Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Եվ Տիրոջ խոսքի համաձայն՝ Հովնանը վեր կացավ ու գնաց Նինվե. իսկ Նինվեն Աստծու առաջ մեծ քաղաք էր՝ երեք օրվա անցնելու ճանապարհ (Սինոդական թարգ․)[3]
«Եվ Տիրոջ խոսքի համաձայն՝ Հովնանը վեր կացավ ու գնաց Նինվե». մարգարեն հնազանդվեց Տեր Աստծու երկրորդ ձայնին, քանի որ նախորդ իրադարձությունները (ծովի փոթորիկը, նրա վրա վիճակ գցելը, կետի կողմից կուլ տրվելը և դուրս նետվելը) նրա համար նշաններ էին, որոնք համոզեցին նրան ստացած հայտնության ճշմարտության և անփոփոխելիության մեջ։ «Նինվեն Աստծու առաջ մեծ քաղաք էր՝ երեք օրվա անցնելու ճանապարհ»: Մեջբերված խոսքերի հիման վրա հաճախ եզրակացություն են անում Հովնան մարգարեի գրքի՝ ավելի ուշ ծագման մասին: Ասում են, թե այստեղ գործածված «մեծ քաղաք էր» բայի անցյալ ժամանակաձևը ցույց է տալիս, որ գրքի գրվելու ժամանակ Նինվեն արդեն գոյություն չուներ, այլապես այն կներկայացվեր ներկա ժամանակով, ինչպես, օրինակ, Ծննդ. 10:12-ում: Այնուհետև քաղաքի մեծության մասին հիշատակությունը կարծես բոլորովին ավելորդ է Հովնանի ժամանակակիցների համար, քանի որ նրանք առանց այդ էլ լավ ծանոթ էին Նինվեին․ այս արտահայտությունը միանգամայն տեղին կլիներ միայն այն հեղինակի շուրթերին, ով ապրել է դրա կործանումից հետո: Բայի անցյալ ժամանակի վերաբերյալ անհրաժեշտ է նշել, որ այստեղ գործածվում է այսպես կոչված «praeteritum» ձևը: Այն ցույց է տալիս, որ առարկան իրականում գոյություն է ունեցել նկարագրվող անցյալ ժամանակում՝ առանց ներկայի հետ որևէ առնչության, ուստի այդ անձյալ ժամանակաձևը չի նշանակում, թե Նինվեն արդեն գոյություն չուներ գրքի գրվելու պահին: Սույն ձևը գործածված է միայն միևնույն իրադարձությանը վերաբերող այլ բայերի նույն ձևին համապատասխան, հետևաբար այս հատվածը կարելի է փոխանցել հետևյալ կերպ. «Հովնանը վեր կացավ ու գնաց Նինվե», և պարզվեց, որ այն մեծ քաղաք է: Հովնանի ժամանակակիցների համար Նինվեի մեծության մասին պատմելը նույնքան բնական էր, որքան մեր ժամանակներում տարբեր խոշոր քաղաքների նկարագրությունը, քանի որ նրանցից շատերը չէին տեսել այդ քաղաքը, իսկ ոմանք էլ, միգուցե, այդ անունով չէին ճանաչում այն: Այս հիմքով եզրակացնել, թե Նինվեն նկարագրության ժամանակ չէր կարող գոյություն ունենալ, կարելի է միայն կանխակալ մոտեցման դեպքում: Ուղղակի վկայություն առ այն, որ Հովնանի մարգարեության գիրքը գրվել է նախքան Նինվեի կործանումը, հանդիպում է Տոբիթի գրքի 14:6 համարում, որտեղ Տոբիթը հորդորում է իր որդուն հեռանալ Նինվեից, քանի որ «Նինվեն կործանվելու է, ինչպես որ դրա մասին ասել է Հովնան մարգարեն»: Ակնհայտ է, որ Ասորեստանում գտնվող իսրայելացի գերիները կարծում էին, որ Նինվեի կործանման մասին Հովնանի մարգարեությունը (4-րդ համար) հետաձգվել է միայն քաղաքի ապաշխարության պատճառով, և իրենց օրերում ասորեստանցիների ծայրահեղ բարոյալքումը տեսնելով՝ նրանք սպասում էին մարգարեության իրականացմանը: Ամեն դեպքում Հովնան մարգարեի գրքին նրանք ծանոթ էին Նինվեի կործանումից շատ առաջ: Նինվեի մեծության մասին խոսքերին ավելացվել է «Աստծու առաջ» արտահայտությունը, որով հեղինակը ցանկացել է հստակեցնել Աստծու առաջ Նինվեի ունեցած դիրքը, ասելով, որ այն մեծ էր Աստծու աչքին՝ Աստծու առաջ։ Սա նշանակում է, որ նրանում ինչ−որ բարոյական ուժ և մեծություն կար: Նման դիտարկման նպատակը կարող էր լինել այն, որ իսրայելացի ընթերցողների աչքին նախապես արդարացվեր հաջորդիվ նկարագրվող Տիրոջ կողմից Նինվեի կործանման մասին որոշման չեղարկումը (Հովն. 3:10, 4:11):
Նինվե քաղաքի մեծությունը 3−րդ համարում նկարագրվում է «երեք օրվա անցնելու ճանապարհ» արտահայտությամբ: «Ճանապարհը»−ը (այսինքն՝ այն տարածությունը, որը կարելի է անցնել մեկ օրվա ընթացքում) հին ազգերի մոտ, Հերոդոտոսի վկայությունների համաձայն, 160−200 ստադիա էր, որը մեր չափման միավորով կազմում է 25−30 մղոն: Այսպիսով, 3 օրվա ճանապարհը կազմում է 75−90 մղոն: Քաղաքների և [առանձին] տարածքների մեծությունը որոշելու համար սովորաբար հիմք է ընդունվում էր դրանց շրջագիծը, ուստի պետք է կարծել, որ այստեղ «երեք օրվա անցնելու ճանապարհ» արտահայտությունը վերաբերում է Նինվեի շրջագծին (այլ ոչ թե մի ծայրից մյուսն ունեցած երկարությանը): Եթե ընդունենք, որ Նինվեն ունեցել է 80 մղոն շրջագիծ և 30 մղոնից պակաս տրամագիծ, ապա դրանք կլինեն հենց այն չափերը, որոնցով Նինվեի մեծությունը նկարագրվում է մի շարք հին հեղինակների ` Ստրաբոնի, Հերոդոտոսի, Դիոդոր Սիցիլիացու, Քսենոփոնի մոտ: Սա նշանակում է, որ Հովնանի մարգարեության մեջ Նինվեի վերաբերյալ առկա տվյալները համապատասխանում են պատմական այլ հեղինակների փաստարկների հետ և իրենց մեջ որևէ արտասովոր բան չեն պարունակում, ինչպես փորձում են ներկայացնել այն հեղինակները, որոնք «երեք օրվա անցնելու ճանապարհ» արտահայտությունը հասկանում են Նինվեի երկարության վերաբերյալ: Պետք է նաև հաշվի առնել, որ Նինվեն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն էր։ Այն կառուցվել է աստվածաշնչյան Նեբրոթի (Ծննդ. 10:10-11) կամ ըստ անտիկ հեղինակների՝ Նինոսի կողմից, որը նպատակ է ունեցել կառուցել չափսերով և տեսքով արտասովոր մի քաղաք: Չպետք է մոռանալ նաև, որ հին ժամանակներում քաղաքներն ամբողջությամբ չէին կառուցում կամ կառուցապատում, այլ դրանց սահմաններում պաշարման ժամանակ օգտագործելու համար նախատեսված զգալի տարածք զբաղեցնող արոտավայրեր ու վարելահողեր էին թողնում: Այնպես որ ամենևին պետք չէ զարմանալ քաղաքի այն ահռելի մեծության վրա, որոնք նկարագրված են Հովնանի մարգարեության մեջ: Տիգրիս գետի ձախ ափին՝ Մոսուլ բնակավայրի մոտ, Նինվե քաղաքի ավերակների վերջին պեղումները մեկ անգամ ևս հաստատում են Հովնան մարգարեի գրքի վկայությունները:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Յովնանը ելաւ ու գնաց Նինուէ, ինչպէս Տէրն ասել էր նրան: Նինուէն շատ մեծ քաղաք էր՝ երեքօրեայ ճանապարհի չափ:
(Արարատ թարգ․) Հովնանը վեր կացավ ու գնաց Նինվե՝ Տիրոջ խոսքի համաձայն։ Նինվեն մեծ քաղաք էր՝ երեք օրվա ճանապարհորդություն մի կողմից մյուսը։
(Գրաբար) Յարեաւ Յովնան եւ գնաց ի Նինուէ՝ որպէս խաւսեցաւ ընդ նմա Տէր. եւ Նինուէ էր քաղաք մեծ Աստուծոյ, իբրեւ գնաց երից աւուրց ճանապարհի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: