Դանիելի մարգարեության մեկնություն 8(7):23

Սուրբ Կյուրեղ Երուսաղեմացի (†386)

23-24․  Նա ասաց. «Չորրորդ գազանը նշանակում է, որ չորրորդ թագաւորութիւն պիտի լինի երկրում, որ այն աւելի մեծ պիտի լինի, քան բոլոր թագաւորութիւնները, կուլ պիտի տայ ամբողջ երկիրը, պիտի կոխոտի եւ հարուածի այն: Իսկ նրա տասը եղջիւրները նշանակում են, որ տասը թագաւորներ պիտի բարձրանան, եւ նրանցից յետոյ պիտի բարձրանայ մէկ ուրիշը, որ աւելի չար պիտի լինի, քան բոլոր նախորդները, պիտի հպատակեցնի երեք թագաւորներին:
   
    Թե ի՞նչ է լինելու դրանից հետո, ասվում է հաջորդիվ. «Արդ, երբ տեսնեք սարսափելի սրբապղծությունը, որի մասին ասված է Դանիել մարգարեի միջոցով, որ հաստատված է սուրբ վայրում (ով ընթերցում է, թող հասկանա)» (Մատթ. 24։23): Եղբայրների՝ միմյանց հանդեպ ունեցած ատելությունն արդեն տեղ է տալու Նեռին: Քանզի սատանան նախապես պետք է մարդկանց մեջ երկպառակություն սերմանի, որպեսզի երբ նեռը գա, նրանք նրան ավելի հարմարավետությամբ ընդունեն:

    Այնուամենայնիվ, ինչպես նախկինում՝ մինչև նրա մարմնավորումը, երբ նրանք սպասում էին, որ Աստված ծնվելու է կույսից, սատանան չարորեն աղավաղում է այս ճշմարտությունը կռապաշտների շրջանում առասպելական այն ուսմունքի միջոցով, ըստ որի սուտ աստվածները ծնում և ծնվում են կանանցից։ Թշնամին սա այն բանի համար է անում, որպեսզի այս խաբեության ընդունման դեպքում, ինչպես նա էր կարծում, չհավատան նաև ճշմարտությանը։ Նույն կերպ էլ մինչ ճշմարիտ Քրիստոսի երկրորդ գալուստը, թշնամին, հօգուտ իրեն շրջելով հասարակ մարդկանց և հատկապես թլփատվածների սպասումը, հանդես կբերի մոգության և կախարդության խաբուսիկ և չար արվեստում շատ փորձառու մի կախարդի, որը կզավթի Հռոմեական կայսրության իշխանությունը, իրեն Քրիստոս կկոչի  և Մեսիային սպասող հրեաներին կխաբի Քրիստոսի անունով, իսկ հեթանոսներին՝ երևակայական մոգությամբ:

    Իսկ կանխատեսված նեռը կգա այն ժամանակ, երբ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանն ավարտվի, և մոտենա աշխարհի վախճանը: Միասին գահ կբարձրանան Հռոմեական տասը թագավորներ  և միգուցե տարբեր վայրերում, բայց միևնույն ժամանակ կթագավորեն: Նրանցից հետո եկող տասնմեկերորդը կբարձրանա նեռը և չար մոգական արվեստի միջոցով կվայելի Հռոմեական կայսրության վրա իր ունեցած իշխանությունը: Նա կխորտակի իրենից առաջ իշխած թագավորներից երեքին, իսկ մնացած յոթին կենթարկի իր իշխանությանը: Սկզբում նա փառավոր և ողջամիտ մարդուն վայելուչ խելամտության և մարդասիրության կդրսևորի և որպես սպասված Քրիստոս՝ ստապատիր և շողոքորթ մոգության միջոցով գործված նշաններով և հրաշքներով հրեաներին հրապուրելուց հետո  իրեն կդրսևորի անմարդկային և անօրինական բոլոր չար գործերով, այնպես որ կգերազանցի իրենից առաջ եղած բոլոր անիրավ ու ամբարիշտ մարդկանց. բոլորի և հատկապես մեր՝ քրիստոնյաներիս դեմ նա մարդասպան, դաժան, անողորմ և տարբեր ձևերով բացահայտվող մտքեր կսերմանի: Երեք տարի և վեց ամիս նա այդպես կվարվի, իսկ դրանից հետո անհրաժեշտ կլինի Աստծո Միածին Որդու՝ Տիրոջ և (մեր Փրկիչ Հիսուսի՝ ճշմարիտ Քրիստոսի  երկնքից երկրորդ փառավոր գալուստը), Ով,  «իր բերանի շնչով» սպանելով Նեռին (Բ Թեսաղ. 2։8),  նրան կհանձնի դժոխքի կրակին:

    Մենք սա ուսուցանում ենք ոչ թե մեր երևակայությունից, այլ Եկեղեցում ընթերցվող Սուրբ Գրքից և հատկապես վերջերս կարդացված Դանիելի մարգարեությունից սովորելով: Ինչպես դա բացատրում է Գաբրիել հրեշտակապետը՝ ասելով. «Չորրորդ գազանը նշանակում է, որ չորրորդ թագավորություն պիտի լինի երկրում, որ այն ավելի մեծ պիտի լինի, քան բոլոր թագավորությունները» (Դան. 7։23): Եկեղեցական մեկնիչները կարծում են, որ այս թագավորությունը Հռոմեական կայսրությունն է: Առաջինը Ասորեստանի հայտնի թագավորությունն էր, երկրորդը՝ Մեդական և Պարսկականը, նրանցից հետո եկող երրորդը՝ Մակեդոնականը, իսկ չորրորդ թագավորությունը  այժմ էլ գոյություն ունեցող Հռոմն է: Հաջորդիվ, ըստ կարգի,  բացատրելով Գաբրիելն ասում է. «Իսկ նրա տասը եղջյուրները նշանակում են, որ տասը թագավորներ պիտի բարձրանան, և նրանցից հետո պիտի բարձրանա մեկ ուրիշը, որ բոլոր նախորդներից  ավելի չար պիտի լինի» (Դան. 7։24): Հրեշտակն ավելացնում է, որ  ոչ միայն տասից, այլ նաև բոլոր թագավորներից, որոնք նրանցից առաջ են եղել: «Պիտի հպատակեցնի երեք թագավորներին», որոնք ակնհայտորեն տասից են: Այս տասից երեքին տապալելով, անկասկած, ութերորդը ինքը կթագավորի: «Բարձրյալի դեմ,– ասվում է հաջորդիվ,– խոսքեր պիտի բարբառի» (Դան. 7։25) այն մարդը, որը աստվածհայհոյող և օրինախախտ է, որը  ոչ թե իր նախնիներից է թագավորություն ստացել, այլ կախարդության միջոցով է իշխանությունը զավթել:
   

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

 Նա ասաց. «Չորրորդ գազանը նշանակում է, որ չորրորդ թագաւորութիւն պիտի լինի երկրում, որ այն աւելի մեծ պիտի լինի, քան բոլոր թագաւորութիւնները, կուլ պիտի տայ ամբողջ երկիրը, պիտի կոխոտի եւ հարուածի այն:
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 8(7):17