Սուրբ Եփրեմ Ասորի
Մէկ եւ կէս եօթնեակում պիտի դադարեցնի սեղաններն ու զոհաբերութիւնները. ապականութիւնը պիտի հասցնի մինչեւ վերջին ծայրը, մինչեւ որ վախճան եւ տագնապ բերի այդ ապականութեան եւ զօրացնի շատերի ուխտը: Մէկ եւ կէս եօթնեակում պիտի վերանան զոհերն ու ընծաները, աւերածութեան պղծութիւնը պիտի մնայ տաճարի վրայ, ու մինչեւ ժամանակի վախճանը վերջ պիտի տրուի աւերուածին՚»:
Եվ մինչ ամայացման համար որոշված ժամանակի ավարտը «կտրվի ավերվածին»: Քանի որ այս գերությունը նման չի լինի Եգիպտոսի կամ Բաբելոնի գերությանը: Հրեաները Եգիպտոսից վերադարձան չորս հարյուր տարի հետո, իսկ Բաբելոնից կվերադառնան յոթանասուն տարի հետո: Աստծո կողմից որոշված այս ամայացումը չի ավարտվի և ընդմիշտ «կտրվի ավերվածին... Եվ կզորացնի շատերի ուխտը»։ Մահացած Թագավոր−Քրիստոսն Իր արյունով «կզորացնի շատերի ուխտը: Մեկ և կես յոթնյակում կվերանան զոհերն ու ընծաները»։ Դրանք հաստատողն էլ կվերացնի դրանք․ «Ավերածության պղծությունը կմնա տաճարի վրա» (Դան. 9․27), որովհետև հռոմեացիներն արծիվ են բերելու տաճար և իրենց թագավորի պատկերի հետ միասին դնելու են այնտեղ: Սա համահունչ է ասվածի հետ. «Ե՞րբ տեսնեք Դանիել մարգարեի կողմից ասված ամայության պղծությունը» (Մատթ. 24․15): «Ու մինչև ժամանակի վախճանը վերջ կտրվի ավերվածին», այսինքն՝ Երուսաղեմը Աստծո հրամանագրի կատարումից առաջ մոռացության և ամայացման կմատնվի (Դան. 9։27):
Ա․ Լոպուխին
«Եվ ուխտը շատերի համար մեկ յոթնյակ պիտի հաստատի, և յոթնյակի կեսին պիտի դադարեցնի զոհը և ընծաների մատուցումը, ու սրբարանի եզրի վրա ավերածության գարշությունը պիտի լինի, և վերջնական, նախասահմանված կործանումը պիտի հեղվի ավերողի վրա»։ (Սինոդական թարգ․)[27]
Վերջին, այսինքն՝ յոթանասուներորդ յոթնյակում է ընկնում «շատերի ուխտի զորացումը»: «Ուխտ» բառը (եբրայերեն՝ «բերիթ») Սուրբ Գրքում օգտագործվում է՝ մատնանշելու համար ազգերի (Հեսու․ 9։6 և այլն) և անհատների (Ա Թագ․ 18։3, 23։18 և այլն) միջև կնքված դաշինքները, սակայն ամենից հաճախ, Դանիել մարգարեի գրքում գրեթե ամբողջությամբ (Դան. 9։4, 11։22, 28, 30, 32), օգտագործվում է՝ մատնանշելու համար ուխտը՝ մարդկանց հետ Աստծո դաշինքը: Մեսիայի սպանության համար հրեա ժողովրդի վերոհիշյալ (Դան. 9։26) մերժումը պետք է Դանիել մարգարեին հուշեր, որ այս ուխտի ներքո նկատի է առնվում ոչ թե հրեաների հետ Աստծու նախկին ուխտը, այլ նոր հավիտենական ուխտը, որի մասին կանխատեսել են նրա ապրած ժամանակահատվածին մոտ ժամանակներում գործած մարգարեները՝ Երեմիան (31։31−34, 32։40, 41) և Եզեկիելը (16։60, 62, 34։25, 37։26): Ուխտը կհաստատվի «շատերի համար»:
Քանի որ Դանիելին հայտնությունը տրվել է իր ժողովրդի համար նրա արած աղոթքների համար և վերաբերում է վերջինիս ճակատագրին (Դան. 9։24), ուստի «շատերի» ներքո բնական է հասկանալ հրեա ժողովրդից «շատերին»: Ամբողջ ժողովուրդը Աստծո հետ նոր հաղորդության մեջ չի մտնելու։ Դուրս են մնալու Մեսիային սպանողները, հայտնությունը մարդկանց մի հատվածի համար էլ է հռչակում այս մերժումն ու ոչնչացումը (Դան. 9։26): Իրապես, ըստ Գործք Առաքելոցի վկայության, ոչ բոլոր հրեաները, այլ միայն նրանցից «շատերը» հավատացին Հիսուս Քրիստոսին և դարձան Նոր կտակարանի եկեղեցու անդամները: Դրանց թվում են Պենտեկոստեի օրը Քրիստոսին ընդունած 3000 (Գործք․ 2։5, 41) և Պետրոս Առաքյալի հրաշքից և տաճարում նրա քարոզից հետո դարձի եկած 5000 հրեաները (Գործք․ 4․4): Մնացած հատվածը այնքան թշնամաբար է վերաբերվում քրիստոնեությանը, որ Սուրբ Ստեփանոսի սպանությունից հետո հավատացյալները ցրվում են Հրեաստանով և Սամարիայով մեկ (Գործք․ 7։58, 59, 8։1), իսկ առաքյալները քարոզն ուղղում են հեթանոսներին (Գործք․ 8։26, 27, 38)։
«Նոր» Ուխտի հաստատումը «Հնի» գոյությունն ավելորդ ու անպետք է դարձնում: Այն չեղյալ է հայտարարվում․ դրա հետ միասին չեղյալ են հայտարարվում նաև այն արտաքին ձևերը, որոնցում այն բացահայտվել և դրսևորվել է: Եվ քանի որ Ուխտի էությունը Աստծո հետ մարդու հաշտեցումն էր, և վերջինս դրան հասնում էր զոհաբերությունների միջոցով (Ղևտ. 17։11), ապա Հին Կտակարանի վերացումով դրանք նույնպես դադարեցվում են. «Մեկ և կես յոթնյակում պիտի դադարեցնի զոհաբերություններն (եբրայերեն «զեբախ»՝ արյունոտ զոհաբերություն) ու սեղանները (եբրայերեն «մինչա»՝ անարյուն զոհ, հացահատիկային ընծա)»։ Բայց, որպես քավության միջոց, Հին Կտակարանի զոհերը իրենց նշանակությունը կորցրին միայն Հիսուս Քրիստոսի զոհաբերությամբ, ով «մի անգամ ընդմիշտ իր իսկ արյամբ մտավ սրբարան՝ հավիտենական փրկություն ապահովելով» (Եբր. 9։12): Հետևաբար, «մեկ և կես յոթնյակում պիտի դադարեցնի զոհաբերություններն ու սեղանները» արտահայտությունը նաև Հիսուս Քրիստոսի խաչի մահվան մատնանշումն է, որը, ըստ հայտնության, պետք է ընկնի վերջին՝ յոթանասուներորդ յոթնյակի կեսին, կամ, որ նույնն է, Նրա հանրային ծառայության դուրս գալուց երեք և կես տարի հետո:
Մեկնաբանների մեծամասնության կարծիքով Հիսուս Քրիստոսի մահը եղել է մ.թ. 30 թվականին։ Այդ տարում նիսան ամսի 15−ն ընկնում է ուրբաթ։ Այդ օրն էին հրեաները ճաշակում Պասեքը, և այդ օրը խաչվեց Քրիստոս (Մարկ․ 15։42, Ղուկ․ 23։54, 56, Մատթ. 27։62, 28։1): Փրկչի հանրային ծառայությունը տևեց մոտավորապես երեք ու կես տարի:
Եբրայերեն տեքստում հայտնության հաջորդ բառերը հետևյալ կերպ են ընթերցվում՝ «Ve al kenaf shikkutsim meshomem»: «Քենաֆ»−ը ծագում է «կանաֆ» բայից և օգտագործվում է «թև» իմաստով, իսկ հետո փոխաբերական՝ առարկայի կամ տարածության եզրի իմաստով՝ հագուստի եզր (Թվեր. 15։38, Ա Թագա. 24։5, 12), եզր ու պետության սահման (Հոբ․ 37։3, 38։1, Ես․ 11։12): «Շիկկուցիմ»−ը «շիկկուց» գոյականի հոգնակի թիվն է և նշանակում է «պղծություն» (Դան. 11։31, 12։11), իսկ «մեշոմեմ»−ը «շամ» բայի դերբայական ձևն է և նշանակում է «ավերող, ավերիչ»: Եբրայերեն տեքստում «շհիկկութսիմ»−ը «կենաֆ» բառի որոշիչն է, իսկ ենթական դառնում է «մեշոմեմ»−ը: Նման կառուցվածքի պարագայում ամբողջ արտահայտությունը պետք է թարգմանվի հետևյալ կերպ. «Եվ պղծության թևին ավերող է հայտնվելու»: Այսպես են փոխանցում եբրայերեն (մասորեթիկ) տեքստը, Սիրիական թարգմանությունը (Պեշիթո). «Եվ պղծության թևերի վրա ավերող է լինելու», Ակյուղասը և Սյոմաքոսը հետևյալ կերպ են փոխանցում. «και επι της αρχης των βδελυγματων ερημωυησεται»։
Այլ թարգմանություններում ենթական համարվում է «շհիկկութսիմ»−ը, իսկ «մեշոմեմ»−ը դրա որոշիչն է: Այդպես է Յոթանասնից թարգմանության մեջ․ «και επι τον ιερον βδελυγμα των ερημωσεων εσται», Վուլգաթայում․ «et erit in tempto abominatio desolationis», ռուսերեն Սինոդալում․ «Եվ սրբարանի թևի վրա ամայության պղծություն կլինի»: Ինչ վերաբերում է այս հատվածի բացատրությանը, ապա այն չի առանձնանում բազմազանությամբ և հաստատունությամբ: Հնագույն թարգմանիչների մեծ մասը «ամայության պղծություն» արտահայտության ներքո հասկանում էր հեթանոսական աստծո արձանը կամ Հռոմեական կայսեր պատկերները, որոնք տեղադրվել էին Երուսաղեմի տաճարում դրա ոչնչացումից անմիջապես առաջ: Երանելի Թեոդորիտը և Եվսեբիոս Կեսարացին կարծում էին, որ Կեսարի պատկերը տաճար է մտցվել Պիղատոսի կողմից, Հովհան Ոսկեբերանը խոսում է Ադրիանոսի կողմից տաճարում տեղադրված պատկերի մասին, Կլեմես Ալեքսանդրացին պնդում է, որ Ներոնը պղծություն է դրել սուրբ քաղաք Երուսաղեմում, իսկ Սևլեկացի Բարսեղն էլ ասում է, որ դա արվել է Գայոսի միջոցով: Բայց նման բացատրությունները պատմությունը չի արդարացնում։ Պատմության մեջ առկա չէ Երուսաղեմի տաճարում հռոմեական կայսեր պատկերը տեղադրելու որևէ դեպք: Պատմությունից միայն հայտնի է, որ Պիղատոսը պատվիրում է Երուսաղեմում գտնվող Հերովդեսի պալատում կայսեր պատկերով սուրբ վահաններ տեղադրել, բայց դրանք Տիբերիոսի հրամանով հանվել են: Կալիգուլայի օրոք Երուսաղեմի տաճարին իրապես պղծում էր սպառնում։ Նա Հրեաստանի կառավարիչ Պետրոնիուսին տաճարում կայսեր արձանը տեղադրելու հրաման է տվել. բայց վերջինս չի կատարել հրամանը: Ի տարբերություն եկեղեցու հիշատակված հայրերի և ուսուցիչների՝ Որոգինեսը «ամայության պղծության» ներքո հասկանում է հռոմեական բանակը:
Վերջապես, ոմանք, ինչպես, օրինակ, Եվսեբիոս Կեսարացին, «ամայության պղծություն» ասելով նկատի ունեն հենց Երուսաղեմի տաճարը: Ըստ նրա, այն պահից, երբ Քրիստոսը մահացավ, և տաճարի վարագույրը պատռվեց, զոհաբերությունն ու հեղումը վերցվեցին հրեաներից, և տաճարում սկսվեց ամայության պղծությունը: Քրիստոսը դա մատնանշեց նաև հետևյալ բառերով. «Ահա ձեր տունը ավերակ կթողնվի ձեզ»: (Մատթ․ 23։38): Այդ նույն կարծիքին է նաև Երանելի Թեոդորիտը․ «Խաչի զոհաբերության միջոցով,− ասում է նա,− ոչ միայն այդ (օրենքով սահմանված) զոհաբերությունը կդադարի, այլ նաև ամայացման պղծությունը կտրվի սրբավայրին, այսինքն՝ այն, ինչը նախկինում պատվված և սարսուռ առաջացնող էր, այժմ ամայի կդառնա»: Հավատարիմ մնալով այս մեկնաբանությանը՝ քննարկվող արտահայտությունը հետևյալ կերպ են ձևակերպում. «Ավերողը կգա մինչև տաճարի սահմանները (=«պղծության թև»), այսինքն՝ պղծված քաղաքի և տաճարի սահմաններին կհայտնվի մի ամբողջ կործանարար բանակ՝ հռոմեական լեգեոնները» (Ա. Ռոժդեստվենսկի, Դանիելին տրված հայտնությունը, էջ 151−155): Հրեական ընթերցման իմաստով է նաև Յոթանասնիցի և Վուլգաթայի ընթերցումը. «Եվ տաճարում ամայության պղծություն կլինի»: Այս կանխատեսման իրականացումը տեսնում են հռոմեական զորքերի կողմից Երուսաղեմ ներխուժման մեջ: Սկսելով մ.