Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 11:35

Սուրբ Բարսեղ Մեծ

«Հիսուսն արտասվեց»։
   
   («Գոհաբանության մասին զրույցից»)։

   Այն մասին, որ Տերը լաց եղավ Ղազարոսի և քաղաքի համար, կարող ենք ասել հետևյալը, որ Հիսուս թե՛ կերավ, և թե՛ խմեց ոչ թե այն պատճառով, որ Նա դրա կարիքն ուներ, այլ որպեսզի քեզ համար սահմաներ հոգուն անհրաժեշտ զգացմունքների չափն ու սահմանը: Այդ իսկ պատճառով էլ Նա նաև լաց եղավ, որպեսզի այդպիսով չափավորի ողբալու և առատահորդ արցունքներ հեղելու հակվածների չափից դուրս զգայունությունն ու փոգրոգությունը: Քանի որ, ինչպես մնացած ամեն բան, այդպես նաև լացը պետք է որ ներդաշնակության մեջ լինի բանականության հետ՝ որոշարկելով, թե ում համար, ինչքան, երբ և ինչպես պետք է արցունք թափել: Իսկ այն, որ Տիրոջ արցունքները թափվեցին ոչ թե զգացմունքային հորձանքից դրդված, այլ մեզ ուսուցանելու նպատակով, պարզ է դառնում հետևյալ խոսքերից. «Ղազարոսը՝ մեր ընկերը, ննջել է, սակայն Ես գնում եմ, որ նրան արթնացնեմ» (Հովհ․ 11։11)։ Մեզանից քանի՞սն են արտասվում քնած ընկերոջ համար, ում մասին վստահություն ունեն, որ շուտով պիտի արթնանա քնից: «Ղազարո՛ս, դո՛ւրս եկ» (Հովհ․ 11։43), և մահացածը կենդանացավ, կապկպվածը սկսեց քայլել: Սա մի հրաշք էր՝ տեղ գտած մեկ այլ հրաշքի մեջ, քանի որ թեպետ Ղազարոսի ոտքերը կապված էին թաղման համար նախատեսված պատանքների մեջ, սակայն դրանք շարժվելու համար որևէ խոչընդոտի չեն հանդիպում: Այստեղ զորացնող հանգամանքն ավելի զորեղ էր, քան խոչընդոտող հանգամանքը։ Ուրեմն ինչո՞ւ Հիսուս, մտադրված լինելով գործել այդ հրաշքը, սույն դեպքը արցունքների արժանի համարեց։ Մի՞թե այստեղից պարզ չի դառնում, որ Նա, ամեն հարցում աջակցելով մեր տկարությանը, որոշակի չափի մեջ և որոշակի սահմաններում է պարփակում մեզ անհրաժեշտ զգացմունքային արարքները՝ այդպիսով մի կողմից կանխելով կարեկցանքի իսպառ բացակայությունը, որովհետև դա գազանային անտարբերություն կլիներ, մյուս կողմից էլ, սակայն, թույլ չտալով, որ անձնատուր լինենք վշտին և հորդահոս արցունքներ հեղենք, քանի որ դա էլ մեր կողմից փոգրոգության դրսևորում կլիներ։ Հետևաբար, Իր ընկերոջ համար արցունք թափելով՝ Հիսուս Ինքը մարդկային բնության հետ հաղորդակցության օրինակ ցույց տվեց և մեզ ազատեց այս կամ այն ​​հարցում ավելցուկներին տրվելու սովորությունից՝ պատվիրելով, որ մենք անձնատուր չլինենք զգացմունքներին, բայց և՝ անզգայունությամբ չընդունենք մեզ պատահող վշտերը: Ճիշտ այնպես, ինչպես էր Տերը քաղց էր զգում, երբ Նրա օրգանիզմին անհրաժեշտ կերակուրը սպառվում էր, ծարավում էր, երբ Նրա մարմնի խոնավությունը պակասում էր, և հոգնում էր, երբ ճանապարհորդության ժամանակ Նրա մկաններն ու ջիլերը չափազանց ձգվում էին։ Սակայն երբ այդ ամենը տեղի էր ունենում, ո՛չ թե Նրա Աստվածությունն էր հոգնում աշխատանքից, այլ մարմի՛նը, որը, իր բնույթով պայմանավորված, փոփոխություններ էր կրում։ Այդպիսով, Հիսուս թույլ տվեց, որ Իր արցունքները թափվեն՝ այդպիսով չխոչընդոտելով, որ մարմնին հատուկ մի բնական փոփոխություն տեղի ունենար։
   

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Հիսուսն արտասվեց։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու գլուխ 11:33
   

Երանելի Թեոֆիլոս Օհրիդացի

«Հիսուսն արտասվեց»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու գլուխ 11:33

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ Յիսուս արտասուեց:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու գլուխ 11:17

   

Լոպուխին

Հիսուսն արտասվեց։ [35] (Սինոդական թարգ․)

   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու գլուխ 11:33

--------------------------------
[35] (Էջմիածին թարգմ․) Եւ Յիսուս արտասուեց:
(Արարատ թարգմ․) Հիսուսն արտասվեց։
(Գրաբար) Եւ արտասուեա՛ց Յիսուս: