Ա. Պ. Լոպուխին. «Բացատրական աստվածաշունչ»
10-11․ «Եվ այն օրը, - ասում է Տերը, - պիտի լինի աղաղակ՝ Ձկան դարպասից, ողբ՝ մյուս դարպասներից և մեծ ավերածություն բլուրների վրա»։ [10] «Ողբացե՛ք, քաղաքի ստորին մասի բնակիչներ, որովհետև պիտի վերանա ամբողջ վաճառական ժողովուրդը, և կործանվեն արծաթով բեռնավորվածները»: (Սինոդական թարգ․)
10−րդ և 11−րդ համարներում պատկերվում են Երուսաղեմի համընդհանուր աղետը: Թշնամին Երուսաղեմ պիտի մտներ հյուսիսից, և, հետևաբար, հիշատակվում են քաղաքի հյուսիսային մասում գտնվող հետևյալ կետերը. 1) Ձկան դարպասը («շաար−հադդագիմ»), 2) քաղաքի երկրորդ մասը («հաշնե»), 3) բլուրները («գեբաոթ»), 4) հովիտը («մախթեշ»):
Այս բոլոր տեղանքների դիրքը, հին Երուսաղեմի տեղագրության վերաբերյալ մեզ հասած ոչ բավարար տվյալների պատճառով, հնարավոր է որոշել միայն մոտավոր կերպով: «Ձկան դարպաս»−ը (եբր.` «շաար−հադդագիմ»), Յոթանասնիցում անհաջող կերպով է փոխանցվել՝ «πόλη αποκενταύντων» (սլավ.՝ «от врат избодающих»` «դարպասներից խոցողներ»): Հավանաբար Յոթանասնիցի թարգմանիչները «հադդագիմ»−ի փոխարեն ընթերցել են «հորեգիմ»՝ «սպանողներ։ Այն հիշատակվում է նաև Բ Մնաց. 33:14, Նեեմ. 3:3, 12:39 համարներում: Երանելի Հերոնիմոսն այս դարպասների դիրքի մասին իր մեկնության մեջ ոչ ճշգրիտ մատնանշում է անում՝ ասելով. «Ձկան դարպասն այն դարպասն էր, որը տանում էր դեպի Դիոսպոլիս և Հոպպե․ Երուսաղեմի բոլոր ճանապարհներից այն ծովին ամենամոտն էր» («Ստեղծագործություններ. Սոփոնիայի մարգարեության մեկնության մեկ գիրք», մաս 14, Կիև, 1898 թ., էջ 251): Դատելով այս տեղեկությունից՝ Ձկան դարպասը պետք է գտնվեր Երուսաղեմի արևմտյան կողմում: Սակայն իրականում, ինչպես հատկապես երևում է Նեեմ. 12:39 -ից, Ձկան դարպասը գտնվում էր քաղաքի հյուսիսային կողմում, հավանաբար ներկայիս Դամասկոսի դարպասի տեղում, Երուսաղեմի երկրորդ պարսպի մեջտեղում՝ Ձկան շուկայի մոտ (Նեեմ. 13:16, տե՛ս նաև «Մեկնողական Աստվածաշունչ», հ. Գ, էջ 615, 644):
«Քաղաքի երկրորդ մասը» («համիշնե») արտահայտությունը, որը Հովսեփոս Փլավիոսի մոտ («Հրեական հնություններ», XV, 15:11,5) փոխանցված է «ἂλλη πὸλις» բառերով, ցույց է տալիս Լիրա բլրի վրա տարածվող և քաղաքի առաջին ու երկրորդ պարիսպների միջև ընկած Երուսաղեմի հյուսիսային հատվածը (տե՛ս «Մեկնողական Աստվածաշունչ», հ. Ա, էջ 248): Յոթանասնիցը («ἀπό τῆσ δευτέρας») և Վուլգաթան («a secunda») «համիշնե» բառը հասկանում են «դարպաս» իմաստով, սակայն Դ Թագ. 22:14 և Բ Մնաց. 34:22 համարները, որտեղ «երկրորդ մասը» հիշատակվում է որպես Օլդա մարգարեուհու բնակավայր, չեն հաստատում նման մեկնությունը: «Բլուրների» (գեբաոթ) դիրքը ևս հնարավոր չէ որոշել ճշգրիտ կերպով։ Սակայն, հաշվի առնելով 10−11−րդ համարների ընդհանուր համատեքստը, դրանց՝ քաղաքի հյուսիսային մասում գտնվելը կասկածից վեր է: Այդ դեպքում այս անվան տակ կարող էին նկատի ունենալ Մորիան, Սիոնը և նաև քաղաքի տարածքում գտնվող այլ բարձունքներ: Նույնքան անորոշ է նաև 11-րդ համարի սկզբում հիշատակվող «մախթեշ» կոչվող տարածքի դիրքը: Այս եբրայերեն բառի ընդհանուր իմաստը «հավանգ», «փոքրիկ սանդ»՝ «monies» է (հմմտ. Առակ. 27:22) կամ «խոր փոս» (Դատ. 15:19)։ Հնագույն թարգմանությունները ևս այս բառի իմաստը տարբեր կերպ են փոխանցում. Յոթանասնիցում՝ «κατοικούντες την κατακεκομην», սլավոներենում՝ «живущии в посеченней»: Երանելի Թեոդորիտոսը նշում է. «Երուսաղեմն անվանում է ծեծված՝ նրա վրա հասած աղետի պատճառով»: Վուլգաթան ունի «habitatores pilae» տարբերակը, որի կապակցությամբ երանելի Հերոնիմոսն ասում է. «Բնակվում են խճողված, որովհետև իրար հրելով խառնվում են այնպես, ինչպես հացահատիկն են վերևից ծեծում փայտի կտորով»): Թեոդիտոնը թարգմանում է՝ «εν τω βαθει» (խորքում), Ակյուղասը և Սյումաքոսը՝ «ολμος» (սանդ, հովիտ), իսկ քաղդեական (արամեական) Թարգումը նշում է՝ «նեխալա Կիդրոն» (Կեդրոնի հովիտ): Հետագա շրջանների հետազոտողների շրջանում գերակշռում է «մախթեշ»−ի հետ կապված հովտի, լեռնագոգի պատկերը, և, թվում է՝ այստեղ առավել հիմնավոր է տեսնել այն հովիտը, որը բաժանում է Սիոնը Ակրից և Մորիայից, և որը Հովսեփոս Փլավիոսի մոտ հայտնի է որպես «φάραγξ τυροποιῶν», այսինքն՝ «Պանրագործների հովիտ», այժմեան Տիրոպեոնը: Մարգարեն այս հովտի բնակիչներին սպառնում է լիակատար բնաջնջմամբ։ Այս տարածքի բնակիչները սկզբում կոչվում էին «Քանանի ժողովուրդ» (եբր.՝ «ամ−քենաան»), իսկ հետո՝ «արծաթով բեռնավորվածներ» (նետիլե−քասեֆ): Երկու արտահայտություններն էլ ակնհայտորեն միմյանց զուգահեռ են և իմաստով հոմանիշ: Դա լիովին հասկանալի է դառնում Սուրբ Գրքում «քանանացի» (քենաանի) բառի հաճախակի գործածությունից. քանանացիներ բառը (կամ համապատասխանաբար «ամ−քենաան − Քանանի ժողովուրդ», ինչպես որ խնդրո առարկա հատվածում է) գործածվում է «վաճառական» իմաստով (Ովս. 12:8, Ես. 23:8, Հոբ. 40:30), քանի որ քանանացիներից ամենահայտնի փյունիկեցիները հին աշխարհի գլխավոր առևտրական ժողովուրդն էին և նրանց ցեղային անվանումը դարձել էր առևտուր բառի հոմանիշը (տե՛ս նաև Եզեկ. 17:4): Հետևաբար, միանգամայն արդարացված է ռուսերեն սինոդական թարգմանության մեջ եբրայերեն «ամ−քենաան» արտահայտության փոխանցումը որպես «վաճառական ժողովուրդ»: Երուսաղեմի Մախթեշ թաղամասի այս բնակիչների քանանական կամ փյունիկյան ծագումը միանգամայն ընդունելի է։ Գերությունից առաջ հրեաները դեռ չունեին այն խիստ պահանջը, որը գերությունից հետո նրանց դրդում էր արգելել փյունիկեցիներին և այլ քանանացիներին բնակություն հաստատել Երուսաղեմում (Նեեմ. 13:16, Զաք. 14:21): Բաբելոնյան գերությունից առաջ նրանցից շատերը, անկասկած, բնակվում էին Երուսաղեմում (Եզեկ. 44:4−8): Սակայն, միանգամայն բնական է, որ վաճառականներին բնորոշ բացասական հատկությունները՝ շահույթ ստանալու կիրքը, անազնվությունը և նման այլ գծեր, կարող էին հեշտությամբ փյունիկեցիներից փոխանցվել հրեաներին: Հետևաբար, ամբողջությամբ ընդունելի է «Քանանի ժողովուրդ» արտահայտության բացատրությունը նաև հրեաների վերաբերյալ: «Քանանի ժողովուրդ» (populus Chanaan),− ասում է երանելի Հերոնիմոսը,− նա (մարգարեն) անվանեց հրեա ժողովրդին՝ համաձայն այն խոսքերի, որ կարդում ենք Դանիելի գրքում՝ «Քանանի սերունդ, և ոչ թե Հուդայի» (Դան. 13:56)» (տե՛ս նույն տեղում, էջ 254): Ըստ երանելի Թեոդորիտոսի՝ «Նրանք (Երուսաղեմի բնակիչները) նախանձախնդիր եղան քանանացիների անօրինությանը, ուստի քանանացիների նման ենթարկվեցին վերջնական կործանման, և հարստությունը նրանց ոչնչով չօգնեց» (տե՛ս նույն տեղում, էջ 45): 11−րդ համարի վերաբերյալ նմանատիպ մեկնություն է տալիս նաև սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին (տե՛ս «Սոփոնիայի մարգարեության մեկնություն». Աստվածաբանական բանբեր, 1895, հ. Ի, էջ 342, 343): Սակայն, նկատի ունենալով, որ մարգարեի սպառնալիքները Երուսաղեմ քաղաքին սպասվող սարսափների՝ կողոպուտի, արյունահեղության, թշնամու կողմից իրականացվող սպանությունների վերաբերյալ, անհավատ մարդկանց կողմից կարող էին հանդիպել անտարբերության, անվստահության և նույնիսկ արհամարհանքի, մարգարեն 12–13-րդ համարներում համառորեն խոսում է Երուսաղեմի բնակիչների և նրանց ունեցվածքի համընդհանուր ու լիակատար կործանման անխուսափելիության ու անդառնալիության մասին:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Այն օրը, - ասում է Տէրը, - աղաղակների ձայն կը լինի վիրաւորների դռնից, գոյժ՝ երկրորդ դռնից եւ մեծ բեկում՝ բլուրներից:
(Արարատ թարգ․) «Այդ օրը,- ասում է Տերը,- աղաղակի ձայն պիտի լինի Ձկների դարպասից, ողբ՝ Մասենայից, և մեծ փլուզում՝ բլուրներից։
(Գրաբար) Եւ եղիցի յաւուր յայնմիկ, ասէ Տէր, ձայն աղաղակի ի դրանէ խոցոտելոցն, եւ գոյժ յերկրորդ դրանէն, եւ բեկումն մեծ ի բլրոց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: