Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 11:33

Սուրբ Հովհան Ոսկեբերան

33-37. Երբ Հիսուսը տեսավ, որ նա և նրա հետ եկած հրեաները լաց են լինում, Ինքը հոգով խռովվեց և հուզվեց։  Եվ ասաց. «Որտե՞ղ դրեցիք նրան»։ Նրան ասացին. «Տե՛ր, արի՛ ու տե՛ս»։  Հիսուսն արտասվեց։ Այդժամ հրեաներն ասում էին. «Տե՛ս, թե Նա ինչպե՜ս էր նրան սիրում»։ Իսկ նրանցից ոմանք ասում էին. «Նա, որ կույրի աչքերը բացեց, չէ՞ր կարող այնպես անել, որ այս մեկն էլ չմեռներ»։
   
   Այնուհետև Նա զսպում է Իր վիշտը (հենց դա է նշանակում «հոգով խռովվեց» արտահայտությունը – 33-րդ համար) և ապա հարցնում. «Որտե՞ղ դրեցիք նրան» (34-րդ համար)։ Դրանով էլ Հիսուս այն նպատակն էր հետապնդում, որ Իր հարցադրումը առնչություն չունենար հեկեկոցի հետ։ Բայց ինչո՞ւ է Նա այդ հարցը տալիս. որովհետև Հիսուս չէր ցանկանում Ինքն Իրենով սկսել գործել (խոսքը հրաշք գործելու մասին է), այլ ցանկանում էր ամեն ինչ սովորել ուրիշներից և դա անել (հրաշք գործել) նրանց խնդրանքով, որպեսզի հրաշքը ձերբազատված լիներ ցանկացած տեսակի կասկածանքից։ «Եվ ասաց. «Որտե՞ղ դրեցիք նրան»։ Նրան ասացին. «Տե՛ր, արի՛ ու տե՛ս»։ Հիսուսն արտասվեց» (34–35-րդ համարներ): Տեսնու՞մ ես, որ մինչև այժմ Նա որևէ բան չի ասում հարության մասին և կարծես թե Նա գնում է ոչ թե այն բանի համար, որպեսզի հարություն տա, այլ որպեսզի արտասվի։ Իսկ այն, որ իսկապես էլ թվում էր, թե Նա գնացել էր հենց այդ մտադրությամբ, այսինքն՝ լաց լինելու, այլ ոչ թե՝ Ղազարոսին հարություն տալու համար, դա երևում է հրեաների խոսքերից․ հրեաները, կարծելով, թե Հիսուս արտասվելու համար էր գնացել Ղազարոսի մոտ, ասում էին. «Տե՛ս, թե Նա ինչպե՜ս էր նրան սիրում»։ Իսկ նրանցից ոմանք ասում էին. «Նա, որ կույրի աչքերը բացեց, չէ՞ր կարող այնպես անել, որ այս մեկն էլ չմեռներ» (36–37-րդ համարներ): Նույնիսկ դժբախտության առջև գտնվելով էլ՝ հրեաները մի կողմ չթողեցին իրենց չարությունը։ Սակայն [Քրիստոս] մտադիր էր անել ավելի զարմանահրաշ մի բան, ասել է թե՝ հեռու վաներ մահը, որն արդեն վրա էր հասել և տիրացել էր [մարդուն]։ Այդօրինակ արարքը շատ ավելի կարևոր էր, քան վրա հասնող մահվան առաջն առնելը: Այսպիսով, հրեաները Հիսուսին մեղադրում են հենց այն արարքի համար, որը հենց պետք է պատճառ դառնար Նրա զորությամբ սքանչանալու համար: Մինչև այժմ նրանք ականատես էին եղել, որ Հիսուս բացել էր կույրերի աչքերը, սակայն այդ հրաշքի առջև Նրա հանդեպ հիացումով լցվելու փոխարեն, Ղազարոսի մահվան պատճառաբանությամբ, նրանք զրպարտում են այդ նախորդ հրաշքը՝ կարծես թե դա տեղի էլ չէր ունեցել։ Այն, որ այդ հրեաները բոլորն էլ ապականված էին, ոչ միայն այդ իրողությունից է պարզ դառնում, այլ նաև ա՛յն հանգամանքից, որ դեռևս Հիսուսի գալուց և [Իր զորությունը] ցույց տալուց էլ առաջ նրանք արդեն մեղադրանքներով էին անդրադառնում Հիսուսի անձին՝ անգամ չսպասելով, թե ի վերջո այդ «գործն» ինչ ավարտ պիտի ունենար: Տեսնու՞մ ես, թե որքա՜ն թյուր էր նրանց քննադատությունը։ Այսպես, Հիսուս գալիս է գերեզման և կրկին զսպում է Իր վիշտը: Սակայն այդ ինչո՞ւ է, որ ավետարանիչը զգուշավորությամբ է խոսում և մեկ անգամ չէ, որ նշում է այն իրողությունը, որ Հիսուս արտասվել է և զսպել է Իր վիշտը: Ա՛յն պատճառով, որպեսզի դու իմանաս, որ Նա իսկապես կրում էր մեր բնությունը: Քանի որ այս [ավետարանիչն] ակնհայտորեն ավելի շատ է խոսում Հիսուսի մասին, քան դա անում են մյուսները, ուստի նա այստեղ Հիսուսի մարդկային գործերի մասին շատ ավելի նվաստացուցիչ կերպով է խոսում․․․ Ահա՛ թե ինչու է, որ երբ [ավետարանիչները] խոսում են տառապանքների մասին, Հիսուսին մարդկային շատ հատկանիշներ են վերագրում․ որպեսզի այդպիսով ցույց տան, որ Նրա մարմնավորումը ճշմարիտ էր։ Այսպիսով, Մատթեոսն այդ իրողությունը հաստատում է՝ խոսելով Հիսուսի մահվանը նախորդած ցավերի, հուզմունքի և Նրա թափած քրտինքի մասին, իսկ Հովհաննեսը խոսում է լացի մասին: Իսկապես որ, եթե Հիսուս մեր մեր բնությանը չպատկաներ, Նա չէր հաղթվի վշտի կողմից, և այն էլ ոչ թե մեկ, այլ՝ երկու անգամ: Իսկ ի՞նչ է անում Հիսուս։ Նա Իրեն բոլորովին չի պաշտպանում հրեաների առաջ՝ նրանց մեղադրանքներից: Իսկ ի՞նչ կարիք կար խոսքերով պատասխանել նրանց, ովքեր անմիջապես հետո կատարված գործի՛ միջոցով պիտի ստանային իրենց պատասխանը։ Եվ դա այն դեպքում, որ այս [պատասխանն] այնքան էլ դժվարընկալելի չէր և ավելի մեծ ներուժ ուներ՝ հրեաներին խայտառակելու համար։
   

Երանելի Թեոֆիլոս Օհրիդացի

33-37. Երբ Հիսուսը տեսավ, որ նա և նրա հետ եկած հրեաները լաց են լինում, Ինքը հոգով խռովվեց և հուզվեց։ Եվ ասաց. «Որտե՞ղ դուք դրեցիք նրան»։ Նրան ասացին. «Տե՛ր, արի՛ ու տե՛ս»։ Հիսուսն արտասվեց։ Այդժամ հրեաներն ասում էին. «Տե՛ս, թե Նա ինչպե՜ս էր նրան սիրում»։ Իսկ նրանցից ոմանք ասում էին. «Նա, որ կույրի աչքերը բացեց, չէ՞ր կարող այնպես անել, որ այս մեկն էլ չմեռներ»։
   
   Քանի որ Մարիամը և նրա հետ եկած մարդիկ արտասվում էին, մարդկային այդ Բնությունը (Քրիստոս) ևս միտվում է արտասվելու և հուզմունք է ապրում։ Տերը փորձում ճնշել իր հոգու ցնցումը, այսինքն՝ Հոգով զսպում է իր հուզմունքը և տիրապետում է այն՝ առանց արցունքները բացահայտելու Իր հարցը տալով։ Սակայն Բայց քանի որ Տերն իսկապես վշտացավ, քանի որ Հիսուս իսկապես Մարդ էր և ցանկանում էր հավաստել Իր Մարդկային էության իրական լինելու հանգամանքը, այդ իսկ պատճառով էլ Նա թույլ տվեց, որ Իր Մարդկային բնությունն անի իրեն հատուկ այդ արարքը: Միևնույն ժամանակ Նա սահմանափակում է Իր մարմնի զգացմունքները և նրան սաստում է ​​Սուրբ Հոգու զորությամբ։ Այդուամենայնիվ, մարմինը, այդ արգելքին չենթարկվելով, հուզվում, հառաչում և անձնատուր է լինում տրտմությանը։ Տերը թույլ է տալիս, որ Իր Մարդկային էությունը զգա այդ ամենը՝ մասամբ նպատակ հետապնդելով հաստատելու, որ Նա ճշմարտապես էր Մարդ, և ոչ թե միայն նախախնամությամբ, ու մասամբ էլ՝ մեզ սովորեցնելու որոշարկել տխրության և սառնասրտության սահմաններն ու չափերը: Որովհետև կարեկցանքի զգացում չունենալը և արցունքներ չհեղելը հատկանշական է կենդանիների համար, իսկ շատ արցունքներ թափելը և խորը տրտմություն ապրելն էլ բնորոշ է կանանց: Եվ քանի որ Տերն Իր վրա վերցրեց մեր մարմինն ու արյունը (Եբր. 2:14), ուստի Նա Իր վրա կրում է այն, ինչ հատկորոշում է մարդուն և մարդկային բնությանը՝ այդպիսով մեզ ցույց տալով արտասվելու և տրտմելու անհրաժեշտ սահմանները:

   «Որտե՞ղ դուք դրեցիք նրան» - Տերը սա հարցնում է ոչ թե այն պատճառով, որ Ինքը դա չգիտեր (քանի որ, թեպետ Նա մեկ այլ և ավելի հեռու տեղում էր գտնվում, սակայն գիտեր, որ Ղազարոսը մահացել է), այլ որպեսզի նրանք չկարծեին, թե Հիսուս Ինքն Իր անունից էր հրաշք գործելու. Հիսուս ցանկանում է ամեն ինչի մասին նրանցից տեղեկանալ և նրանց խնդրանքով միայն հրաշք գործել, որպեսզի այդ հրաշքի վերաբերությամբ որևէ տեսակի կասկած չմնա։ Եվ քանի որ դեռևս որևէ մի ակնարկ չկար Ղազարոսին հարություն տալու մասին, և ոչ մեկի մտքով չէր էլ անցնում, որ Հիսուս եկել էր նրան հարություն տալու, և ոչ թե՝ միայն արտասվելու համար, այդ իսկ պատճառով էլ ներկաները Նրան ասում են. «Տե՛ր, արի՛ ու տե՛ս»։ Մինչդեռ նենգավոր հրեաները, որոնց միտքն ապականվել էր նախանձի պատճառով․․․առանց սպասելու, թե ի վերջո ինչ պետք է տեղի ունենար, չարախոսում էին Հիսուսի մասին․․․
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Երբ Յիսուս տեսաւ, որ նա լալիս է, եւ նրա հետ եղող հրեաներն էլ լալիս են, սաստիկ խռովուեց իր հոգում եւ ասաց.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու գլուխ 11:17

   

Լոպուխին

33-35. Երբ Հիսուսը տեսավ, որ նա և նրա հետ եկած հրեաները լաց են լինում, Ինքը հոգով խռովվեց և հուզվեց։ [33] Եվ ասաց. «Որտե՞ղ դուք դրեցիք նրան»։ Նրան ասացին. «Տե՛ր, արի՛ ու տե՛ս»։ Հիսուսն արտասվեց։ (Սինոդական թարգ․)

   

   Մարիամը բարձրաձայն լաց եղավ («κλαίειν»), իսկ նրա հետ էլ, սովորության համաձայն, բարձրաձայն լաց եղան նաև նրա հետևից եկած՝ Ղազարոսի հարազատները։ Այդ ժամանակ նաև Ինքը՝ Տերը «հոգով խռովվեց» («ἐνεβριμήσατο τῷ πνεύματι»): Սույն արտահայտության վերաբերյալ տարատեսակ մեկնություններ կան. ոմանք (ինչպես օրինակ՝ Ցանը) այստեղ մատնանշում են տեսնում ա՛յն հուզմունքի վերաբերյալ, որը Քրիստոսի հոգուն պատել էր մահվան զորության մասին մտածելու ժամանակ, ինչը և (այդ զորությունը) այնքան պարզորոշ բացահայտվեց այս պարագայում: Ընդսմին, «Հոգով» բառը հասկացվում է որպես մատնանշում Սուրբ Հոգու վերաբերյալ, Որը Մկրտության ժամանակներից ի վեր Քրիստոսին այս կամ այն գործունեությանն էր մղում (հմմտ․ Հովհ. 1։33): Այդպես նաև՝ Տրենչն ասում է. «Քրիստոս խորհեց մահվան ամբողջ սարսափազդու նշանակության, մեղքի այդ հետևանքի մասին: Նրա աչքի առաջ բացահայտվեցին մարդկության բոլոր դժբախտությունները՝ մեկ մարդու կերպարի մի փոքր օրինակի միջոցով: Հիսուս Իր առջև տեսավ բոլոր սգավորներին և բոլոր գերեզմանները: Որովհետև եթե անգամ Նա պատրաստ էր սրբելու Իր առջև կանգնած մտերիմների արցունքները և կարճ ժամանակով միայն նրանց տխրությունն ուրախության վերածելու, այնուամենայնիվ դա, ըստ էության, որևէ կերպ չէր փոփոխելու իրերի դրությունը. Ղազարոսը կվերակենդանանար, բայց շուտով դարձյալ կճաշակեր մահվան դառնությունը» (Տրենչ. «Հիսուս Քրիստոսի հրաշքները»)։ Մյուսները (օրինակ՝ Մեյերը) այստեղ մատնանշում են տեսնում ա՛յն զայրույթի վերաբերյալ, որը հրեաների կեղծավոր արցունքներն ու հեկեկոցներն արթնացրել էին Տիրոջ մեջ։ Սակայն Ավետարանի մտքերի ընթացքին ավելի համահունչ է այստեղ ոչ թե վշտի, այլ Քրիստոսի զայրույթի ու բարկության վերաբերյալ ցուցում տեսնել (ըստ էության, հենց այդ իմաստն ունի «ἐμβριμάομαι» բայը; տե՛ս «Պրեյշենի բառարանը»)։ Քրիստոսի ներսում այդ զայրույթի ու բարկության առաջացման պատճառն այն համընդհանուր ողբն ու հանգուցյալի համար արվող այն անմխիթար լացուկոծն էր, որը տեղի էր ունենում հենց Իր՝ Կյանքի Սկզբնավորողի ներկայությամբ: Թե՛ Մարիամը, և թե՛ մյուս հրեաները կարծես թե բոլորովին մոռացել էին, որ իրենց առջև կանգնած է Կյանքի Պարգևիչը: Ուստի և Տերը վրդովվեց Իր հանդեպ այդքան չնչին հավատի այդօրինակ դրսևորումից («ἐτάραξεν ἑαυτόν»)։ Իսկ ինչ վերաբերում է «Հոգով» բառին, ապա 38-րդ համարում այն փոխարինվում է «ἐν ἑαυτῷ» - «ինքն իր մեջ» արտահայտությամբ և, հետևաբար, 33-րդ համարում այն չէր կարող ունենալ «Սուրբ Հոգի» նշանակությունը։

   «Որտե՞ղ դուք դրեցիք նրան» - այս խոսքերով Տերը հասկացնում է, որ Նա մտադիր է ինչ-որ մի բան անել, որպեսզի այդպիսով զորացնի մարդկանց մեջ տկարացած հավատն Իր հանդեպ՝ որպես Կյանքի Պարգևիչի: Միևնույն ժամանակ, սակայն, Քրիստոս խորը ըմբռնում է ցուցաբերում մարդկային համընդհանուր վշտի զգացման հանդեպ, որը տվյալ դեպքում դրսևորվում էր Իր մահացած ընկերոջ նկատմամբ. Հիսուս լաց է լինում: Այո՛, Հովհաննեսի Ավետարանում նույնպես Հիսուս ներկայանում է ո՛չ միայն որպես Աստված, այլ նաև որպես մարդ...
--------------------------------
[33] (Էջմիածին թարգմ․) Երբ Յիսուս տեսաւ, որ նա լալիս է, եւ նրա հետ եղող հրեաներն էլ լալիս են, սաստիկ խռովուեց իր հոգում եւ ասաց.
(Արարատ թարգմ․) Երբ Հիսուսը տեսավ, որ նա և նրա հետ եկած հրեաները լաց են լինում, հոգով խռովվեց և հուզվեց։
(Գրաբար) Յիսուս իբրեւ ետես զնա զի լայր. եւ որ ընդ նմայն էին հրեայքն՝ լային, խռովեցա՛ւ յոգի իւր իբրեւ զայրացեալ,