Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Եվ Տերն ասաց Ինձ. «Նետի՛ր դրանք տաճարի գանձարանը. դա այն մեծ գինն է, որով նրանք գնահատեցին Ինձ»։ Եվ Ես վերցրի երեսուն արծաթը և նետեցի դրանք Տիրոջ տան մեջ՝ բրուտի համար»։ (Սինոդական թարգ․) [13]
Աստծու հրամանով մարգարեն, որը խորհրդանշում էր բարի Հովվի գործունեությունը, պետք է այդ վիրավորական վարձատրությունը պետք է նետի «տաճարի գանձարանը»: Նա երեսուն արծաթ է նետում «Տիրոջ տան մեջ` բրուտի համար»: Զաք. 11:13-ում «el hajjozer» արտահայտության ընթերցումը վիճելի է: Շատերը «hajjozer» (բրուտ) բառի փոխարեն ընթերցում են «haozar» (գանձարան) (Gesenius. Wörterbuch; Siegfried C., Stade B. Hebräisches Wörterbuch zum Alten Testament. Leipzig, 1893; Nowack. Op. cit. S. 372, Marti.Op. cit. S. 440): Աստվածաշնչյան արամերեն լեզվի համար սովորական է, երբ ալեֆը փոխարինվում է յոդ−ով։ Սա անհավանական չէ նաև հետգերության շրջանի ծագում ունեցող գրքերի համար (Strack H. Grammatik des BiblischAramäischen. Leipzig, 1901.S. 13, ZATW. 1881. S. 28, Anm.): Սինոդական թարգմանությունն այս համարի առաջին «el hajjozer» արտահայտությունը «տաճարի գանձարանը», իսկ երկրորդը` «բրուտի համար» տարբերակով է թարգմանում: «Բրուտին», «բրուտի համար» արտահայտությունները բացատրելիս Ռուժեմոնտը հետևյալ կերպ է խորհում. «Արյան դաշտը կամ Ակեղդաման, որը գտնվում էր Հեգիննոմի դաշտավայրի հարավային կողմում, Երուսաղեմի ու նրա շրջակայքի միակ վայրն էր, որտեղ կարելի էր բրուտագործության համար պիտանի կավ գտնել: Այսպիսով, այս քաղաքում կարող էր միայն մեկ բրուտ լինել… Հեգիննոմը «ամբողջ քաղաքի կոյուղու ջրափոսն էր, ուր հոսում էին բոլոր անմաքրությունները», և որը, Թալմուդի համաձայն, կոչվում էր դժոխքի երախ: Այսպիսով, բրուտը, ժողովրդի աչքում, իր վրա էր վերցնում իր բնակության վայրի անմաքրության որոշ մասը։ Եվ որևէ բան բրուտին նետելը նշանակում էր ամենավճռական կերպով արհամարհանք արտահայտել նրա հանդեպ» (Վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 230):
Ըստ Հաուպտի` այստեղ բրուտը հիշատակվում այն պատճառով, որ նա մշտապես գործ ունի կավի ու ցեխի հետ, այնպես որ «բրուտին նետել» արտահայտությունը չի կարող նշանակել այլ բան, քան որևէ առարկա կեղտոտ ու անմաքուր վայր նետելը (Haupt. Op. cit. S. 262):
Որոշ գերմանացի մեկնիչներ Զաքարիայի մոտ հանդիպող «zum Töpfer» արտահայտությունը նմանեցնում են գերմաներեն «zum Henker կամ zum Schinber» արտահայտություններին (Reinke. Op. cit. S. 144, Keil. Op. cit. S. 624): «Տիրոջ տանը» և «բրուտի համար» արտահայտությունների համադրությունն ու վերջինիս այս իմաստով ընկալումը Հաուպտին հանգեցում է այն եզրակացությանը, որ այդ արտահայտություններից առաջինը զուգահեռ է սուրբգրային այն հատվածներին, որտեղ տաճարը առևտրի տուն և ավազակների որջ է անվանվում (Haupt. Op.cit. S. 283): «Hajjozer» արտահայտությունը Յոթանասնիցում թարգմանվում է «χωνευτήριον» բառի միջոցով (սլավ.` «горнило») (W. H. Lowe. The Hebrew Student’s Commentary of Zechariah, Hebrews and LXX. London, 1882. P. 103): Յոթանասնիցի տեքստը մեկնաբանելով` երանելի Թեոդորիտոսը «εις το χωνευτήριον» արտահայտությունը համարում է «εις τον οικον Κυρίου» արտահայտության բացատրությունը և դիտարկում` հետևյալ կերպ պարզաբանելով այս մոտեցումը. «Բարձրյալը մարգարեին հրամայում է, ասես ինչ−որ կրակով փորձել՝ արդարացի է արդյո՞ք բարի գործերի համար տրվող այս վարձատրությունը: Մարգարեն էլ ասում է, որ արծաթը նետել է Տիրոջ տաճարի մեջ, որն իրավամբ հնոց է անվանում, քանի որ այնտեղ ապաշխարության եկողները, ասես հնոցի մեջ, նորոգվում են՝ մերժելով մեղքի թույնը և արժանանալով Աստծու մարդասիրությանը» (Վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 112): Իսկ երանելի Հերոնիմոսը «jozer» բառի ներքո հասկանում է այն Բրուտին, Ով «աշխարհի Արարիչն ու Քանդակագործն է» (Վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 140):
Աստվածաշնչում «jаzаr» բայի նաև Աստծու արարչագործության առնչությամբ կիրառվելը (սրա օրինակը տեսնում ենք Զաք. 12:1-ում, տե՛ս Gesenius. 10, 13) այս հատվածում ինչ−որ չափով արդարացնում նմանատիպ ընկալումը: Եկեղեցու հայրերն ու վարդապետները Զաքարիայի մարգարեության 11:11-13 -ի իրականացումը միաձայն տեսնում են Հուդայի դավաճանության համար տրված երեսուն արծաթի մեջ, որի մասին պատմում է Մատթեոս ավետարանիչը (Մատթ. 27:5, 9-10)` հիշատակելով, սակայն, ոչ թե Զաքարիա, այլ Երեմիա մարգարեի անունը (Սուրբ Եփրեմ, վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 251, Սուրբ Կյուրեղ, էջ 165, երանելի Թեոդորիտոս, էջ 111, երանելի Հերոնիմոս, էջ 139-140):
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Տէրն ինձ ասաց. «Դու բովի մէջ գցիր դա, քննի՛ր, թէ այն փորձուա՞ծ է արդեօք այնպէս, ինչպէս ես, որ փորձուեցի նրանց կողմից իրենց համար»: Ես վերցրի երեսուն արծաթը եւ Տիրոջ Տանը գցեցի բովի մէջ:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ինձ ասաց. «Դա նետի՛ր գանձարանը»։ Պատվական գինը, որով ես գնահատվեցի նրանց կողմից։ Եվ ես վերցրի այն երեսուն արծաթը և դրանք գցեցի Տիրոջ տունը՝ գանձարանի մեջ։
(Գրաբար) Եւ ասէ ցիս Տէր. Արկ դու զայդ ի բովս, եւ քննեա թէ փորձ իցէ, որպէս եւ ես գտայ փորձ վասն նոցա. եւ առի զերեսուն արծաթին, եւ արկի ի տուն Տեառն ի բովս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: