Դանիելի մարգարեության մեկնություն 13(12):2

Սուրբ Եփրեմ Ասորի

Երկրում, հողի մէջ ննջածներից շատերը յարութիւն պիտի առնեն, ոմանք յաւիտենական կեանքի համար, եւ ոմանք յաւիտենական նախատինքի ու ամօթի համար։
   
   «Երկրում՝ հողի մեջ ննջածներից շատերը հարություն պիտի առնեն», որովհետև Զորաբաբելի կողմից փրկվելուց և վերականգնվելուց հետո նրանց մահացու երազի պես մի նոր աղետ կհասնի, քանի որ, երբ այն ավարտվի, հրեաները ասես հողից ոտքի կկանգնեն: «Ոմանք հավիտենական կյանքի համար», այսինքն՝ (հավիտենական կյանքի համար հարություն կառնեն բոլոր անարգանքները) համարձակորեն  կրած և արդար հրեաները: «Ոմանք հավիտենական նախատինքի ու ամոթի համար»։ Գայթակղության համար նրանք ընդմիշտ իրենց համար վատ անուն են ձեռք բերելու ժողովրդի մեջ, իսկ բարի և իմաստուն ծառաները ներկայիս դարում փայլելու են բարի անունով և փառքով, իսկ ապագայում՝ ստացած պարգևներով:
   

Ա․ Լոպուխին

«Եվ երկրի փոշու մեջ քնածներից շատերը պիտի արթնանան, ոմանք՝ հավիտենական կյանքի համար, իսկ մյուսներն էլ՝ հավիտենական նախատինքի և ամոթ համար»։ (Սինոդական թարգ․)[2]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 13(12):1
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Երկրում, հողի մէջ ննջածներից շատերը յարութիւն պիտի առնեն, ոմանք յաւիտենական կեանքի համար, եւ ոմանք յաւիտենական նախատինքի ու ամօթի համար։
(Արարատ թարգ․ 12։2) Եվ երկրի հողում քնածներից շատերը պիտի արթնանան, ոմանք՝ ի հավիտենական կյանք, իսկ ոմանք էլ՝ ի հավիտենական նախատինք և անարգանք:
(Գրաբար) Եւ բազումք ի ննջեցելոց ի հող երկրի՝ յարիցե՛ն, ոմանք ի կեանսն յաւիտենականս, և ոմանք ի նախատինս և յամօթ յաւիտենական։
   
Պատմամշակութային մեկնություն

   Հնագույն ժամանակներում Մերձավոր Արևելքում գոյություն ունեցող հարության գաղափարը: Հնագույն ժամանակներում Մերձավոր Արևելքում անդրշիրիմյան կյանքի մասին գոյություն ունեին տարբեր պատկերացումներ, բայց դրանց մերձեցնում էր մեկ բան՝ անդրշիրիմյան աշխարհում շարունակական գոյության համոզումը։ Ըստ այդ համոզման՝ այնտեղ արդարների և ամբարիշտների միջև տարբերություն չի լինելու: Իսրայելցիներն այս վայրը «շեոլ» էին անվանում (այս մասին ընթերցի՛ր Ես. 14։9–ի մեկնաբանությունը) և հավատում էին, որ «շեոլ»-ն Աստծո հետ որևէ փոխհարաբերություն թույլ չի տալիս: Քանանում և Միջագետքում գերակշռող պատկերացումների համաձայն՝ անդրաշխարհը ղեկավարում էին անդրաշխարհի աստվածները: Եգիպտական պատկերացումներում փորձության դիմացած ևանդրշիրիմյան կյանք ընկածների համար ավելի հաճելի գոյություն, իսկ դատաստանի ընթացքում չարդարացվածների համար ոչնչացում էր պատրաստվել: Այս հասկացություններից ոչ մեկը դժոխքից փրկություն, այսինքն՝ մեռելներից հարություն չէր նախատեսում: Ընդհանրապես, հին աշխարհայացքը ժամանակավոր հարության հավանականությունն ընդունում էր միայն մահացածների անմարմին հոգիների հետ ծիսական շփման կամ պտղաբերության աստվածների հարության մասին դիցաբանական պատմությունների համատեքստում: Նրանք ամեն տարի մահանում էին գյուղատնտեսական շրջանի ավարտին և «ձմեռում» էին անդրաշխարհում, իսկ գարնանը նրանց կյանքի կոչելու համար հատուկ ծեսեր էին մշակվում: Այս հասկացություններից ոչ մեկը կապ չունի հարության վարդապետության հետ: Նույն կերպ անհնար է հարության վարդապետություն անվանել անհատի կյանքի վերադարձի կամ մի ամբողջ ազգի վերածննդի դեպքերը (օրինակ՝ Եզեկիել մարգարեի գրքում եղած «չոր ոսկորները»): Հարության մասին ժամանակակից վարդապետությունը ներառում է վեց դրույթ.
   1․ հարությունն ունի անհատական, այլ ոչ թե խմբակային կամ ազգային բնույթ,
   2․ սա մարմնավոր հարություն է, այլ ոչ թե հոգևոր,
   3․ սա համընդհանուր բնույթ ունի և չի ներկայանում որպես մեկուսացված երևույթ,
   4․ սա տեղի է ունենում անդրաշխարհի ոլորտից դուրս,
   5․ սա հանգեցնում է հավիտենական անմահության,  
   6․ սա տարբերակում է արդարին և ամբարիշտին:

   Ըստ ամենայնի, այս բոլոր տարրերն առկա են զրադաշտականության մեջ, սակայն աղբյուրների բնույթը թույլ չի տալիս ճշգրիտ կերպով  որոշել Պարսկաստանում այդ հասկացությունների առաջացման ժամանակը (այս հարցը ավելի մանրամասն քննարկվում է Ես․ 26։19 համարի մեկնաբանության մեջ):