Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Որովհետև արևելքից մինչև արևմուտք մեծ պիտի լինի Իմ անունը ազգերի մեջ, և ամեն տեղ Իմ անվանը պիտի խունկ մատուցվի և մաքուր զոհաբերություն, որովհետև մեծ պիտի լինի Իմ անունը ազգերի մեջ,– ասում է Զորությունների Տերը»։ (Սինոդական թարգ․) [11]
Թե որքան մեծ է այն քահանաների մեղքը, որոնք իրենց անփույթ վերաբերմունքով զոհաբերությունների նկատմամբ անարգում են Աստծու սուրբ անունը, երևում է նրանից, որ ժամանակի ընթացքում այդ անունը արևելքից մինչև արևմուտք, այսինքն՝ ամբողջ երկրով մեկ (հմմտ. Զաք. 8։7), պիտի փառավորվի և մեծարվի բոլոր հեթանոս ժողովուրդների մեջ։ Ամենուրեք պիտի լինի խնկարկություն, այսինքն` ի պատիվ Աստծու անվան՝ բոլոր ընծաների այրում (այստեղ գործածված «խունկ» արտահայտությունը լիովին ճշգրիտ չէ)։ Բոլոր ժողովուրդների մեջ Աստծուն պիտի մատուցվեն մաքուր զոհեր, այլ ոչ թե այնպիսիք, ինչպիսիք այժմ մատուցում են հրեա քահանաները։ Եկեղեցու հայրերի մեծամասնության համաձայն՝ մենք այստեղ տեսնում ենք Քրիստոսի Եկեղեցում ճշմարիտ աստվածապաշտության և աստվածահաճո պաշտամունքի հաստատման մասին կանխատեսում։ Բացի այդ՝ Եկեղեցու շատ հայրեր ու վարդապետներ այստեղ տեսել են Հաղորդության հաստատման վերաբերյալ մարգարեություն։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Արեւածագից մինչեւ մայրամուտ իմ անունը փառաւորուած է ազգերի մէջ, եւ ամէն տեղ խունկ եւ սուրբ պատարագ է մատուցւում իմ անուան, որովհետեւ մեծ է իմ անունը հեթանոսների մէջ, -ասում է Ամենակալ Տէրը:
(Արարատ թարգ.) Որովհետև արևելքից մինչև արևմուտք մեծ է իմ անունը ազգերի մեջ, և ամենուրեք իմ անվանը խունկ և մաքուր ընծա է մատուցվում, որովհետև ազգերի մեջ մեծ է իմ անունը,- ասում է Զորքերի Տերը։
(Գրաբար) Զի յարեւելից մինչեւ ի մուտս արեւու փառաւորեալ է անուն իմ ի մէջ ազգաց. եւ յամենայն տեղիս մատչին խունկք անուան իմոյ, եւ պատարագ սուրբ, զի մեծ է անուն իմ ի հեթանոսս, ասէ Տէր ամենակալ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: