Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
5-11․ Տեսե՛ք ազգերի մեջ, ուշադիր նայե՛ք, և դուք մեծապես պիտի զարմանաք, որովհետև Ես ձեր օրերում այնպիսի գործ պիտի անեմ, որին դուք չէիք հավատա, եթե ձեզ պատմեին: [5] Քանզի ահա Ես պիտի ոտքի հանեմ քաղդեացիներին՝ դաժան և անսանձ ազգին, որը շրջում է երկրի լայնքով մեկ՝ տիրանալու իրեն չպատկանող բնակավայրերին: Նա ահավոր է և սարսափելի, նրա դատաստանն ու իշխանությունը հենց իրենից են: Նրա ձիերը հովազներից արագընթաց են և երեկոյան գայլերից՝ ավելի կատաղի։ Նրա հեծելազորն արշավում է տարբեր կողմեր. նրա ձիավորները գալիս են հեռվից և թռչում են ինչպես արծիվը, որ նետվում է որսի վրա։ Նրանք ամենքը գնում են ավարի համար․ իրենց դեմքը ուղղելով առաջ՝ գերիներ են վերցնում ինչպես ավազը: Նա ծաղրում է թագավորներին, և իշխանները նրա համար ծաղրի առարկա են դառնում: Նա ծիծաղում է ամեն մի ամրոցի վրա, պաշարման հողակույտ է լցնում և գրավում այն: Այնժամ կամբարտավանա նրա հոգին, և նա պիտի անցնի ու մոլեգնի. նրա զորությունը իր աստվածն է: (Սինոդական թարգ․)
Մարգարեի վշտալի տարակուսանքներին այստեղ տրվում է աստվածային պատասխան՝ առանց որևէ հատուկ նախազգուշացման: Այն նպատակ ունի համոզել մարգարեին և նրա բոլոր ժամանակակիցներին, որ մարդկային հարաբերությունների ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ նախախնամության անտեսումը (2−4-րդ համարներ) միայն թվացյալ է, և շուտով սկսվելու է Աստծու դատաստանը ընտրյալ ժողովրդի անարժան սերնդի հանդեպ: Մարգարեին ուղղված Իր պատասխանում Աստված, առաջին հերթին (5-րդ համար), հրեաներից պահանջում է ուշադրություն դարձնել Իր հայտնությանը՝ դրանով իսկ ընդգծելով հայտնության ծայրահեղ կարևորությունը: Քանզի նրանց գլխին արդեն կախված են այնպիսի սարսափելի իրադարձություններ, որոնք նախկինում երբեք չէին տեսել՝ ո՛չ իրենց կյանքում, ո՛չ էլ պատմության մեջ, և որոնք կարող են ապշեցնել ու սարսափեցնել նրանց, ում վրա դրանք կթափվեն: Թշնամիների ներխուժմամբ պայմանավորված գալիք աղետի անակնկալ լինելն ակնհայտորեն ցույց է տալիս, որ ավելի վաղ՝ 2−4-րդ համարներում, խոսքը քաղդեացիների մասին չի եղել:
5−րդ համարի երկրորդ բառը՝ ըստ ընդունված եբրայական տեքստի՝ «բագգօիմ» (ազգերի մեջ), այլ կերպ են ընթերցել Վուլգաթան (in gentibus) և Յոթանասնիցը (ինչպես նաև Պեշիթոն): Ըստ երևույթին, ընթերցել են որպես «բոգեդիմ»՝ ուխտադրուժներ, չարագործներ» (ինչպես 13-րդ համարում, Սոփ. 3:4, Երեմ. 12:1) և թարգմանել են որպես «καταφρονηται» (սլավ.՝ «արհամարհողներ»): Երանելի Թեոդորիտոսը, ընդունելով Յոթանասնիցի այս ընթերցումը, իր մեկնության մեջ ասում է. «Աստված “արհամարհողներ” կոչում է նրանց, ովքեր առանց երկյուղի խախտում են օրենքը և անտարբեր են մնում չարության հանդեպ» («Ամբակում մարգարեի գրքի մեկնություն», 1907թ., էջ 23): Իսկ երանելի Հերոնիմոսը, հակված լինելով եբրայերեն տեքստի ներկայիս ընթերցմանը և իր թարգմանության մեջ փոխանցելով քննարկվող բառը «in gentibus» արտահայտությամբ, իր մեկնության մեջ հիշատակում է երկու անանուն ձեռագրեր, որոնցից մեկում 5−րդ համարի սկիզբն ընթերցվում է «տեսե՛ք, հանդիմանողնե՛ր», իսկ մյուսում՝ «տեսե՛ք, հավատուրացնե՛ր» տարբերակով: Այսպիսի ընթերցման դեպքում Հերոնիմոսը նկատում է․ «Այս խոսքերում մերկացվում է Աստծու հանդեպ ժողովրդի (այն ժողովրդի, որի անունից մարգարեն բացականչում է) անխոհեմ և հանդուգն վերաբերմունքը, նրանց համարձակ ապստամբությունն Աստծու մեծության դեմ, նրանց անխոհեմ խոսքերը, աստվածային նախախնամության հանդեպ նրանց հանդիմանությունը և նրանց հեռացումն Աստծուց՝ մեղադրելով Տիրոջն անարդարության մեջ» (տե՛ս «Ամբակումի մարգարեության մեկնության երկու գրքեր», Կիև, 1898, էջ 136, 137): Այսպիսով, Յոթանասնիցի 5−րդ համարի սկիզբն ավելի արտահայտիչ է, քան ընդունված եբրայական տեքստինը, որի իմաստը, ըստ Հերոնիմոսի, այն է, որ մարգարեն պետք է քննի ու ազգերի մեջ տեսնի այն սխալը, որը նրա կարծիքով կա միայն Իսրայելի մեջ, և որ քաղդեացիներին են տրված ոչ միայն Հուդան և Իսրայելը, այլև բոլոր հարևան ազգերը» (նույն տեղում, էջ 137):
Այնուհետև, այն «գործում» (եբր.՝ «պօալ», 5−րդ համար), որն Աստված բացահայտում է, մատնանշվում են հետևյալ կողմերը․
1․ դրա հիմնական սկիզբն Աստծու կամքն է, որն արձակում է իր դատավճիռն անօրենների ճակատագրի վերաբերյալ,
2․ դրա տեսանելի գործիքը տվյալ պատմական պահին Աստծու դատաստանն իրականացնող ազգը քաղդեացիներն են, որոնք որքան խիստ ու դաժան են, այնքան էլ արագ և հզոր են իրենց դաժանությունների իրագործման մեջ (6−10−րդ համարներ),
3․ Եվ վերջապես, նշվում է նաև դրա հետևանքները հենց իրագործողների համար, որոնք համակողմանիորեն նկարագրում են սոսկալի աղետի ահռելի ուժը:
Առաջին աստվածային պատասխանի հիմնական գաղափարն արտահայտվում է 6−րդ համարի սկզբում եղած դիրքորոշմամբ, ըստ որի՝ թշնամիների ապագա ներխուժումը Հուդա ոչ թե պատահական երևույթ է, այլ կատարվում է Աստծու ամենազոր կամքով: Հենց Աստված է քաղդեացիներին դուրս բերում Հուդայի դեմ, Նա է նրանց օժտում անպարտելի զորությամբ, բայց նրանք էլ պետք է իրենց համարեն միայն Նրա գործիքը, այլապես դա մոռանալը կործանարար կլինի հենց իրենց համար:
Մարգարեների մոտ (Ամբ. 1:6−11, Երեմ. 21: 4, 24: 5 և այլն) «քաղդեացիներ» անվամբ (եբր.՝ «քասդիմ», Յոթանասնիցում՝ «χαλδαιοι») մատնանշվում է այն ազգությունը, որը սեպագիր արձանագրություններում հայտնի է «Kaldu» անունով: Սկզբում նրանք բնակվել են աստվածաշնչյան Սենաարի հովտում կամ Միջագետքի հարավում՝ Պարսից ծոցի ափերին, սակայն մ.թ.ա. VII դարում զգալիորեն հզորացան և իրենց նվաճողական նկրտումներն ուղղեցին դեպի հյուսիս: Մ․թ․ա․ 625 թվականին քաղդեացիների առաջնորդ Նաբոպալասարն արդեն անկում ապրող Ասորեստանի ավերակների վրա հիմնեց քաղդեա−բաբելոնական կամ Նոր Քաղդեական թագավորությունը: Ըստ Աստվածաշնչի (Ծննդ. 22:22)՝ այս քաղդեացիները սեմական ցեղեր էին, ուստի չեն կարող նույնացվել Քուրդիստանի և Հայաստանի քաղդեացիների հետ, որոնք արիական ծագում ունեին: Ըստ Աստվածաշնչի (Ծննդ. 11։28, 22։22) և սեպագիր արձանագրությունների՝ քաղդեացիների անունը հայտնի էր դեռևս հարյուրավոր տարիներ առաջ: Որպես աշխարհակալ նվաճողներ՝ նրանք առաջին անգամ հանդես են գալիս Ամբակումի մարգարեության մեջ: Եվ հենց այդ պատճառով մարգարեն նախապես իր ունկնդիրներին և ընթերցողներին զգուշացնում է նրանց արշավանքի սարսափելի իրադարձության մասին (Ամբ. 1:5), ապա մանրամասն բնութագրում է այդ ահարկու նվաճողների հատկությունները (Ամբ. 1:6-11): Այս բնութագրումները որոշ չափով համապատասխանում են հրեաների հանցավոր հատկություններին, և այստեղ անհնարին է չտեսնել Աստծու նախախնամությամբ կատարվող պատժիչ գործողությունը: «Ձեզ վրա (ըստ էության, ճիշտ «εις υμας՝ ձեզ վրա» հավելումը (տե՛ս Բ Թագ. 12:11, Ամոս. 6:14) առկա է Յոթանասնիցի ձեռագրերում․ 26, 106, 239՝ ըստ Հոլմսի), որ ապրում եք ամբարշտության և անօրինության մեջ, հանուն որի վշտանում են նախախնամության օրենքներին անտեղյակ մարդիկ, կբերեմ դաժան ու անզուսպ քաղդեացիների, ովքեր օտարի հանդեպ ագահությունից դրդված՝ զենք են վերցնում ընդդեմ բոլոր ազգերի» (Երանելի Թեոդորիտոս. «Ամբակումի մարգարեության մեկնություն», Ս. Պոսադ, 1907. էջ. 24): Քաղդեացիների ռազմատենչությունը բնութագրելու համար քննարկվող հատվածը կարելի է համարել նույնքան դասական, որքան ասորեստանցիների դասական բնութագիրը տվող Եսայի 5:26-30 համարները:
«Դաժան ազգ»−ը (եբր.՝ «հագգոյ համմար»)
1. օշինդրի պես դառն է նրանց համար, ովքեր հաղորդակցվում են նրա հետ,
2. մարդկայնությունից ու գթասրտությունից զուրկ մի ահեղ ազգ է (տե՛ս Երեմ. 50:42, Բ Օր. 28:50),
3. «անսանձ» (հաննիմհար) և արագաշարժ ազգ է (Յոթանասնիցում՝ «ταχινὸν», Վուլգաթայում՝ «velocem»), «որը շրջում է երկրի լայնքով մեկ, որպեսզի տիրի իրեն չպատկանող բնակավայրերին» (Ամբ. 2:6): Սա մի ազգ է, որը սովոր է ոչ թե նստակյաց կյանքին և մշակույթին, այլ հակառակը՝ թալանին և կողոպուտին: «Պատերազմասեր և անսանձ ազգ է, որի զորության և ռազմական քաջության վկաները գրեթե բոլոր հույն պատմագիրներն են, որոնք էլ գրել են բարբարոսների մասին: Նրա զբաղմունքը ոչ թե գութանով հող մշակելն է, այլ սրով ու կողոպուտով ապրելը և իրեն չպատկանող քաղաքներ զավթելը» (Երանելի Հերոնիմոս. «Ամբակումի մարգարեության մեկնության երկու գրքեր», Կիև, 1898 թ. էջ 138): Իրոք, քաղդեացիների նկարագրությունը, օրինակ, Քսենոֆոնի մոտ («Կյուրոպեդիա» 3, 2), գրեթե նույն կերպ են վերարտադրում մարգարեության մեջ ներկայացված նրանց առանձնահատուկ գծերը: Բնական է, որ նման ազգը «սարսափելի և ահեղ» է բոլոր հարևան ազգերի համար՝ իր «դաժանությամբ, բարկության մեջ անզսպությամբ, սրտի ամբարտավանությամբ և անողոք պատիժներով (սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի)։ Եվ սա հիմնականում այն պատճառով է, որ նա իր վրա որևէ այլ օրենք չի ճանաչում և կարծում է, թե այլ ազգերի նկատմամբ իր գերազանցության համար պարտական է միայն ինքն իրեն և ոչ թե մեկ ուրիշին: Իրենից է (և ոչ թե Աստծուց, տե՛ս Սաղմ. 16:2) իր դատը («միշպատ»՝ օրենք, գործողության կանոն) և իր իշխանությունը («սէետ»՝ մեծություն, Յոթանասնիցում՝ «λη̃μμα», սլավոներենում՝ «взятие», Վուլգաթայում՝ «onus») (7-րդ համար): Այսինքն՝ «օրենք է համարում այն, ինչ գալիս է իր մտքին» (Երանելի Թեոդորիտոս. «Ամբակումի մարգարեության մեկնություն», Ս. Պոսադ, 1907 թ., էջ 24): Իրենց հին նախահայրերի պես, որոնք Բաբելոնի աշտարակը կառուցելով երազում էին իրենց համար անուն ստեղծել (տե՛ս Ծննդ. 11:4) և հատկապես, հետևելով իրեն աստվածացնող Նաբուգոդոնոսոր թագավորին (Ես․ 14:13), քաղդեացիները չեն խոստովանում, որ իրենց այդ իշխանությունն ու ուժը տրված են Տիրոջից (11-12-րդ համարներ): Քաղդեացիներին որքան անսահման էր թվում իրենց ուժը, այնքան էլ առավել աշխույժ և անխոչընդոտ էր դառնում նրանց հարձակումն ավարի վրա: «Նրա ձիերն արագընթաց են հովազներից»՝ մի կենդանուց, որը նույնքան գիշատիչ է, որքան առյուծը (Երեմ. 5:6, Ես․ 11:6, Ովս. 13:7), սակայն վերջինիս համեմատ օժտված է մրրիկի նման վազքի ավելի մեծ արագությամբ, այնպես որ որսի համար գրեթե անհնար է փրկվել նրանից:
«Երեկոյան գայլերից ավելի կատաղի» (8-րդ համար, ա)․ քաղդեացիները համեմատվում են այն գայլերի հետ, որոնք, ամբողջ օրը սովից և ուտելիքի անօգուտ փնտրուքից սպառված, երեկոյան ագահությամբ հարձակվում են գտնված որսի վրա և առավոտյան ոչինչ չեն թողնում (Յոթանասնիցում այստեղ, ինչպես նաև Սոփ. 3:3-ում, «երեկոյան»−ի փոխարեն (եբր.՝ էրէվ) կարդացվում է «արաբական»՝ «της 'Αραβίας» բառը։ Այս տարբերակն է նաև սլավոներենում: Յոթանասնիցում ընթերցել են ոչ թե «էրէվ», այլ «արավ»՝ Արաբիա): Երկար ճանապարհը («հեռվից», այսինքն՝ Բաբելոնից, տե՛ս Ես. 39։3, Երեմ. 5:15) չի հոգնեցնում նրանց, ընդհակառակը, արծիվների պես նրանք արագ սլանում են դեպի հարուստ ավարը և հեշտությամբ տիրում դրան (8−րդ համար, Բ Օր. 28:49, Երեմ. 4։13, 5:6, Եզեկ. 17:3): Այս ամենով մարգարեն նկարագրում է նրանց ուժը, քաջությունը և արագությունը: «Որովհետև ինչպիսին է արծիվը փետրավորների մեջ, որին նա նմանեցնում է ձիավորներին, այդպիսին են լուսանները և արաբական գայլերը գազանների մեջ, որոնց արագությունը համեմատում է ձիերի արագության հետ» (Երանելի Թեոդորիտոս, նույն տեղում, էջ 24):
Քաղդեացիների հաջողությունն անկասկածելի է: Նրանք վճռական են. «Նրանք բոլորը (առանց բացառության) գնում են կողոպուտի համար: Նրանց դեմքերը դեպի առաջ («քադիմա») են ուղղված (եբր.՝ «մեգամմատ»)», և նրանք կրկին առաջ են շտապում՝ օտարի նկատմամբ ունեցած ագահությունից դրդված (9-րդ համար, ա):
9−րդ համարի առաջին հատվածը խրթին է թե՛ եբրայական մասորեթական տեքստում, թե՛ Յոթանասնիցում և թե՛ Վուլգաթայում: Սյումաքոսն այն բավական պարզ է արտահայտել․ «Ամեն ինչ ագահության զոհ կդառնա, քանզի նրանց դեմքն իր տեսքով խորշակի՝ այրող քամու նման է»: Մարգարեն ինչպես ձիերի և ձիավորների արագությունն է պատկերում համեմատելով, այնպես էլ նրանց դեմքերի դաժանությունն է նմանեցնում այրող քամուն, քանզի ինչպես այդ քամին է կիզում մերկ մարմինները, այնպես էլ քաղդեացիներին մեկ անգամ տեսնելը բավական է, որպեսզի նրանց տեսնողների մեջ մարի ամեն փայլ (Երանելի Թեոդորիտոս, նույն տեղում, էջ 24):
«Նա գերիներ է վերցնում է ինչպես ավազը» (9-րդ համար, բ) (տե՛ս Ամբ. 2։5), այսինքն`մեծ բազմությամբ (հմմտ. Ծննդ. 32:12, 41:19 Ովս. 1:10 և այլն): Երկրի թագավորների հետ դաշինքների, իշխանների աջակցության, բերդերի անառիկության վրա հրեաների դրած հույսը ապարդյուն կլինի, քանզի ոչինչ չի սարսափեցնի, և ոչինչ չի կանգնեցնի թշնամու նվաճողական ընթացքը, որը ծաղրում է իր դեմ ուղղված պաշտպանվելու ցանկացած փորձ (10-րդ համար): «Ավելի շատ խաղ անելով, քան որևէ ջանք գործադրելով՝ նա կկործանի և՛ օրինական թագավորությունները, և՛ անօրինական իշխանությունները: Շրջանցելով խրամատները և գործի դնելով պատնեշ քանդող [պաշարող] մեքենաները՝ նա հիմքից կքանդի ցանկացած ամուր հենակետ» (Երանելի Թեոդորիտոս, նույն տեղում, էջ 25): «Նա այնքան հզոր ու հպարտ կլինի, որ կերևակայի, թե կարող է հաղթել հենց բնությանը և իր զորքերի ուժով նվաճել ամենաամուր քաղաքները: Քանզի նա կգա Տյուրոս և, ծովի վրա հող լցնելով, կղզին թերակղզի կդարձնի ու իր համար ծովի ալիքների միջով ցամաքից մուտք կպատրաստի դեպի քաղաք: Այդ պատճառով նա կծաղրի յուրաքանչյուր ամրություն» (Երանելի Հերոնիմոս. «Ամբակումի մարգարեության մեկնության երկու գրքեր»,Կիև, 1898, էջ 139):
Աշխարհակալ նվաճողի այս ամբողջ անխորտակելի ուժի մեջ, իհարկե, գործում է Տեր Աստծու՝ պատերազմի մեջ հզոր Տիրոջ ամենազորությունը (տե՛ս Սաղմ. 23։8), բայց հաղթողը դա չի գիտակցի: Ինչպես նախկինում Ասորեստանը (Ես. 10:5−15), այնպես էլ այս նոր նվաճողը կմոռանա իր մեջ տեսնել ընդամենը որպես Աստծու բարկության գավազան կամ գործիք: «Այնուհետև արտակարգ հաջողություններից հետո, նրա հոգին կփոխվի, կանցնի (համեստության և խոնարհության սահմանը) և կմեղանչի. իր զորությունը նա աստված կդարձնի» (11-րդ համար): Կամ, ինչպես մեկնաբանում է երանելի Հերոնիմոսը (նույն տեղում, էջ 140). «Երբ ոչինչ չի խոչընդոտի նրա ուժերին, ապա նրա հոգին կփոխվի դեպի հպարտությունը, և կարծելով, թե ինքն Աստված է, Բաբելոնում կկանգնեցնի իր ոսկե արձանը և կկանչի բոլոր ազգերին՝ նրան երկրպագելու»: Ուստի հաղթող թշնամու մեծագույն անօրենությունը կլինի այն, որ նա իր զորության համար չի գոհանա ամենակարող Աստծուց, Ով տիրում է մարդկային թագավորություններին և իր կամքով է տալիս և՛ թագը, և՛ իշխանությունը, և՛ ուժը (Դան. 4:14, 2:37, 47, Ամբ. 3:14-15), այլ կաստվածացնի իր զորությունը՝ այն դարձնելով երկրպագության և պաշտամունքի առարկա (տե՛ս 16−րդ համարը), և վերջապես՝ ինքն իրեն աստված կհռչակի (Եզեկ. 28:2):
Հաղթող թշնամու ամենամեծ ամբարշտության այս հիշատակումով, որպես նրա մեծագույն հզորության հետևանք, ավարտվում է Աստծու առաջին, ահեղ պատասխանի փոխանցումը մարգարեի գանգատներին:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Տեսէ՛ք, արհամարհողնե՛ր, նայեցէ՛ք, մեծապէ՛ս զարմացէք եւ չքուեցէ՛ք, որովհետեւ մի բան պիտի անեմ ես ձեր օրերին, որին չէք հաւատայ, նոյնիսկ եթէ մէկը պատմի ձեզ:
(Արարատ թարգ․) Նայե՛ք ազգերի մեջ ու տեսե՛ք. զարմանալով հիացե՛ք, որովհետև ահա մի արարք է կատարվում ձեր օրերում, որ չէիք հավատա, եթե պատմվեր ձեզ։
(Գրաբար) Տեսէք, արհամարհոտք՝ եւ հայեցարուք, եւ զարմացարուք զարմանս՝ եւ եղծարուք, զի գործ մի գործեմ ես յաւուրս ձեր, որում ոչ հաւատայցէք՝ թէպէտ եւ ոք պատմեսցէ ձեզ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: