Դանիելի մարգարեության մեկնություն 4(3):12

Սուրբ Հովհան Ոսկեբերան

12-13․ Արդ, այստեղ կան հրեայ մարդիկ, որոնց դու նշանակեցիր Բաբելոնի գործերի վրայ՝ Սեդրակը, Միսակը եւ Աբեդնագովը, որոնք չհնազանդուեցին քո հրամանին, արքա՛յ. նրանք չեն պաշտում քո աստուածները, չեն երկրպագում քո կանգնեցրած այդ ոսկէ արձանին: Այն ժամանակ Նաբուքոդոնոսորը բարկութեամբ եւ ցասումով հրամայեց բերել Սեդրակին, Միսակին եւ Աբեդնագովին: Եւ նրանց բերեցին թագաւորի առաջ:
   
   Ինչո՞ւ Դանիելն այստեղ չի երևում: Ինձ թվում է, որ իրազեկողները նրա անունը վախից չեն տալիս, կամ էլ թագավորը, նրա նկատմամբ ունեցած հարգանքից ելնելով, չի ստիպում նրան, որպեսզի նա ակնհայտ հանդիմանող չլինի։ Ոմանք դրա պատճառը տեսնում են նրա Բաղդասար անվանվելու մեջ (նրանց մոտ սա կուռքի անվանում էր), ուստի Աստված այնպես է կազմակերպում, որ Դանիելը հնոց չի նետվում, որպեսզի նրանք նրա ազատումը չվերագրեն այս անվան զորությանը և չխուսափեն հանդիմանվելուց: Ի՞նչ է, երեք երիտասարդները ոչինչ չէի՞ն կարող անել: Իհա՛րկե, նրանք ևս կարող էին բացահայտել այս գործը:  Բայց ինչո՞ւ Աստված այնպես չի անում, որ նրանք նախապես կանխատեսեին իրենց փրկության մասին: Քաղդեացիները զրպարտում էին նրանց, քանի որ նախանձը շատ բան է անում: Նրանք չէին կարողանում հանդուրժել ու տեսնել, որ գերիները իշխում են իրենց վրա: Սակայն տե՛ս՝ ինչպես Դանիելի կողմից  երազի մեկնաբանության ժամանակ նրանք նախ իմացան նրա կենսակերպը և հեզությունը, իսկ հետո միայն տեսան նշանները, այնպես էլ այստեղ նախ երիտասարդները հայտնի են դառնում, և Աստված բացահայտում է նրանց բարեպաշտությունը, իսկ անձամբ նրանք, այդպես պատրաստված լինելով, չեն հայտնվում: Դուք գիտեք, որ կենդանի մնալու հույսը կորցրած ու մեռնելու պատրաստ մարդն ունակ է ցանկացած, նույնիսկ շատ համարձակ թվացող քայլերի դիմելու: Բայց նրանք արհամարհում էին մահն ու հեզ էին, քանզի համարձակությունը հանդգնության չէին վերածում և սա փառասիրությունից դրդված չէին անում:
   

Ա․ Լոպուխին

«Հրեա մարդիկ կան, որոնց դու նշանակել ես Բաբելոնի երկրի գործերի վրա՝ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը. այդ մարդիկ չեն հնազանդվում քո հրամանին, ո՛վ թագավոր, քո աստվածներին չեն ծառայում և քո կանգնեցրած ոսկե արձանին երկրպագություն չեն մատուցում»։ (Սինոդական թարգ․) [12]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 4(3):8
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Արդ, այստեղ կան հրեայ մարդիկ, որոնց դու նշանակեցիր Բաբելոնի գործերի վրայ՝ Սեդրակը, Միսակը եւ Աբեդնագովը, որոնք չհնազանդուեցին քո հրամանին, արքա՛յ. նրանք չեն պաշտում քո աստուածները, չեն երկրպագում քո կանգնեցրած այդ ոսկէ արձանին:
(Արարատ թարգ․ 3։12) Մի քանի հրեաներ կան, որոնց դու նշանակել ես Բաբելոնի գավառը կառավարելու համար՝ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը. այս մարդիկ քո հրամանին ուշադրություն չեն դարձնում, ո՛վ թագավոր, քո աստվածներին չեն պաշտում և քո կանգնեցրած ոսկե արձանին երկրպագություն չեն անում»։
(Գրաբար) Արդ՝ ե՛ն աստ ա՛րք Հրէայք՝ զորս կացուցեր’ի վերայ գործոց աշխարհիս Բաբելացւոց, Սեդրաք, Միսաք, և Աբեդնագով. որ ո՛չ հնազանդեցան հրամանի քում ա՛րքայ. և զդիս քո ո՛չ պաշտեն, և պատկերիդ ոսկւոյ զոր կանգնեցեր՝ երկիր ո՛չ պագանեն։