Ստեփանոս Սյունեցի
1-2․ Յիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու Աւետարանի սկիզբը: Ինչպէս որ գրուած է մարգարէների գրքերում. «Ահաւասիկ ես ուղարկում եմ իմ պատգամաւորին քո առաջից, որ կը պատրաստի քո ճանապարհը քո առաջ»:
«Հիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու Ավետարանի սկիզբը: Ինչպես որ գրված է Եսայի մարգարեի գրքում»:
Ըստ Մարկոսի այս ավետարանը ոչնչով չի զանազանվում Մատթեոսի [ավետարանից], այդ պատճառով այս մեկնությունը համառոտ ենք ասում, քանի որ ավելորդ ենք համարում մեկ անգամ ասվածները՝ նույնությամբ, կրկնել:
Մաղաքիա արք. Օրմանյան
1-5․ Յիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու Աւետարանի սկիզբը: Ինչպէս որ գրուած է մարգարէների գրքերում . «Ահաւասիկ ես ուղարկում եմ իմ պատգամաւորին քո առաջից, որ կը պատրաստի քո ճանապարհը քո առաջ»: Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք նրա շաւիղները»: Յովհաննէսը մկրտում էր անապատում եւ քարոզում ապաշխարութեան մկրտութիւն՝ մեղքերի թողութեան համար: Ամբողջ Հրէաստանը եւ բոլոր երուսաղէմացիները գնում էին նրա մօտ եւ մկրտւում նրանից Յորդանան գետում՝ խոստովանելով իրենց մեղքերը:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 3:1
Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի
Յիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու Աւետարանի սկիզբը:
Մկրտությունը Հին Ուխտի ավարտն ու Նոր Ուխտի սկիզբն է: Եվ Հովհաննեսը այդ անցումը սկզբնավորողն է, ուստի կանանցից ծնվածների մեջ նրանից մեծը չկա (Ղուկ․ 7:28): Նրանով ավարտվեց մարգարեների շրջանը (քանի որ բոլոր մարգարեները և օրենքը մինչև Հովհաննեսն էին (Մատթ. 11:13, Ղուկ․ 16:16)) և Նրանով ավետարանական գործի սկիզբը տրվեց: Որովհետև նախ ասվում է «Հիսուս Քրիստոսի Ավետարանի սկիզբը», և կարճ ժամանակ անց հավելվում. «Հովհաննեսը մկրտում էր անապատում» (Մարկ․ 1:4):
Որոգինես
Յիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու Աւետարանի սկիզբը:
Ավետարանը նախևառաջ Հիսուս Քրիստոսի ավետարանն է. Ով ամբողջությամբ փրկվելիք մարմնի գլուխն է (տե՛ս Եփես. 4:15, Կող. 1:18)։ ինչպես Մարկոսն է ասում. «Հիսուս Քրիստոսի Ավետարանի սկիզբը»: Սակայն Ավետարանի սկիզբը ողջ Հին Կտակարանն է, որի պատկերը Հովհաննեսն է: Բայց հանուն Նոր և Հին Ուխտերի կապի ընդգծման, այստեղ Հովհաննեսի միջոցով է ներկայացվում նաև Հին Ուխտի ավարտը:
Ա. Լոպուխին
Հիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու Աւետարանի սկիզբը: (Սինոդական թարգ․)[1]
Ըստ ռուսերեն թարգմանության՝ առաջին համարը անմիջական կապ ունի հաջորդ երեք համարների հետ, և այս առաջին չորս համարների միտքը, համաձայն ընդունված ընդհանուր մեկնաբանության (տե՛ս Толк. Еванг.еп. Михаила), այսպիսին է. «Քրիստոսի Ավետարանի սկիզբը` Փրկչի լիաշնորհ արքայության մոտենալտւ ավետիսը, Հովհաննես Մկրտչի հայտնվելն էր, որը քարոզում էր ապաշխարության մկրտություն մեղքերի թողության համար»: Սակայն առաջին համարի այսպիսի ընկալման հետ չի կարելի համաձայնել։ Եթե առաջին համարի նախադասությունը համարվում է ենթակա, իսկ չորրորդ համարի շարունակությունը ստորոգյալ (այս դեպքում երկրորդ և երրորդ համարները լինում են ծանոթագրական նախադասություններ), ապա ստացվում է, որ դրանց մեջ եղած ժամանակը չափազանց երկարաձգված է, մինչդեռ Մարկոս ավետարանիչն Ավետարանի բոլոր հատվածներում իր մտքերը հակիրճ նախադասություններով է արտահայտում։ Հետո։ Եթե ավետարանիչը ցանկանում է իր ընթերցողներին հատկապես ցույց տալ, որ Հովհաննես Մկրտչի խոսքը Ավետարանի սկիզբն է, ապա կարելի է ակնկալել, որ նա պետք է հստակ նշեր նաև, թե որն է այդ սկզբի շարունակությունը: Այնուամենայնիվ, մենք հետագայում նման ճշգրիտ նշում չենք գտնում: Հաշվի առնելով վերոգրյալը՝ ավելի լավ է բնականորեն ընդունել առաջին համարի այնպիսի ըմբռնումը, ըստ որի՝ այն գրքի վերնագիրն է:
«Հիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու Ավետարանի սկիզբը» («Հիսուս Քրիստոսի» արտահայտությունը դրված է տրական հոլովով, որն էլ ցույց է տալիս պատկանելություն), այսինքն՝ բարի լուրը, ինչպես այն հռչակեց Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին, այն ձևով կամ այն տեսքով, որով այն առաջարկվում էր քրիստոնեական լուսավորության սկզբնական շրջանում Քրիստոնեական եկեղեցի նոր մուտք գործած քրիստոնյաներին (այս մասին ավելի մանրամասն ընթերցի՛ր «Մարկոսի ավետարանը գրելու նպատակի մասին» հոդվածում գտնվող «ներածության» մեջ):
«Հիսուս Քրիստոսի» արտահայտության մասին ավելի մանրամասն ընթերցի՛ր Մատթեոս 1.1 համարի մեկնաբանության մեջ։
«Աստծու Որդի»։ Եթե Մատթեոս ավետարանիչը, որն իր Ավետարանը գրել էր հրեա քրիստոնյաների համար, նրանց պետք է ցույց տար, որ Քրիստոս սերում է հրեա ժողովրդի նախահայրերից՝ Դավիթից և Աբրահամից (Մատթ. 1:1), ապա Մարկոս ավետարանիչը, որն իր Ավետարանը գրում էր հեթանոսներից դարձի եկած քրիստոնյաների համար, նման նշման անհրաժեշտություն չուներ: Նա ուղղակի Քրիստոսին անվանում է Աստծո Որդի, իհարկե, որպես Հոր Միածնի (Մատթ. 16:16) բացառիկ իմաստով: Բայց եթե Ավետարանը, որը Մարկոսը հետագայում առաջարկում է իր ընթերցողներին, գալիս է Աստծո Որդուց, ապա այն, ինչպես ինքն է ասում, պետք է բոլորի համար անվիճելի հեղինակություն ունենա։ (Որոշ հին ձեռագրերում (օրինակ՝ Սինայականում) և որոշ Սուրբ Հայրերի և եկեղեցական գրողների մոտ «Աստծո որդի» արտահայտությունը բացակայում է: Բայց ձեռագրերի մեծ մասը, ինչպիսիք են Վատիկանյանը, Փարիզյանը և սիրիական ու լատինական թարգմանությունները, ունեն այս լրացումը]:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Յիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու Աւետարանի սկիզբը:
(Արարատ թարգ․) Աստծու Որդու՝ Հիսուս Քրիստոսի Ավետարանի սկիզբը։
(Գրաբար) Աւետարանի Յիսուսի Քրիստոսի որդւոյ Աստուծոյ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: