Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 6։21

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Սակայն մի յարմար օր եկաւ, երբ Հերովդէսը իր ծննդեան տարեդարձի ընթրիքն էր տալիս իր նախարարներին, Գալիլիայի մեծամեծներին եւ հազարապետներին:
   

   Այն ժամանակ, երբ նա տանջվում էր բանտում, Հերովդեսը դառը, պիղծ և արյունարբու կերուխում էր կազմակերպում, որի տխուր ավարտն էլ մարգարեի սպանությունը եղավ:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

21-29․ Սակայն մի յարմար օր եկաւ, երբ Հերովդէսը իր ծննդեան տարեդարձի ընթրիքն էր տալիս իր նախարարներին, Գալիլիայի մեծամեծներին եւ հազարապետներին: Եւ երբ Հերովդիայի դուստրը ներս մտաւ եւ սկսեց պարել, դուր եկաւ Հերովդէսին եւ սեղանակիցներին. թագաւորը աղջկան ասաց. «Ուզի՛ր ինձնից, ինչ որ կամենում ես, եւ քեզ կը տամ»: Եւ երդուեց նրան շատ անգամ, թէ՝ դու ինձնից ինչ էլ որ ուզես, կը տամ քեզ, մինչեւ իսկ իմ թագաւորութեան կէսը: Աղջիկը դուրս գնալով իր մօրն ասաց՝ ի՞նչ ուզեմ: Եւ սա ասաց՝ Յովհաննէս Մկրտչի գլուխը: Եւ աղջիկը շտապով վերստին մտնելով թագաւորի մօտ՝ ասաց. «Ուզում եմ, որ հիմա ինձ տաս սկուտեղի վրայ Յովհաննէս Մկրտչի գլուխը»: Եւ թագաւորը սաստիկ տրտմեց, բայց իր երդումների եւ հրաւիրեալների պատճառով չուզեց նրան մերժել: Եւ թագաւորը իսկոյն դահիճ ուղարկեց ու հրամայեց բերել Յովհաննէսի գլուխը: Եւ սա գնաց գլխատեց նրան բանտում ու նրա գլուխը սկուտեղով բերեց եւ տուեց աղջկան, եւ աղջիկը տարաւ տուեց իր մօրը: Երբ Յովհաննէսի աշակերտները լսեցին, եկան վերցրին մարմինը եւ դրեցին գերեզմանի մէջ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:6

   

Սուրբ Ամբրոսիոս Մեդիոլանացի

Սակայն մի յարմար օր եկաւ, երբ Հերովդէսը իր ծննդեան տարեդարձի ընթրիքն էր տալիս իր նախարարներին, Գալիլիայի մեծամեծներին եւ հազարապետներին:
   

   Ուստի ուրախությունը պետք է ամուր համաձայնության մեջ լինի բանականության հետ, այլ  ոչ թե ոգեշնչվի անկարգ խնջույքներով և հարսանեկան երաժշտությամբ,  քանի որ համեստությունն անվտանգ չէ, և գայթակղությունն ակնհայտ է այնտեղ, որտեղ հոռի պարը զվարճանքի ուղեկիցն է: Հեթանոսական ուսուցիչներից մեկն ասել է․ «Եթե որևէ մեկը պարում է, ապա դա անում է միայն հարբած կամ խենթ վիճակում»: Եթե նույնիսկ ​​հեթանոսական իմաստության համաձայն է հարբածությունը կա՛մ խենթությունը պարելու պատճառը դառնում, ապա, մեր կարծիքով, ինչո՞ւ պետք է անտեսենք Սուրբ Գրքից վերցված օրինակները. պարուհու խնդրանքով Քրիստոսի Կարապետ Հովհաննեսի մահապատժի ենթարկվելու փաստը պարզ ապացուցում է, որ պարելը նույնիսկ ավելի վնասակար է, քան չար բարկությունից առաջացած խենթությունը:

   Իհարկե, այդպիսի փառավոր մարդու վերաբերյալ չի կարելի սահմանափակվել նման համառոտ հիշատակությամբ: Օրինակի կարևորությունը հաշվի առնելով՝ մենք պետք է ուշադրություն դարձնենք, թե ո՞վ է այդ մարդը, ո՞ւմ կողմից, ի՞նչ պատճառով  և ե՞րբ է սպանվել: Նախ՝ Արդարը սպանվում է շնացողների կողմից, և մեծ հանցագործության համար պատիժը ամբաստանյալներից փոխանցվում է դատավորին: Վերջապես դաժանության գագաթնակետն այն է (որից սովորաբար վախենում են նույնիսկ բոլոր բարբարոսները),  որ հրամանը տրվում է հանդիսավոր խնջույքի ժամանակ, և այս տխուր ու ամոթալի գործի կատարումը տեղափոխվում է խնջույքից դեպի բանտ, իսկ բանտից`խնջույք: Որքա՞ն հանցագործություն կա մեկ արարքի մեջ:

   Արքայական շքեղությամբ թաղման խնջույք է կազմակերպվում,  և երբ սովորականի պես հսկայական բազմություն է հավաքվում, հենց այդ պահին, խորհրդավոր հրամանի համաձայն, պարելու համար մարդկանց աչքի առաջ է հայտնվում թագուհու դուստրը: Նա ուրիշ ի՞նչ կարող էր սովորել շնացող կնոջից, եթե ոչ ամոթը կորցնել: Բացառությամբ պարից ուրիշ ի՞նչը կարող է այնքան գրգռել ցանկությունները․ քանզի անկանոն շարժումների միջոցով (աչքերի խաղ, գլխի շարժում և մազերի սփռում) մերկացվում են մարմնի այն գաղտնի մասերը, որոնք կա՛մ բնությունն ինքն է թաքցրել, կա՛մ էլ պարկեշտության պահանջը: Բնականաբար, այստեղ բանը հասնում է Աստովածհայհոյությանը: Արդյո՞ք կարող է ակնածանք լինել այնտեղ, որտեղ պարում, աղմուկում և գոռգոռում են:

   

Ա. Լոպուխին

Սակայն մի յարմար օր եկաւ, երբ Հերովդէսը իր ծննդեան տարեդարձի ընթրիքն էր տալիս իր նախարարներին, Գալիլիայի մեծամեծներին եւ հազարապետներին: (Սինոդական թարգ․) [21]
   
«Հազարապետները» Հերովդեսի բանակի ռազմական հրամանատարներն են: «Մեծամեծները» (oi prwtoi) ազնվականներն են:
--------------------------------
[21] (Էջմիածին թարգ․) Սակայն մի յարմար օր եկաւ, երբ Հերովդէսը իր ծննդեան տարեդարձի ընթրիքն էր տալիս իր նախարարներին, Գալիլիայի մեծամեծներին եւ հազարապետներին:
(Արարատ թարգ․) Մի հարմար օր պատահեց, երբ Հերովդեսն իր ծննդյան օրն ընթրիքի էր հրավիրել նախարարներին, զորապետներին ու Գալիլեայի մեծամեծներին։
(Գրաբար) Իբրեւ ա՛ւր մի լինէր պարապոյ, յորժամ ընթրի՛ս տայր Հերովդէս՝ յաւուր ծննդոց իւրոց, նախարարա՛ց իւրոց եւ հազարապետաց եւ մեծամեծա՛ց գալիլեացւոց.