Զաքարիայի մարգարեության մեկնություն 9։9

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Ցնծա՛ ուրախությամբ, ո՛վ Սիոնի դուստր, աղաղակի՛ր ցնծությամբ, ո՛վ Երուսաղեմի դուստր, ահա քեզ մոտ է գալիս քո Թագավորը՝ արդար, փրկող և հեզ՝ նստած էշի վրա և լծկան էշի քուռակի վրա»։ (Սինոդական թարգ․) [9]

   

   Թագավոր Փրկչի գալուստը, Ով ավանակի քուռակին նստած մտնում է Երուսաղեմ, խաղաղության ու անվտանգության գրավականն է ոչ թե որևէ առանձին դեպքի, այլ երկար ժամանակի՝ հավիտենության համար: Այս գալուստը վկայում է ինչպես այս Թագավորի խաղաղասիրության (քանի որ ձին ռազմական նպատակներով օգտագործվող կենդանի է), այնպես էլ Նրա մեծագույն խոնարհության մասին. «Ավանակը, ըստ Ռուժեմոնտի, Արևելքում, անշուշտ, այնքան արհամարհված չէ, որքան մեզ մոտ. այնտեղ ավանակին նստելը ոչ մի ծիծաղելի բան չի համարվում, այնուամենայնիվ, ո՛չ թագավորները, ո՛չ ազնվականները չէին նստում այդ կենդանուն» (վերը նշված ստեղծագործություն, էջ 218, հմմտ. Keil С.F. Op. cit. S. 600):

   Այս Թագավորի առանձնահատուկ հատկանիշներն են նաև արդարությունն ու Իր հպատակներին փրկելու պատրաստակամությունը: Զաքարիայի մարգարեության 9-րդ գլխի 9-րդ համարի իրականացումը տեսնում ենք Մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ հանդիսավոր մուտքի ժամանակ, որը նկարագրված է Մատթ. 21:2, Մարկ. 11:2, Ղուկ. 19:30, Հովհ. 12:14 և դրանց հաջորդ համարներում: Մասնավորապես, մարգարեության բովանդակությունը ճշտորեն համապատասխանում է Մատթեոս ավետարանչի կողմից ներկայացրած կատարման նկարագրությանը, որտեղ հիշատակվում է թե՛ էշը, թե՛ նրա քուռակը (տե՛ս Մատթ. 21:2, 5, 7). Տիրոջը հարկավոր էր միայն մեկ կենդանի, սակայն որպեսզի կատարվեին մարգարեի միջոցով ասված խոսքերը (տեʹս Մատթ. 21:4), բերվեցին թե՛ էշը, թե՛ նրա քուռակը:

   Ըստ Քեյլի` «էշը պետք է ուղեկցեր, որպեսզի ամբողջական կերպով ներկայացվեր Զաքարիայի նկարագրած պատկերը» (Op. cit. S. 602):

   Այնուամենայնիվ, հնարավոր չէր դիտավորյալ կերպով իրականացնել այն, ինչ նախապես պատկերված էր մարգարեի կողմից: Հեշտ էր աշակերտներին դրդել կատարելու այն, ինչ հաճելի էր իրենց Վարդապետին, բայց ինչպե՞ս դրդել ամբոխին, որի զգալի մասը թշնամաբար էր տրամադրված Գալիլեայից եկած Մարգարեի հանդեպ, բացականչել Նրան՝ «Ովսաննա՜»: Այս պարագայում կարծրացած սրտերը մեղմացնելը նույնքան դժվար էր, որքան քարերին աղաղակել ստիպելը: Ուստի ակնհայտ է, որ Զաքարիան բնական իմացությամբ չի կանխատեսել Փրկչի կյանքի տեղի այդչափ նշանակալից իրադարձությունը:

   Սուրբ Եփրեմին հետևող մեկնիչներից բացի, որոնք Խաղաղության Թագավորի՝ ավանակի վրա նստած ընթացքը մեկնաբանում են որպես Նրա կամավոր խոնարհության նշան, որոշ հետազոտողներ Նոր Կտակարանում այս մարգարեության իրականացումը դիտում են որպես հրեաների մարմնավոր ակնկալիքների լուռ հանդիմանություն (Haupt E. Die alttestmentlichen Citate in den vier Evangelien. Colberg, 1871. S. 277, 279; Baudissin W. W. F. Einleitung in die Bücher des Alten Testamentes. Leipzig, 1901. S. 577; Keil С.F. Op. cit. S. 600; Ефрем Сирин, свт. Толкование на книгу Пророчества Захарии // Творения. Т. 6. М., 1907. С. 240)։

--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Ուրախացի՛ր խնդութեամբ, դո՛ւստրդ Սիոնի, կանչի՛ր ցնծութեամբ, դո՛ւստրդ Երուսաղէմի, ահա գալիս է քո թագաւորը քեզ մօտ, քո արդար, փրկագործ ու խոնարհ թագաւորը՝ հեծած էշի, էշի քուռակի վրայ:
(Արարատ թարգ․) Մեծապես ուրախացի՛ր, ո՜վ Սիոնի դուստր, ցնծությամբ աղաղակի՛ր, ո՜վ Երուսաղեմի դուստր, ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը. նա արդար ու փրկագործ է, հեզ և էշի վրա հեծած, էշի ձագի՝ ավանակի վրա։
(Գրաբար) Ուրախ լեր յոյժ, դուստր Սիոնի, քարոզեա, դուստր Երուսաղէմի, ահա թագաւոր քո գայ առ քեզ, արդար եւ փրկիչ, նոյն հեզ՝ եւ հեծեալ ի վերայ իշոյ՝ եւ յովանակի նորոյ.