Ա․ Լոպուխին
10-13. «Ապա նրա որդիները պիտի զինվեն և մեծաթիվ զորք պիտի ժողովեն, ու նրանցից մեկն արագ պիտի գնա, հեղեղի ու անցնի, և հետո՝ վերադառնալով էլ, պիտի պատերազմի նրա դեմ մինչև նրա ամրոցները»։ [10] «Եվ հարավի թագավորը պիտի բարկանա, և պիտի դուրս գա ու պատերազմի նրա դեմ՝ հյուսիսի թագավորի դեմ, և մեծ զորք պիտի դուրս բերի, և զորքը պիտի մատնվի նրա (հարավի թագավորի) ձեռքը»։ «Եվ զորքը պիտի քաջալերվի, ու հարավի թագավորի սիրտը պիտի հպարտանա. նա բյուրավորների պիտի տապալի, բայց դա նրան ավելի ուժեղ չի դարձնի»։ «Որովհետև հյուսիսի թագավորը պիտի վերադառնա ու առաջվանից ավելի մեծ զորք ոտքի պիտի հանի, և մի քանի տարի անց իսկոււյն պիտի գա հսկայական զորքով ու մեծ հարստությամբ»։ (Սինոդական թարգ․)
Պարթևների մոտ գերության մեջ վախճանված Կալինիկոսի մահվանից հետո գահ բարձրացավ նրա որդին՝ Սելևկոս Կերաունուսը: Գահ բարձրանալուց երկու տարի անց իր մերձավորների կողմից թունավորվելու պատճառով նա Եգիպտոսի դեմ ոչինչ ձեռնարկել չկարողացավ: Կերաունուսին հաջորդեց նրա եղբայր Անտիոքոսը, որը, ցանկանալով Կելե–Սիրիան ու Փյունիկիան միացնել իր թագավորությանը, պատերազմ սկսեց Եգիպտոսի արքա Պտղոմեոս Ֆիլոպատորի դեմ: Այս պատերազմի ընթացքում նա տիրեց Օրոնտեսի մոտ գտնվող Սելեկիային, Տյուրոսին և Պտղոմաիդային, երկու անգամ հասավ Կեսարիայից երկու մղոն հյուսիս ընկած Դորա քաղաքը, պաշարեց այն և, վերջապես, չորս ամիս տևողությամբ զինադադար կնքեց: Ռազմական գործողությունները վերսկսելուն պես նա մ․թ․ա․ 218 թվականին Եգիպտոսի դեմ նոր արշավանք ձեռնարկեց, որի ընթացքում եգիպտական զորքերն արգելափակեց Սիդոնում և տիրեց Գաղաադին, Սամարիային և Փյունիկիային: Սակայն հաջորդ մ․թ․ա․ 217 թվականի սկզբին Պտղոմեոս Ֆիլոպատորը 70,000 հետևակից, 5000 հեծելազորից ու 73 փղերից բաղկացած բանակով դուրս եկավ Անտիոքոսի դեմ և Գազայից ոչ հեռու գտնվող Ռաֆիայում նրան սարսափելի պարտության մատնեց: Կռվում կորցնելով 10,000 հետևակ և 300 հեծելազոր՝ Անտիոքոսը դիմեց փախուստի և փրկվեց մահից: Պատերազմը, սակայն, ավարտվեց խաղաղության հաստատմամբ: Անտիոքոսը Ռաֆիայում կրած պարտությունից 18 տարի անց, օգտվելով Պտղոմեոս Ֆիլոպատորի իրավահաջորդ Պտղոմեոս Եպիփանեսի փոքրահասակ լինելու հանգամանքից, Եգիպտոսում Ագաթոկլես թագավորի դաժանության և վատ կառավարման պատճառով առաջացած ներքին անկարգություններից, և, վերջապես, Փիլիպպոս Մեծի օգնությունից՝ դուրս եկավ Եգիպտոսի դեմ և կարողացավ առաջին հերթին տիրել Փյունիկիային և Հարավային Սիրիային (Դան. 11։16):
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) նրա որդիները զօրքի մեծ բազմութիւն պիտի հաւաքեն. նրանցից մէկը հեղեղի նման պիտի յարձակուի, անցնի եւ մինչեւ նրա ամրոցը պիտի շարունակի պատերազմել:
(Արարատ թարգ․ 11։10) Եվ նրա որդիները պիտի պատերազմեն և շատ զորքերի բազմություն ժողովեն. նա պիտի գա, հեղեղի ու անցնի։ Եվ հետ դառնալիս էլ պիտի պատերազմը նորից տանի մինչև նրա ամրոցը։
(Գրաբար) Եւ որդիք նորա ժողովեսցեն ամբոխ զօրաց բազմաց. և մտցէ դիմեալ, և հեղեղատեսցէ. և անցցէ և դադարեսցէ, և գրգռեսցի մինչև ի զօրութիւն նորա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: