Ամոսի մարգարեության մեկնություն 3։13

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Լսեʹք ու վկայեʹք Հակոբի տան համար»,−ասում է Աստված՝ Զորությունների Տերը: (Սինոդական թարգ․)[13]
   
    Մարգարեն դիմում է հեթանոս ժողովուրդներին (տե՛ս համար 9) ու խնդրում է վկայություն տալ, այսինքն,  ասես, հավանություն տալ Իսրայելին պատժելու Աստվածային որոշմանը, կամ էլ հաստատել, որ այդ պատիժը արդար է ու նախապես կանխատեսվել է: Իր խոսքին ավելի հանդիսավորություն հաղորդելու համար մարգարեն 13−րդ համարում Տիրոջն ամբողջական անունով է կոչում. «Ադոնայ յխվխ էլոգե խացցեվաոտ»` Տեր Աստված, Զորությունների Աստված (Ամոս․ 6։15, 9։5): Տիրոջը երկնային Զորությունների Աստված անվանելով՝ մարգարեն ցանկանում է մատնանշել Աստծո ամենազորությունը: Հունարեն ու սլավոներեն տեքստերի համաձայն` 13−րդ համարում մարգարեի խոսքը ուղղված է սամարական քահանաներին («ιερεις», սլավոներեն՝ «լսեցե՛ք, քահանանե՛ր»): Սխալմամբ ենթադրվում է, որ «ιερεις» բառը առաջացել է 12−րդ համարի վերջում դրված եբրայերեն «արես» (անկողին, մահճակալ, մահիճ) բառից: Սկզբում այդ բառը չի թարգմանվել, սակայն հետագայում հունարեն տառերով գրված «արես» անհասկանալի արտահայտությունն ուղղվել ու դարձել է «ιερεις»։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Քահանանե՛ր, լսեցէ՛ք եւ վկայութիւն տուէք Յակոբի այդ տանը, - ասում է Ամենակալ Տէրը,
(Արարատ թարգ․) «Լսե՛ք և վկայե՛ք Հակոբի տան դեմ,- ասում է Տեր Աստված՝ Զորքերի Աստվածը։
(Գրաբար) Քահանայք լուարո՛ւք և վկայութիւն դի՛ք տանդ Յակովբայ՝ ասէ Տէր ամենակալ։