Հովելի մարգարեության մեկնություն 2:30

Ա․ Լոպուխին

Եվ նշաններ ցույց կտամ երկնքում և երկրի վար. արյուն և կրակ և ծխի սյուներ: Արեգակը կփոխվի խավարի, և լուսինը՝ արյան, նախքան Տիրոջ մեծ ու սարսափելի օրվա գալուստը: (Սինոդական թարգ․)[30]
   
   Մարգարեն անցնում է Տիրոջ սարսափելի օրվա կամ Դատաստանի օրվա նկարագրմանը և մատնանշում է դրա սկսվելու նշանները: Խոսքի՝ այսպիսի արագ կերպով այլ իրադարձության անցնելը չի նշանակում, որ մարգարեն համարում է, թե այս երկու իրադարձությունները սկսվելու են միաժամանակ: Մարգարեները հաճախ երկու իրադարձություններ համադրում են ոչ թե ըստ դրանց ժամանակագրական կապի, այլ ըստ ներքին գաղափարական նմանության, քանի որ այդ երկու իրադարձությունների համադրմամբ և միասին ներկայացմամբ դրանցից յուրաքանչյուրի  իմաստն ավելի պարզ ու հստակ է դառնում (Ես. 40 և այլն): «Արյուն և կրակ և ծխի սյուներ».․․ Ըստ երևույթին, այս բառերի ներքո նկատի են առնվում արյունահեղությամբ և գյուղերի ու քաղաքների հրկիզմամբ ուղեկցվող պատերազմները (Մատթ. 24:6, 7, Մրկ. 13:6, 7, Ղուկ. 21:9, 10):
   Մարգարեն չի խոսում արևի և լուսնի սովորական խավարումների մասին, որովհետև նա անսովոր և հրաշալի նշաններ է մատնանշում: Նաև մարգարեի խոսքը այլաբանական իմաստով հասկանալու պատճառ չկա։ [Պետք չէ այս խոսքերը] որպես Տիրոջ օրվա գալստից առաջ մարդկանց հոգևոր վիճակի մասին մատնանշում ընդունել, երբ տառապանքների ծանրությունից երկնային լուսատուները նրանց խավարած, մթագնած կթվան (Թեոդորոս Մափսուեստացի, Կալվին, Գենգստենբերգ): Մարգարեն խոսում է հենց բնության մեջ լինելիք սարսափելի նշանների մասին:
   
Տե՛ս Հովելի մարգարեության մեկնություն գլուխ 1:27
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․)Հրաշքներ ցոյց կը տամ երկնքում եւ երկրի վրայ՝ արիւն, հուր եւ ծխի մրրիկ. արեգակը կը խաւարի, եւ լուսինը արիւն կը դառնայ, քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երեւելի օրը»:
(Արարատ թարգ․2:30-31)Եվ երկնքում ու երկրիս վրա նշաններ պիտի տամ՝ արյուն և կրակ և ծխի սյուներ։ Տիրոջ մեծ և ահեղ օրը չեկած՝ արեգակը խավարի պիտի փոխվի, իսկ լուսինը՝ արյան։
(Գրաբար)տա՛ց նշանս յերկինս ի վեր, և նշանս յերկիր ի խոնարհ, արիւն և հուր և մրրիկ ծխոյ։ Արեգակն դարձցի ի խաւա՛ր և լուսին յարիւն, մինչչև եկեալ իցէ օր Տեառն մեծն և երևելին։