Մաղաքիայի մարգարեության մեկնություն 1։14

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Անիծյա՛լ է խաբեբան, որի հոտի մեջ կա անարատ արու կենդանի, և նա ուխտ է արել, բայց Տիրոջը մատուցում է արատավորը. որովհետև Ես մեծ Թագավոր եմ, և ահեղ է Իմ անունը ազգերի մեջ»։ (Սինոդական թարգ․) [14]
   
   Այժմ արդեն Տեր Աստծու զոհասեղանի հանդեպ արհամարհանքի համար մարգարեն հանդիմանում է հասարակ իսրայելացիներին։ Պարզվում է, որ զոհաբերողներն ունեին նաև լավ, ընդ որում` արու կենդանիներ, (արուները գերադասվում էին էգերից), սակայն հրեաներն այդպիսի կենդանիները պահում էին իրենց և մատուցում էին արատավորներին։

   «Ես մեծ թագավորն եմ». սա 11−րդ համարում արտահայտված մտքի կրկնությունն է։ Իհարկե, մարգարեն զոհաբերության արտաքին կարգին այդքան կարևորություն է տալիս, որովհետև այդ օրենքով հաստատված կարգի հանդեպ անուշադրությունը վկայում է այն ժամանակի հրեա հասարակության մեջ ներքին աստվածապաշտության պակասի մասին։ Միևնույն ժամանակ ուշագրավ է, որ մարգարեն կանխատեսում է նաև մեծ շրջադարձ աստվածապաշտության մեջ։ Նախկինում միայն Երուսաղեմն էր համարվում պաշտամունքի օրինական վայրը, և միայն Ահարոնի տոհմը՝ պաշտամունքի օրինական սպասավորը։ Իսկ այժմ մարգարեն կանխատեսում Աստծուն ճշմարիտ զոհ մատուցելու հնարավորությունը ամեն տեղ, և ոչ միայն Երուսաղեմում։ Իհարկե, դրա հետ է կապված նաև այն կարգի չեղարկումը, ըստ որի միայն Ահարոնի տոհմի քահանաները կարող էին զոհեր մատուցել։ Ակնհայտորեն, ժամանակի ընթացքում զոհեր են մատուցվելու ոչ միայն Ահարոնի սերնդի ներկայացուցիչների, այլև տարբեր ցեղերից և ժողովուրդներից ընտրված այլ անձանց կողմից (11-րդ համար)։ Մի՞թե պարզ չէ, որ Մաղաքիան իրական աստվածապաշտության ազգային և տեղային սահմանների վերացման ավետաբերն է, որի մասին կատարյալ հստակությամբ հայտարարում է մեր Տեր Հիսուս Քրիստոս (Հովհ․ 4։23-24)։

--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Թող անիծեալ լինի այն մարդը, որն ունեւոր է, իր հօտի մէջ որձ ունի եւ ուխտ է արել մատուցել, սակայն արատաւորն է մատուցում Տիրոջը: Մինչդեռ ես յաղթող թագաւոր եմ, - ասում է ամենակալ Տէրը, - եւ իմ անունը յայտնի է ազգերի մէջ»:
(Արարատ թարգ) Եվ թող անիծյալ լինի խաբեբայությամբ վարվողը, իր հոտի մեջ որձ ունենալով ուխտ է անում և արատավորն է զոհ մատուցում Տիրոջը. որովհետև ես մեծ թագավոր եմ,- ասում է Զորքերի Տերը,- և իմ անունն ահարկու է ազգերի մեջ»։
(Գրաբար) Անիծեալ լիցի մարդն որ կարաւղ իցէ, եւ կայցէ ի խաշին նորա որձ. եւ ուխտ իւր յանձին իւրում, եւ մատուցանիցէ Տեառն զարատաւորն, զի թագաւոր յաղթաւղ եմ ես, ասէ Տէր ամենակալ, եւ անուն իմ երեւելի ի մէջ ազգաց։