Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 6։17

Մաղաքիա արք. Օրմանյան

17-20. Արդարեւ, ինքը՝ Հերովդէսն էր մարդ ուղարկել, ձերբակալել էր Յովհաննէսին, կապել նրան ու բանտարկել՝ իր եղբօր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով, քանի որ Հերովդէսը նրան իրեն կին էր դարձրել, եւ քանի որ Յովհաննէսը Հերովդէսին ասում էր. «Քո եղբօր կնոջը քեզ կին առնելը օրինաւոր չէ»: Եւ Հերովդիան ոխ էր պահել նրա դէմ ու ուզում էր նրան սպանել տալ, բայց չէր կարողանում, որովհետեւ Հերովդէսը վախենում էր Յովհաննէսից, քանի որ նրան գիտէր որպէս արդար եւ սուրբ մարդու, եւ նրան հովանաւորում էր ու նրան անսալով՝ շատ բաներ էր անում եւ քաղցրութեամբ լսում էր նրան:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:3
   

Եվսեբիոս Կեսարացի

Արդարեւ, ինքը՝ Հերովդէսն էր մարդ ուղարկել, ձերբակալել էր Յովհաննէսին, կապել նրան ու բանտարկել՝ իր եղբօր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով, քանի որ Հերովդէսը նրան իրեն կին էր դարձրել,

   

   Կարճ ժամանակ անց Հերովդես Կրտսերի կողմից Հովհաննես Մկրտչի գլուխը կտրելու փաստի մասին հիշատակում  է Ավետարանը (  Մատթ․ 14:1−12), ինչպես նաև Հովսեփիոս Փլավիոսը։ Փլավիոսը տալիս է Հերոդիայի (սա Դամասկոսի Արետաս արքայի դուստրն էր․ Բ Կորնթ․ 11:32 ) անունը և պատմում է, թե ինչպես է Հերովդեսը ամուսնացել այդ կնոջ հետ՝ նրան՝ իր դեռևս կենդանի նախկին ամուսնուց բաժանելով։ Հերովդիան Հերովդեսի եղբոր նախկին կինն էր, որը  հրաժարվել էր իր նախկին օրինավոր ամուսնուց։ Հանուն նրա նաև Հովհաննեսին սպանելով՝ Հերովդեսը պատերազմի է ելնում Արետասի դեմ, որը  համարում էր, որ իր դուստրը անպատվության է ենթարկվել։ Ինչպես ասում են, այս պատերազմում տեղի ունեցած ճակատամարտերից մեկում զոհվում է Հերովդեսի ամբողջ զորքը։ Նա այս բանին հենց Հովհաննեսի դեմ կատարած չարագործության պատճառով է ենթարկվում:
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Արդարեւ, ինքը՝ Հերովդէսն էր մարդ ուղարկել, ձերբակալել էր Յովհաննէսին, կապել նրան ու բանտարկել՝ իր եղբօր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով, քանի որ Հերովդէսը նրան իրեն կին էր դարձրել,
   

   (Մարկ․ 6։17, 18 համարների մասին) Օգտվելով առիթից՝ Մարկոսն այստեղ Մկրտչի մահվան վերաբերյալ ներածական խոսք է տեղադրում: Ոմանք ասում են, որ Հերովդեսը դեռևս Փիլիպպոսի կենդանության ժամանակ է Հերովդիային վերցնում (այսինքն՝ ամուսնանում է նրա հետ), և դրա համար էլ նախատվում է որպես անօրեն, որն ամուսնացել է իր՝ դեռևս կենդանի եղբոր կնոջ հետ: Ընդհակառակը, մյուսներն էլ պնդում են, որ Փիլիպպոսն արդեն մահացել էր, բայց դուստր էր թողել: Եվ եթե Փիլիպպոսը դուստր էր թողել, ապա նույնիսկ եղբոր մահից հետո Հերովդեսը չպետք է ամուսնանար իր եղբոր կնոջ հետ: Քանզի օրենքն այն դեպքում էր եղբորը իր եղբոր կնոջը կնության առնել պատվիրում, երբ վերջինս անզավակ էր մահանում: Բայց տվյալ դեպքում (Փիլիպպոսը) դուստրը էր թողել. ուստի Հերովդեսի ամուսնությունն անօրինական էր: Քննարկվող տեղին կարելի է փոխաբերական, հոգևոր իմաստով էլ հասկանալ: Այսպիսով՝ Հերովդեսը ներկայացնում էր կոպիտ ու մարմնավոր հրեա ժողովրդին։ Նա կին առավ, այսինքն՝ կեղծ և անհեթեթ փառք: