Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 8։1

Թեոֆիլակտ Բուլղարացի (†1107)

1-3․ Այդ օրերին ժողովուրդը դարձեալ շատ էր, եւ ուտելու բան չունէին: Յիսուս կանչեց իր աշակերտներին եւ ասաց նրանց. «Սիրտս ցաւում է այս ժողովրդի համար, որովհետեւ արդէն երեք օր է, որ ինձ մօտ են. եւ բան չունեն, որ ուտեն: Եթէ նրանց իրենց տներն արձակեմ քաղցած, ճանապարհին ուշագնաց կը լինեն, որովհետեւ նրանցից ոմանք հեռուներից են եկել»:
   
    Տերը նախկինում էլ էր նման հրաշք կատարել: Բարեպատեհ առիթ ունենալով՝ Նա հիմա էլ է հրաշքներ գործում: Իսկ պարագան այնպիսին էր, որ մարդիկ արդեն երեք օր Նրա մոտ էին, և ճանապարհորդության համար վերցրած ամբողջ սնունդը սպառվել էր: Իսկ Տերը ոչ միշտ էր հացը բազմացնելու հրաշքը կատարում, որպեսզի չմտածեին, թե բազմությունը հետևում է Նրան սոսկ կերակրվելու համար: Ուստի այս դեպքում ևս, Նա չէր դիմի հրաշագործության, եթե սննդի պակասը , ակներևաբար, մարդկանց վտանգ չսպառնար։  Բայց դու նայիր  աշակերտներին, թե որքա՜ն անմիտ են դեռևս,  չունեն հավատ Նրա զորության հանդեպ, չնայած որ ականատես են եղել հրաշքների: Այնուամենայնիվ, Տերը չի հանդիմանում աշակերտներին, դրանով իսկ մեզ ուսուցանելով չափազանց խիստ չվարվել անփորձների հետ, այլ ներել նրանց, տեսնելով, որ դեռևս չեն հասկանում: Խորհի՛ր նաև այն մասին, որ Քրիստոս չի ցանկանում որևէ մեկին քաղցած արձակել, Նա ցանկանում է բոլորին Իր նվերներով հագեցնել, և հատկապես նրանց, որոնք Իր հետ էին երեք օր, այսինքն մկրտվածներին: Քանի որ մկրտությունը կոչվում է լուսավորվածություն-սրբագործում և կատարվում է երեք անգամ [մկրտության ավազանում] ընկղմվելով, ուստի մկրտությամբ սրբագործվածները երեք օրական են:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

1-9. Այդ օրերին ժողովուրդը դարձեալ շատ էր, եւ ուտելու բան չունէին: Յիսուս կանչեց իր աշակերտներին եւ ասաց նրանց. «Սիրտս ցաւում է այս ժողովրդի համար, որովհետեւ արդէն երեք օր է, որ ինձ մօտ են. եւ բան չունեն, որ ուտեն: Եթէ նրանց իրենց տներն արձակեմ քաղցած, ճանապարհին ուշագնաց կը լինեն, որովհետեւ նրանցից ոմանք հեռուներից են եկել»: Աշակերտները նրան պատասխանեցին եւ ասացին. «Որտեղի՞ց կարող ես նրանց հացով կշտացնել այս ամայի վայրում»: Եւ նա հարցրեց նրանց. «Քանի՞ նկանակ հաց ունէք»: Եւ նրանք ասացին՝ եօթը: Եւ նա հրամայեց ժողովրդին նստել գետնի վրայ. եւ վերցնելով եօթը նկանակները՝ գոհութիւն յայտնեց Աստծուն, կտրեց եւ տուեց աշակերտներին, որ դնեն ժողովրդի առաջ. եւ նրանք հացը ժողովրդի առաջ դրեցին: Եւ քիչ թուով ձկներ էլ ունէին. եւ նա այդ եւս օրհնեց ու հրամայեց նրանց առաջ դնել: Կերան եւ կշտացան եւ եօթը զամբիւղ աւելացած կտորտանքներ վերցրին: Եւ նրանք, որ կերան, մօտ չորս հազար հոգի էին. եւ նրանց արձակեց:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 15:32