլ նրանց անպարտելի ուժով կզինի, բայց նրանք իրենց միայն Նրա գործիքը պետք է համարեն, և դրա մոռացումը նրանց համար աղետալի կլինի:

   «Քաղդեացիներ» անունով (եբրայերենում՝ «կասդիմ՝ касдим», Յոթանասնիցում՝ «χαλδαιοι») մարգարեների մոտ, սկսած Ամբակում (1:6−11) և Երեմիա (21: 4, 24: 5 և այլն) մարգարեներից, մատնանշվում է այն ազգությունը, որը սեպագիր արձանագրություններում հայտնի է «Kaldu» անունով: Սկզբում այս ցեղը ապրել է աստվածաշնչյան Սեննարա հովտից կամ Միջագետքից հարավ՝ Պարսից ծոցի ափերին: Բայց VII դարում այն չափազանց զորացավ և իր նվաճողական ձգտումները ուղղեց դեպի հյուսիս, և մ․թ․ա․ 625 թվականին քաղդեացիների առաջնորդ Նաբուպալասարը արդեն անկում ապրող Ասորեստանի ավերակների վրա, հիմք դրեց Քաղդեյա−Բաբելոնյան կամ Նոր−Քաղդեական թագավորությանը: Աստվածաշնչի վկայության համաձայն՝ այս քաղդեացիները եղել են սեմական ցեղեր (Ծննդ. 22.22), և հետևաբար նրանք չեն կարող նույնացվել Քուրդիստանի և Հայաստանի քաղդեացիների հետ, որոնք արիացիներ էին: Ինչպես Աստվածաշնչի (Ծննդ. 11։28, 22։22), այնպես էլ սեպագիր արձանագրությունների համաձայն՝ քաղդեացիների անունը հայտնի է եղել մի քանի հարյուր տարի առաջ, նախքան նրանց որպես համաշխարհային նվաճողներ հանդես գալը, բայց որպես այդպիսին նրանք առաջին անգամ հանդես են գալիս Ամբակումի մարգարեության մեջ [Դանիել մարգարեի գրքում (2: 2, 5, 10, 4:4, 5:7, 11) «քաղդեացի» անունով է կոչվում  քաղդեական աստղագուշակ−իմաստունների դասը, քանզի Քալդիան (քաղդեացիների երկիրը) համարվում է աստղագիտության հայրենիքը: Այսպիսի իմաստով տերմինը հայտնի է եղել նաև դասականների շրջանում], և, հետևաբար, նա ամենից առաջ դիտմամբ զգուշացնում է իր ունկնդիրներին և ընթերցողներին նրանց ներխուժման սարսափելի իրադարձության մասին (համար 5), և ապա բավականին մանրամասնորեն նկարագրում է այդ սարսափելի նվաճողների հատկությունները (համար 6−11): Այս հատկությունները որոշ չափով համապատասխանում են հրեաների հանցավոր հատկություններին, և սրանում անհնարին է չտեսնել Աստծո նախախնամությամբ կատարվող պատժիչ գործողությունը: «Ձեզ վրա (ըստ էության, ճիշտ «εις υμας՝  ձեզ վրա» հավելումը (տե՛ս Բ Թագ. 12:11, Ամբ. 6:14) առկա է  Յոթանասնիցի ձեռագրերում 26, 106, 239՝  Գոլմեսի մոտ), որ ապրում եք  ամբարշտության և անօրինության մեջ, հանուն որի վշտանում են նախախնամության օրենքները չիմացողները, կբերեմ դաժան ու անզուսպ քաղդեացիների, ովքեր կարեկցանքի նկատմամբ ագահությունից զենք են վերցնում բոլոր ժողովուրդների դեմ» (Թեոդորիտ «Ամբակումի մարգարեության մեկնություն»  Ս. Պօսադ, 1907. էջ. 24): Քաղդեացիների ռազմատենչությունը բնութագրելու համար  քննարկվող հատվածը պետք է համարվի այնքան  դասական,  որքան ասորիների դասական բնութագիրը տվող  Եսայի 5:26 համարը: «Դաժան ազգ»−ը (եբրայերեն՝ «խագօյ համմար՝ хагой՝ хаммар») 1) օշինդրի պես դառն է նրանց համար, ովքեր ճաշակում են նրա հետ հաղորդակցությունը 2) մարդկայնությունից ու գթասրտությունից զուրկ մի ահեղ ազգ է (տե՛ս Երեմ. 1:42, Բ Օրինաց. 28:50),  3) «Անզուսպ» (հաննիմհար՝  ханнимхар) և արագաշարժ ազգ է (Յոթանասնիցում «ταχινὸν»,  Վուլգաթայում՝ «velocem»),  «որը ընթանում է երկրի լայնությամբ, որպեսզի տիրանա իրեն չպատկանող բնակավայրերին» (Ամբ. 2:6),  4) ոչ թե նստակյաց կյանքին և մշակույթին, այլ ընդհակառակը՝ թալանին և գիշատչության սովոր ազգ է. «պատերազմասեր և անզուսպ ազգ,  որոնց ամրության և ռազմական քաջության վկաներ են գրեթե բոլոր հույները, որոնք էլ գրել են բարբարոսների պատմությունը»: Եվ նրա զբաղմունքը ոչ թե գութանով հող մշակելն է, այլ սրով ու կողոպուտով ապրելը, և իրեն չպատկանող քաղաքները զավթելը» (Հերոնոմոս, Ամբակումի մարգարեության մեկնության երկու գրքեր … Կիև,  1898 թ. էջ 138): Իրապես, քաղդեացիների նկարագրության մեջ, օրինակ, Քսենոփոնի մոտ («Կյուրոպեդիա» 3, 2), գրեթե նույն կերպ վերարտադրվում են մարգարեության մեջ նկարագրված քաղդեացիների առանձնահատուկ գծերը: Բնական է, որ նման ժողովուրդը «սարսափելի և ահեղ» է բոլոր հարևան ազգերի համար։

   «Դաժանությամբ,  բարկության մեջ անսանձությամբ, սրտի գոռոզությամբ, պատիժների անողոքությամբ (սուրբ  Կյուրեղ Ալեքսանդրացի)։

   Հիմնականում այն ​​պատճառով, որ իր վրա ոչ մի այլ օրենք չի ճանաչում և կարծում է, որ այլ ազգերի նկատմամբ իր գերազանցության համար միայն ինքն իրեն  և ոչ թե ուրիշ մեկին  է պարտական:  Իրենից է (և ոչ թե Աստծուց, տե՛ս Սաղմ. 16:2) իր դատը («Միշպատ՝ мишпат»՝ օրենք, գործողության համար նախատեսված կանոն) և իր իշխանությունը («Սէետ՝ сэет», մեծություն, Յոթանասնիցում՝ «λη̃μμα», սլավոներենում՝ «վերցվածը», Վուլգաթայում՝ «onus») (համար 7)․ «Օրենք է համարում այն, ինչ գալիս է իր մտքին» (Թեոդորիտ, Ամբակումի մարգարեության մեկնություն, Ս. Պոսադ, 1907 թ., էջ 24): Իրենց հին նախնիների նմանությամբ, որոնք երազում էին Բաբելոնի աշտարակի կառուցմամբ իրենց համար անուն ստեղծել (տե՛ս Ծննդ. 11.4) և հատկապես իրեն աստվածացրած Նաբուգոդոնոսոր թագավորի պատճառով  (Սաղմ․ 14:13) քաղդեացիները չեն խոստովանում, որ իրենց այդ իշխանությունն ու ուժը տրվել է Տիրոջից (համար 11,  12): Քաղդեացիներին որքան անսահմանափակ էր թվում իրենց ուժը, այնքան էլ աշխույժ և անխոչընդոտ էր դառնում նրանց նվաճողական ձգտումը:  «Նրա ձիերը ընձառյուծներից ավելի արագընթաց են» առյուծի պես (Երեմ. 5:6, Ես․ 11.6, Ովս. 13.7) գիշատիչ կենդանու նման, բայց նրա համեմատ, մրրկահողմի նմանվող, վազքի ավելի մեծ թեթևությամբ օժտված, այնպես որ որսի համար գրեթե անհնար է փախչել նրանից: «Ավելի կատաղի, քան երեկոյան գայլերը» (համար 8−ի ա)․ [Քաղդեացիները նմանեցվում են] բավականին երկար ժամանակ, այսինքն՝ ամբողջ օրվա ընթացքում, սովից և ուտելիքի անօգուտ փնտրուքից սպառված ու մեծ ագահությամբ երեկոյան գտնված որսի վրա հարձակվող և առավոտյան ոչինչ չթողնող գայլերի (Յոթանասնիցի այս տեղում, ինչպես  նաև Սոփո. 3:3 համարում,  «երեկոյան»−ի փոխարեն (եբր. «էրէվ՝ эрэв») «արաբական»՝ «της 'Αραβίας» բառն է։ Այս տարբերակն է նաև սլավոներենում: Յոթանասնիցում ընթերցել են ոչ թե «էրէվ՝ эрэв», այլ  «արավ՝  арав», այսինքն՝ Արաբիա): Երկար ճանապարհը («հեռվից», այսինքն՝ Բաբելոնից, Ես. 39։3, Երեմ. 5:15)  չի հոգնեցնում  նրանց, ընդհակառակը, արծիվների պես նրանք արագ թռչում են դեպի հարուստ ավարը և արծիվների նման առանց դժվարության տիրում են դրան (8−րդ համար, Բ Օրինաց. 28:49, Երեմ. 4։18, 5:16, Եզեկիել. 17:3):  «Այս ամենով մարգարեն նկարագրում է նրանց  ուժը, քաջությունը և արագությունը: Որովհետև այդպիսին է փետրավորների մեջ արծիվը, որին նա նմանեցնում է ձիավորներին, այդպիսին են լուսանները և արաբական գայլերը գազանների մեջ,  որոնց  արագությունը համեմատում է ձիերի արագության հետ» (Թեոդորիտ, նույն տեղում, էջ  24): Քաղդեացիների հաջողությունը աներկբայելի և վճռական է. «Նրանք բոլորը (առանց բացառության) գնում են  կողոպուտի համար: Նրանց դեմքերը առաջ («կադիմա՝  кадима») են ուղղված (եբրայերեն՝ «մէգամմատ՝  мэгаммат»)» և կրկին առաջ  են շտապում նրանք այլոց ունեցվածքի հանդեպ ագահության մեջ (համար 9 ա): 9−րդ համարի առաջին կեսը  շատ խրթին է, ինչպես  եբրայերեն մասորեթիկ տեքստում, այնպես էլ Յոթանասնիցում և Վուլգաթայում, «Սյումաքոսը բավականին պարզ կերպով է այն արտահայտել․ «Ամեն ինչ կդառնա ագահության զոհը, քանզի նրանց դեմքը նման է  այրող քամու: Մարգարեն ինչպես ձիերի և ձիավորների արագությունն է համեմատության մեջ պատկերում, այնպես էլ նրանց դեմքերի վայրագությունն է այրող քամու նմանեցնում: Քանի որ ինչպես այս քամին է կիզում մերկ մարմինները, այնպես էլ քաղդեացիներին մեկ անգամ տեսնելն է բավարար, որպեսզի բոլոր տեսնողների [երեսի] փայլը կորչի (Թեոդորիտ, նույն տեղում, էջ  24): «Նա գերիներին վերցնում է ինչպես ավազը» (համար 9։2 ) (տե՛ս Ամբակում. 2։5), այսինքն` մեծ քանակով (Ծննդ. 32:12, 49: 49,  Ովս. 1:10 և այլն): Երկրի թագավորների հետ դաշինքների, իշխանների աջակցության, բերդերի անառիկության վրա հրեաների դրած հույսերը ապարդյուն կլինեն, քանզի ոչինչ չի սարսափեցնի, և  ոչինչ չի կանգնեցնի   իր դեմ պաշտպանվելու յուրաքանչյուր փորձի վրա ծիծաղող (համար 10),  թշնամու  ագրեսիվ շարժումը: «Ավելի շատ խաղ անելով, քան որևէ ջանք գործադրելով՝ կկործանի և՛ օրինական թագավորությունները,  և՛  անօրինական իշխանությունները: Խրամատները շրջանցելով և պատեր քանդող [պաշարողական] մեքենաները գործի դնելով՝  մինչև հիմքը կկործանի ցանկացած ամուր հենակետ» (Թեոդորիտ, նույն տեղում, էջ  25): «Նա այնքան հզոր ու հպարտ կլինի, որ կերևակայի, թե կարող է հաղթել հենց բնությանը և  իր զորքերի զորությամբ նվաճել ամենաամրացված քաղաքները: Որովհետև նա պիտի գա Տիյուրոս և, ծովի վրա հող կիտելով, կղզուց թերակղզի պիտի շինի և հողից՝ ծովի ալիքների միջով, իր համար դեպի քաղաք մուտք պիտի պատրաստի: Հետևաբար, նա կծիծաղի յուրաքանչյուր ամրության վրա» (Հերոնիմոս, Ամբակումի մարգարեության մեկնության երկու գրքեր... Կիև, 1898,  էջ 139): Աշխարհակալ նվաճողի այս ամբողջ անխորտակելի ուժի մեջ, իհարկե, գործում է Տեր Աստծու՝ պատերազմի մեջ հզոր Տիրոջ (տե՛ս Սաղմ. 23։8) ամենազորությունը: Բայց հաղթողը դա չի հասկանա: Ինչպես նախկինում Ասորեստանը (Ես. 10:5−15), այնպես էլ այս նոր նվաճողը կմոռանա իր մեջ միայն Աստծո գավազան կամ զայրույթի գործիք տեսնել: «Այնուհետև՝ արտակարգ հաջողություններից հետո, նրա ոգին կփոխվի՝ կանցնի (համեստության և խոնարհության սահմանը) և կմեղանչի, նրա զորությունը կդառնա նրա աստվածը» (համար 11), կամ ինչպես բացատրում է Հերոնիմոսը (նույն տեղում, էջ 140)՝ «երբ ոչինչ չի խոչընդոտի նրա ուժերին, ապա նրա ոգին կփոխվի հպարտության, և կմտածի, որ ինքն է Աստված․  Բաբելոնում իր ոսկե արձանը կկանգնեցնի և բոլոր ազգերին նրան երկրպագելու կկանչի: Ուստի հաղթող թշնամու մեծագույն չարությունը կլինի այն, որ նա իր զորության համար շնորհակալություն չի հայտնի մարդկային թագավորություններին տիրող և իր կամքով թագ, իշխանություն և ուժ տվող (Դան. 2:37, 47, 3:14,  15, 4:14) Ամենազոր Աստծուն, այլ կաստվածացնի իր զորությունը՝ այն դարձնելով երկյուղի և պաշտամունքի առարկա (տե՛ս 16−րդ համարը), և վերջապես, ինքն իրեն աստված կհռչակի (Հոբ. 12:6, Եզեկ. 28:2)»: Հաղթող թշնամու մեծ զորության հետևանքով առաջացած նրա այս մեծագույն չարության դրսևորման մասին հիշատակմամբ էլ ավարտվում է մարգարեի տրտունջներին Աստծո առաջին ու սարսափելի պատասխանի փոխանցումը:

--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Տեսէ՛ք, արհամարհողնե՛ր, նայեցէ՛ք, մեծապէ՛ս զարմացէք եւ չքուեցէ՛ք, որովհետեւ մի բան պիտի անեմ ես ձեր օրերին, որին չէք հաւատայ, նոյնիսկ եթէ մէկը պատմի ձեզ:
(Արարատ թարգ․) Նայե՛ք ազգերի մեջ ու տեսե՛ք. զարմանալով հիացե՛ք, որովհետև ահա մի արարք է կատարվում ձեր օրերում, որ չէիք հավատա, եթե պատմվեր ձեզ։
(Գրաբար) Տեսէք, արհամարհոտք՝ եւ հայեցարուք, եւ զարմացարուք զարմանս՝ եւ եղծարուք, զի գործ մի գործեմ ես յաւուրս ձեր, որում ոչ հաւատայցէք՝ թէպէտ եւ ոք պատմեսցէ ձեզ։