Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 6:7

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ նա զարմանում էր նրանց անհաւատութեան վրայ: Եւ շրջում էր շրջակայ գիւղերում եւ ուսուցանում:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:1
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Նա իր մօտ կանչեց  Տասներկուսին եւ սկսեց ուղարկել նրանց երկու-երկու ու պիղծ ոգիների վրայ նրանց իշխանութիւն տուեց:
   
   Հաջորդիվ ոչ միայն Ինքն Անձամբ է ուսուցանում, այլ նաև Իր աշակերտներին է ուղարկում՝ ընդ որում երկու−երկու, որպեսզի նրանք ավելի համարձակ լինեն: Հակառակ դեպքում, եթե Նա նրանց մեկ առ մեկ ուղարկեր, ապա մեկը չէր կարողանա համարձակորեն գործել, իսկ եթե երկու հոգուց ավելի մեծ խմբերով ուղարկեր, ապա առաքյալների թիվը չէր բավարարի բոլոր գյուղերի համար: Ուստի անմիջապես երկու−երկու է ուղարկում. «Երկու հոգով ավելի լավ է, քան մենակ»,− ասում է Ժողովողը (Ժողովող 4։9):
   

Ա. Լոպուխին

Նա իր մօտ կանչեց  Տասներկուսին եւ սկսեց ուղարկել նրանց երկու-երկու ու պիղծ ոգիների վրայ նրանց իշխանութիւն տուեց: (Սինոդական թարգ․)[7]
   
   Մինչև 14−րդ համարը խոսքը առաքյալներին քարոզի ուղարկելու մասին է (Մատթ. 9։35, 10։1-5, 11։1, Ղուկ. 9։1−6): Մարկոս Ավետարանիչը, Մատթեոսի հետ համեմատած, Քրիստոսի կողմից առաքյալներին տրված ցուցումներից միայն մի քանիսի մասին է փոխանցում:

   «Սկսեց ուղարկել»։ Որոշ մեկնաբաններ (օրինակ՝ Լագրանժը) «սկսեց» արտահայտությունը համարում են պարզ արամեերենի ազդեցություն, որն այստեղ, ինչպես նաև այլ հատվածներում (տե՛ս օրինակ համար 2), ոչ մի կարևոր իմաստ չունի։ Բայց Մարկոսի Ավետարանի տեսանկյունից, որում բազմիցս հասկացվում է, որ Տերն առաքյալներին աստիճանաբար է պատրաստում իրենց ծառայության համար, այս արտահայտությունը պետք է կարևոր իմաստ ունենա: Ավետարանիչը սրանով ցանկանում է ասել, որ Տերն արդեն  Գալիլեայում որպես անկախ քարոզիչներ հանդես գալու համար  Իր աշակերտներին պատրաստ է համարում: Այժմ՝ այս քարոզչական գործում, նրանք հանդես են գալիս որպես Քրիստոսի օգնականներ: Տերը ցանկանում է, որ նրանք իրենք շրջեն Գալիլեայում, և իրենց սեփական փորձով համոզվեն, թե որքան  դժվար է գործը  և աստիճանաբար իրենց համար պարզեն, թե ինչն է դեռ իրենց պակասում: Սակայն նրանք միայն ապաշխարության անհրաժեշտության մասին քարոզելու իրավունք են ստանում (Մարկ. ​​6։12):

«Երկու−երկու»։ Առաքյալներն այնուհետև պետք է գնային վեց տարբեր ուղղություններով: Երկուսով ճանապարհորդելն առաքյալներին ձեռնտու էր նրանով, որ հրեական օրենքի տեսանկյունից (Բ Օր. 19։15) նրանք ամենուրեք  որպես հուսալի վկաներ էին հանդես գալու։ Հիվանդության կամ որևէ դժբախտության դեպքում նրանք կարող էին նաև օգնել միմյանց: Միևնույն ժամանակ Մարկոսը չի հիշատակում հեթանոսներին քարոզելու արգելքի մասին (Մատթ. 10։5), քանի որ նա իր Ավետարանը գրել է հատուկ հեթանոսությունից (դարձի եկած) քրիստոնյաների համար և այդ մասին հիշեցմամբ չի ցանկացել տրտմեցնել նրանց քրիստոնեական ուրախությունը։  Ինչպես նաև այնուհետև այդ արգելքը չեղյալ է հայտարարվում հենց Քրիստոսի կողմից (Մատթ. 28։16):
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Նա իր մօտ կանչեց Տասներկուսին եւ սկսեց ուղարկել նրանց երկու-երկու ու պիղծ ոգիների վրայ նրանց իշխանութիւն տուեց:
(Արարատ թարգ․) Եվ իր մոտ կանչեց տասներկուսին ու սկսեց երկու-երկու ուղարկել՝ նրանց իշխանություն տալով պիղծ ոգիների վրա։
(Գրաբար) Եւ կոչեա՛ց առ ինքն զերկոտասանսն, եւ սկսաւ առաքե՛լ զնոսա երկուս երկուս. եւ տայր նոցա իշխանութիւն ի վերայ այսոց պղծոց: