Երեմիայի մարգարեության մեկնություն 24:1

Ա. Լոպուխին

1–10.«Տերը ցույց տվեց ինձ. և ահա երկու կողով թուզ դրված էին Տիրոջ տաճարի առաջ` այն բանից հետո, երբ Նաբուգոդոնոսորը` Բաբելոնի թագավորը, Երուսաղեմից գերեվարեց Հեքոնիային` Հուդայի թագավոր Հովակիմի որդուն, և Հուդայի իշխանավորներին` հյուսների ու դարբինների հետ, և նրանց տարավ Բաբելոն»։ [1] «Մի կողովում շատ լավ թզեր էին, ինչպիսին որ լինում են կանխահաս թզերը, իսկ մյուս կողովում՝ շատ վատ թզեր, որոնք իրենց վատը լինելու պատճառով չէր կարելի ուտել»։ «Եվ Տերն ինձ ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Երե՛միա»։ Ես ասացի. «Թզեր. լավ թզերը շատ լավն են, իսկ վատերը՝ այնքան վատը, որ դրանք չես կարող ուտել, քանի որ շատ վատն են»»։ «Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»: «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Այս լավ թզերի պես լավը Ես պիտի համարեմ Հուդայի տարագիրներին, որոնց Ես այստեղից ուղարկեցի քաղդեացիների երկիրը»»։ «Եվ նրանց վրա պիտի ուղղեմ Իմ աչքերը` իրենց բարօրության համար, և նրանց պիտի վերադարձնեմ այս երկիրը, և պիտի շենացնեմ նրանց, այլ ոչ թե քանդեմ, և պիտի տնկեմ նրանց, այլ ոչ թե արմատախիլ անեմ»։ «Եվ նրանց մի սիրտ պիտի տամ, որպեսզի ճանաչեն Ինձ, որ Ես եմ Տերը, և նրանք պիտի լինեն Իմ ժողովուրդը, իսկ Ես կլինեմ նրանց Աստվածը. որովհետև նրանք դեպի Ինձ պիտի դառնան իրենց ամբողջ սրտով»։ «Իսկ այն վատ թզերի մասին, որոնք նույնիսկ չէր կարելի ուտել իրենց վատը լինելու պատճառով, այսպես է ասում Տերը. «Այդպիսին Ես կդարձնեմ Սեդեկիային` Հուդայի թագավորին, և նրա իշխաններին ու մնացած երուսաղեմացիներին, որոնք մնացել են այս երկրում և բնակվում են Եգիպտոսի երկրում»»։ «Եվ նրանց կմատնեմ զայրույթի ու չարչարանքի երկրի բոլոր թագավորությունների համար` որպես նախատինք, առակ, ծաղր ու անեծք այն բոլոր տեղերում, ուր Ես պիտի քշեմ նրանց»։ «Եվ նրանց վրա կուղարկեմ սուր, սով և ժանտախտ, մինչև որ նրանց ոչնչացնեմ այն երկրի երեսից, որը Ես տվել եմ նրանց ու նրանց հայրերին»։ (Սինոդական թարգմ.)
 
 «Տաճարի առաջ»։ Այստեղ Աստծուն նվիրված մրգերով լի զամբյուղներ կային: Նախքան պտուղները տաճար տանելը քահանաները, իհարկե, պետք է ուսումնասիրեին դրանք։ Այս ուսումնասիրությունը կատարվում էր տաճարի բակում:
  Թզերով երկու զամբյուղների տեսիլքը և դրա բացատրությունը
 Հեքոնիա արքան իր հպատակների մի մասի հետ տեղափոխվեց Բաբելոն: Այդ ժամանակ մարգարեն տեսիլքում երկու զամբյուղ տեսավ.  մեկը՝ լավ, իսկ մյուսը՝ վատ թզերով: Տերը մարգարեին անմիջապես բացատրեց, որ լավ թզերը Հեքոնիայի հետ Բաբելոն տեղափոխված հրեաներն են, որովհետև այնտեղ՝ գերության մեջ, նրանք Աստծուն են դիմելու: Իսկ վատ թզերը Սեդեկիա թագավորը և Երուսաղեմում մնացած հրեաներն են, ինչպես նաև Եգիպտոսում ապաստան գտածները: Այս վերջիններին Տերն ամեն տեսակի տառապանքների է ենթարկելու և տարբեր ազգերի մեջ ծաղր ու ծանակի է մատնելու:

------------------------------------
[1](Էջմիածին թարգմ.) Տէրն ինձ ցոյց տուեց թուզով լի երկու կողով, որոնք դրուած էին Տիրոջ տաճարի առաջ այն բանից յետոյ, երբ բաբելացիների արքայ Նաբուքոդոնոսորը Երուսաղէմից գերեց Յուդայի երկրի արքայ Յովակիմի որդի Յեքոնիային, Յուդայի երկրի իշխաններին, արհեստաւորներին, դարբիններին ու մեծամեծներին եւ տարաւ նրանց Բաբելոն:
(Արարատ թարգմ.) Նրանից հետո, երբ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը Երուսաղեմից գերեվարեց Հուդայի թագավոր Հովակիմի որդի Հեքոնիային և Հուդայի իշխանավորներին, հյուսներին ու դարբիններին և նրանց Բաբելոն տարավ, Տերն ինձ ցույց տվեց այս տեսիլքը. ահա երկու կողով թուզ՝ դրված Տիրոջ տաճարի առաջ։
(Գրաբար) Եւ եցոյց ինձ Տէր երկուս կողովս թզոյ, որ կային առաջի տաճարին Տեառն. յետ գերելոյն Նաբուքոդոնոսորայարքային բաբելացւոց զՅեքոնիայ որդի Յովակիմայ արքայի Յուդայ, եւ զիշխանս Յուդայ, եւ զարուեստագէտսն, եւ զկալանաւորակապսն, եւ զմեծամեծս յԵրուսաղէմէ. եւ տարաւ զնոսա ի Բաբելոն։