Երեմիայի մարգարեության մեկնություն 31:40

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Եւ Փաքադիմի ու Մոխիրների ողջ ձորը, ողջ Սարեմոթը, մինչեւ Կեդրոնի ձորը, մինչեւ արեւելեան կողմի Ձիերի դռան անկիւնը, պէտք է դառնան Տիրոջ սրբութիւնը. եւ այս բոլորը այլեւս չեն յափշտակուելու եւ չեն աւերուելու մինչեւ յաւիտենութիւն»:
    
    «Եվ Փաքադիմի ու Մոխիրների ողջ ձորը, ողջ Սարեմոթը», այսինքն՝ այնտեղ, որտեղ նետվում էին դիակները: Մոխիրն էլ է գերեզմանների փոխարեն (κοθέσια կամ νεκροθέσια) այնտեղ թափվում: Նույնն են նշանակում նաև հաջորդ բառերը. «Եվ ամբողջ Անասարեմոթը (Άνασαριμώθ)»: Վերոբերյալ տեղանունը դրվել է «գոմաղբի տեղ» արտահայտության փոխարեն:

    «Մինչև Կեդրոնի ձորը՝ մինչև արևելյան կողմի Ձիերի դարպասի անկյունը, պետք է դառնան Տիրոջ սրբությունը»: Այսինքն՝ այն, ինչը նախկինում քաղաքից դուրս էր և ծառայում էր որպես աղբ գցելու տեղ,  կներառվի քաղաքի մեջ: Այդ ամբողջ վայրը կզարդարվի և Տիրոջ համար սուրբ կլինի, այսինքն՝ Աստծու համար առանձնացված: Արևելքի ձիերը, այսինքն ՝ արևելքում գտնվող Ձիերի դարպասը:
    

Ա. Լոպուխին

«Եվ դիակների ու մոխրի ամբողջ ձորը և բոլոր արտերը՝ մինչև Կեդրոնի հեղեղատը, մինչև ձիերի դարպասի անկյունը՝ դեպի արևելք, պիտի լինեն Տիրոջ սրբավայրը. այն չի քանդվելու և չի կործանվելու դարեդար»։ (Սինոդական թարգմ.) [40]
    
    «Դիակների և մոխիրների հովիտ»–ը քաղաքից դեպի հարավ գտնվող Եննոմի հովիտն է, որի մի մասը Հովսիա թագավորի ժամանակներից ի վեր անմաքուր էր համարվում  (Դ Թագ. 23:10): Այստեղ էին բերվում ճանապարհներին հայտնաբերված դիակները և զոհերից մնացած մոխիրը: Ձիու դարպասը ցույց է տալիս Երուսաղեմի արևելյան սահմանը:
    Հատուկ նշումներ:Ավետարանում Մատթեոսն ասում է, որ այն, ինչ Երեմիան ասաց Ռաքելի լացի մասին (համար 15), ամբողջապես կատարվեց, երբ Բեթղեհեմում հրեա կանայք սգում էին Հերովդեսի հրամանով սպանդի ենթարկված իրենց երեխաների համար  (Մատթ. 2:17–18): Իրականում, Ռաքելը՝ Հովսեփի և Եփրեմի նախամայրը, արտասվում էր իր սերունդների ասորական գերության տարվելու համար, որտեղ նրանց բոլորին ոչնչացում էր սպառնում, այնպես որ, կարելի է ասել, որ նա արցունքներով ուղեկցում է Հերովդեսի օրոք Բեթղեհեմի անմեղ նորածինների մահը: Բեթղեհեմի կանայք լաց էին լինում, բայց ավետարանիչը նրանց աղաղակների մեջ լսում է Բեթղեհեմի մոտ թաղված Ռաքելի աղաղակը:
    Նոր Ուխտի մասին մարգարեությունը (համար 31–34) եբրայեցիներին ուղղված նամակում մեջբերվում է Պողոս Առաքյալի կողմից, որպեսզի ցույց տրվի, որ Երեմիա մարգարեն դեռ վկայում է, որ Հին Ուխտը իսկապես հնացել է և ենթակա է վերացման  (Եբր. 8:13): Ակնհայտ է, որ Առաքյալը Նոր Ուխտի ներքո, որը, ըստ Երեմիայի, Աստված պետք է կնքեր Իսրայելի հետ, հասկանում է Ավետարանական ուխտը, որը ժամանակի ընթացքում` հեռավոր ապագայում, կընդունվի ամբողջ իսրայելական ժողովրդի կողմից  (Հռովմ. 11:25):
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 31:27

Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 31:38

-------------------------------------
[40](Էջմիածին թարգմ.) Եւ Փաքադիմի ու Մոխիրների ողջ ձորը, ողջ Սարեմոթը, մինչեւ Կեդրոնի ձորը, մինչեւ արեւելեան կողմի Ձիերի դռան անկիւնը, պէտք է դառնան Տիրոջ սրբութիւնը. եւ այս բոլորը այլեւս չեն յափշտակուելու եւ չեն աւերուելու մինչեւ յաւիտենութիւն»:
(Արարատ թարգմ.) Դիակների ու մոխրի ամբողջ ձորը և բոլոր արտերը՝ մինչև Կեդրոնի հովիտը, մինչև Ձիերի դարպասի անկյունը՝ դեպի արևելք, սուրբ պիտի լինեն Տիրոջ համար։ Այն հավիտյան այլևս չի քանդվելու և չի կործանվելու»։
(Գրաբար) Եւ ամենայն ձորն Փաքադիմայ եւ մոխրոցն, եւ ամենայն Սարեմովթն, մինչեւ ի ձորն Կեդրոնի, մինչեւ ցանկիւն դրանն ասպաստանացն արեւելից՝ սրբութիւն Տեառն։ եւ մի եւս խլեսցին, եւ մի եւս քակեսցին մինչեւ յաւիտեան։