թ. 66 թվականին կառավարած Հեսո Ֆլոր կուսակալի օրոք՝ դրանք ավարտվեցին Վեսպասիանոսի օրոք (մ․թ․ 70 թվական) քաղաքի և Տաճարի ավերմամբ: Հռոմեացիները՝ Երուսաղեմի և տաճարի կործանման վերաբերյալ աստվածային դատաստանի կատարողները, այն ավարտին կհասցնեն. «Եվ ավերածության դատավճիռը մինչև վերջ կկատարվի» (սա եբրայերեն արտահայտության ճշգրիտ թարգմանությունն է. «ve ad kala venekheratz types al shoem»):
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Մէկ եւ կէս եօթնեակում պիտի դադարեցնի սեղաններն ու զոհաբերութիւնները. ապականութիւնը պիտի հասցնի մինչեւ վերջին ծայրը, մինչեւ որ վախճան եւ տագնապ բերի այդ ապականութեան եւ զօրացնի շատերի ուխտը: Մէկ եւ կէս եօթնեակում պիտի վերանան զոհերն ու ընծաները, աւերածութեան պղծութիւնը պիտի մնայ տաճարի վրայ, ու մինչեւ ժամանակի վախճանը վերջ պիտի տրուի աւերուածին»»:
(Արարատ թարգ․ 9։27) Եվ նա շատերի համար մեկ յոթնյակ պիտի զորացնի ուխտը, և յոթնյակի կեսին պիտի դադարեցնի զոհը և հացի ընծան։ Եվ տաճարի եզրի վրա ավերումի գարշությունը կլինի, մինչև որ վերջնական և նախասահմանված պատուհասը կթափվի ավերողի վրա»։
(Գրաբար) և զօրացուսցէ զուխտ բազմաց։ Եւթներորդ մի՝ և կէս եւթներորդի բարձցին զոհք և նուէրք. և ի վերայ տաճարին պղծութիւն աւերածո՛յն կացցէ. և մինչև ի վախճան ժամանակի կատարա՛ծ տացի ի վերայ աւերածին։
Պատմամշակութային մեկնություն
Ավերածության պղծություն: «Ավերածություն»−ը («shmm» բառն է, որի մասին լրացուցիչ տեղեկությունների համար ընթերցի՛ր նաև 8․13 համարի մեկնաբանությունը) այս պարագայում ճշգրտորեն արտացոլում է իրավիճակը: Անտիոքոսի և նրա հրամանատար Ապոլոնիոսի կողմից Երուսաղեմում վերաբնակեցված Սիրիայի քաղաքացիները Երուսաղեմի տաճարի խորանի վրա տեղադրեցին սիրիական աստված Բահաղ−Շամեմի («երկնքի տիրոջ») արձանը: Անտիոքոսը այս աստվածությանը երկրպագում էր Զևս Օլիմպացու պես: Անտիոքոսի կողմից տաճարի պղծումը դարձավ սրբավայրի հետագա բոլոր պղծումների նախատիպը: Սակայն այս գաղափարը կյանքի կոչող նախադեպը առաջացավ միայն մ․թ․ա․ 6−րդ դարում: «Նաբոնիդի մասին պամֆլետ» անունը կրող հայտնի աշխատության մեջ Մարդուկի քրմերը թվարկում են այն վիրավորանքները, որոնք Նաբոնիդը հասցրել էր Մարդուկին, որի արդյունքում Աստված նրան զրկել է գահից՝ հօգուտ պարսից արքա Կյուրոսի: Նաբոնիդին առաջադրված մեղադրանքներից մեկն այն էր, որ նա պղծել էր Մարդուկի տաճարը, քանզի դրանում տեղադրել էր Սինա աստծո արձանը՝ արգելելով կատարել ամենակարևոր ծեսերը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: