Սուրբ Եփրեմ Ասորի
«Այն ժամանակ պիտի ելնի Միքայէլ մեծ իշխանը, որ քո ժողովրդի որդիների գլխաւորն է։ Պիտի լինի նեղութեան ժամանակ, նեղութիւն, որպիսին չի եղել այն օրից, երբ ժողովուրդն առաջացաւ երկրի վրայ։ Եւ այն ժամանակ պիտի փրկուի քո ժողովուրդը, ինչպէս որ այս բոլորի մասին գրուած է գրքերում։
Այդ ժամանակ պիտի ելնի այժմ էլ ձեզ օգնող Միքայել Մեծ հրեշտակը, և պիտի ջախջախի Անտիոքոսին: «Պիտի լինի նեղության ժամանակ (այսինքն՝ դրանք պետք է լինեն նախքան Անտիոքոսի ջախջախվելը)․նեղություն, որպիսին չի եղել այն օրից, երբ ժողովուրդն առաջացավ երկրի վրա»: Այս մասին ասվում է. «Բոլոր փեսաների դեմքերից անպակաս դարձավ ողբն ու լացը, սգո բանտի վերածվեցին բոլոր հարսների ննջասենյակները, երկիրը սարսռաց իր բնակիչների համար» (Ա Մակա. 1։27, 28): «Եվ այն ժամանակ պիտի փրկվի քո ժողովուրդը, ինչպես որ այս բոլորի մասին գրված է գրքերում», այսինքն՝ քչերը պիտի փրկվեն: Գիրքը, որը հիշատակվում է այստեղ, նշանակում է կա՛մ այն օրենքը, որին հետևողները կյանք են ստանում, կա՛մ էլ Եզեկիելի ասածը. «Դրանցից մի փոքր մաս կառնես, կծրարես ու կդնես թիկնոցիդ մեջ» (Եզեկ. 5։4):
Ա․ Լոպուխին
1-3. «Եվ այն ժամանակ վեր կկենա Միքայելը՝ մեծ իշխանը, որը քո ժողովրդի որդիների կողքին է եղել. և կգա նեղության ժամանակը, որպիսին չի եղել մարդկանց գոյանալուց մինչ այս ժամանակը. բայց այդ ժամանակ կփրկվեն քո ժողովրդից բոլոր նրանք, ովքեր գրքում գրված գտնվեն»։ [1] «Եվ երկրի փոշու մեջ քնածներից շատերը պիտի արթնանան, ոմանք՝ հավիտենական կյանքի համար, իսկ մյուսներն էլ՝ հավիտենական նախատինքի և ամոթ համար»։ «Եվ իմաստունները պիտի փայլեն, ինչպես լուսատուները երկնքի հաստատության մեջ, իսկ շատերին դեպի արդարություն առաջնորդողները՝ ինչպես աստղերը, հավիտյանս հավիտենից»։ (Սինոդական թարգ․)
Այս ծանր աղետների դարաշրջանում, որը հրեա ժողովուրդը ստիպված կլինի կրել Անտիոքոս Եպիփանեսից, որպես նրա պաշտպան հայտնվելու է հրեաների հովանավոր և «իշխան» Միքայել հրեշտակապետը (Դանիել. 10։13, 21): Միայն այս «մեծ իշխանի» միջնորդությամբ նրանք կփրկվեն վերջնական կործանումից: Բայց ինչպես հրեա ժողովրդի թշնամի և հալածող Անտիոքոսը հիշեցնում է քրիստոնեության վերջին և ամենադաժան թշնամուն՝ նեռին, ճիշտ այնպես էլ նրա օրոք Աստծո ընտրյալ ժողովրդի ապրած դժվար ժամանակը ծառայում է որպես Նոր Կտակարանյան եկեղեցու գոյության վերջին ժամանակների, այսինքն՝ հակաքրիստոսի ժամանակների նեղության նախատիպ: Հայտնութան գրքի դեպքերը տեղի են ունենում հենց այս՝ աշխարհի վախճանի դարաշրջանում: Այն պատկերվում է որպես աշխարհի գոյությունից ի վեր աննախադեպ վշտի ժամանակաշրջան, ինչը չի կարելի ասել Անտիոքոս Եպիփանեսի կողմից հրեաներին պատճառված աղետների մասին, և որն էլ Հիսուս Քրիստոսի վկայությամբ վերաբերում է աշխարհի վախճանին (Մատթ. 24։21, 22): Այս դժվար ժամանակում փրկվելու են միայն նրանք, որոնց «մասին գրված է կյանքի գրքում» (Ելք. 32։32, Սաղմ. 68։29, Փիլիպ. 4։3, Հայտ. 3։5, 13։8 և այլն), այսինքն՝ Աստծո ժողովրդի բոլոր այն արդար և ճշմարիտ անդամները, որոնց Տերը սահմանել է հավիտենական կյանքի համար: Ապրողների նման նաև «հողի մեջ ննջածներից» ոմանք հարություն կառնեն հավիտենական կյանքի, իսկ մյուսները՝ հավիտենական տանջանքի համար (Հովհ. 5։29, Ա Կորնթ. 15։51−53, Ա Թեսաղ. 4։16)։ Առաջինները փայլելու են, ինչպես երկնային լուսատուները (Մատթ. 13։43, Ա Կորնթ. 15։40−42):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Այն ժամանակ պիտի ելնի Միքայէլ մեծ իշխանը, որ քո ժողովրդի որդիների գլխաւորն է։ Պիտի լինի նեղութեան ժամանակ, նեղութիւն, որպիսին չի եղել այն օրից, երբ ժողովուրդն առաջացաւ երկրի վրայ։ Եւ այն ժամանակ պիտի փրկուի քո ժողովուրդը, ինչպէս որ այս բոլորի մասին գրուած է գրքերում։
(Արարատ թարգ․ 12։1) Այն ժամանակ վեր կկենա այն մեծ իշխան Միքայելը, որ քո ժողովրդի որդիների կողքին է եղել. տագնապի ժամանակ կլինի, որպիսին չի եղել ազգի գոյանալուց մինչ այդ ժամանակը. այն ժամանակ քո ժողովուրդը կազատվի, բոլորը, ովքեր գրքում գրված գտնվեն։
(Գրաբար) Եւ ի ժամանակին յայնմիկ յարիցէ Միքայէլ իշխա՛ն մեծ, որ կայ ի վերայ որդւոց ժողովրդեան քո. և եղիցի ժամանակ նեղութեան. նեղութիւն որպիսի ո՛չ եղև յորմէ հետէ եղև ա՛զգ ի վերայ երկրի մինչև ի ժամանակն յայն. և ի ժամանակին յայնմիկ ապրեսցի ժողովուրդ քո, ամենայն որ գտցի գրեալ ի դպրութեան։
Պատմամշակութային մեկնություն
Գիրքը։ Հավանաբար, խոսքը կյանքի գրքի մասին է: Ելք 32։32−34 համարներում Մովսեսը խնդրում է ջնջել իրեն կյանքի գրքից, ինչն էլ պետք է հանգեցներ նրա մահվանը: Յահվեն պատասխանում է, որ մեղավորը պիտի ջնջվի կյանքի գրքից: Սա որոշակի երկնային գրքույկ պատկերող փոխաբերություն է, որում թվարկված են Երկրի վրա բոլոր ապրողները: Այստեղ անալոգիա է առաջացնում այն գրքի հետ, որը Էնկիդուն տեսնում է անդրաշխարհի մասին իր երազում։ Գիրք, որում բովանդակվում են նրանց անունները, որոնց վիճակված է մահանալ: Երբ որևէ մեկի մեղքերն (այնքան էին շատանում, որ) արժանի էին լինում պատժի (Յուրաքանչյուր չափի մեղք էլ պատժի է արժանի, սակայն այստեղ նկատի է առնվում այն հանգամանքը, որ մեղքերի շատ բազմանալու հետևանքով ավարտվում է ապաշխարությամբ ներման արժանանալու ժամանակը, և գալիս է պատժի ժամանակը), ապա այդ մեղավորի անունը ջնջվում էր կյանքի գրքից, որն էլ նրան դատապարտում էր մահվան: Այսպիսով՝ կապ է ստեղծվում կյանքի գրքի և դատաստանի գրքի միջև (այս մասին ընթերցի՛ր 7։10 համարի մեկնաբանությունը): Այստեղ այս գիրքը կապվում է կյանքի շարունակության հետ, քանի որ նրանք, ում անունները գրված են դրանում, խուսափելու են հետապնդումներից: Բայց սա դեռ հավիտենական կյանքի գիրքը չէ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: