Երեմիայի մարգարեության մեկնություն 39:14

Սուրբ Հովհան Ոսկեբերան

նրան հանեցին բանտից եւ յանձնեցին Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային. նրան տարան մի տուն, եւ նա ապրում էր ժողովրդի մէջ:
     
      Թշնամիներն ազատում են իր ազգակիցների կողմից կապված մարգարեին և իր ուզած վայրը գնալու ազատություն են տալիս։ Իսկ քառասուն տարի նրա ձայնը վայելողները՝ չամաչելով ո՛չ ազգակցությունից, ո՛չ հայրենիքից, ո՛չ էլ որևէ այլ բանից, գազաններից ավելի կատաղի են դառնում: Երբ տեսնեք, որ նույնը կատարվում է Քրիստոսի վերաբերյալ, քանզի Նա խաչվեց հրեաների կողմից և երկրպագվեց հեթանոսների կողմից, սա տարօրինակ մի՛ համարեք, մի՛ ամաչեք և մի՛ ասեք. «Ինչպե՞ս է հնարավոր, որ փրկության և օգնության համար եկածը այդպիսի տառապանքների ենթարկվի»:
     

 Ա. Լոպուխին

«Մարդ ուղարկեցին և Երեմիային վերցրին պահակախմբի գավթից ու նրան հանձնեցին Գոդողիային՝ Սափանի որդի Աքիկամի որդուն, որպեսզի նրան տանի տուն։ Եվ նա մնաց ապրելու ժողովրդի մեջ»։ (Սինոդական թարգմ.) [14]
     
      Այստեղ Երեմիայի մասին ասվում է, որ ազատություն ստանալով՝ նա մնաց և ապրեց իր ժողովրդի մեջ: Մինչդեռ Երեմիա 40:1 համարում ասվում է, որ նա Ռամա քաղաքում շղթայված էր ուրիշ հրեաների հետ: Գրքի երկու վկայությունները հաշտեցնելու համար բավական է մի շատ բնական ենթադրություն անել, որ Երեմիան, ազատություն ստանալով, իսկույն գնացել է՝ մխիթարելու իր դժբախտ ազգակիցներին, և նրանց հետ միասին էլ շղթայվել է՝ մինչև Ռամա քաղաքում իր երկրորդ ազատումը, քանզի այնտեղ նրան ճանաչել է Գոդողիան, ում նրան վստահել էր Նաբուզարդանը:
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 39:1

--------------------------------------------

[14](Էջմիածին թարգմ.) նրան հանեցին բանտից եւ յանձնեցին Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային. նրան տարան մի տուն, եւ նա ապրում էր ժողովրդի մէջ:
(Արարատ թարգմ.) մարդ ուղարկեցին և Երեմիային վերցրին բանտի գավթից ու նրան հանձնեցին Սափանի որդու՝ Աքիկամի որդի Գոդողիային, որ նրան դուրս բերի տուն։ Եվ նա ապրում էր ժողովրդի մեջ։
(Գրաբար) եւ առին զԵրեմիա ի բանտէ անտի, եւ ետուն ցԳոդողիա որդի Աքիկամայ՝ որդւոյ Սափանայ, եւ հանին զնա ի տունն. եւ անդ նստէր ի մէջ ժողովրդեանն։