Ա․ Լոպուխին
Դրա մասին մի՛ հայտարարեք Գեթում, այնտեղ բարձր լաց մի՛ եղեք, սակայն Եփրա բնակավայրում քեզ մոխրով ծածկիր։ (Սինոդական թարգ․)[10]
10−16−րդ համարներում մարգարեն մի շարք պատկերների միջոցով խոսում է առաջիկա աղետի մասին։ Բառախաղի հնարք օգտագործելով` մարգարեն տալիս է այն քաղաքների անունները, որոնք տուժելու են աղետից։ 10−16−րդ համարների տեքստը, ըստ երևույթին, իր նախնական անաղարտությամբ չի պահպանվել և բնօրինակում ու թարգմանություններում տարբեր կերպ է ընթերցվում։ Այդ պատճառով էլ 10−16−րդ համարների իմաստն ամբողջովին պարզ չէ, և, սովորաբար, մեկնաբանների կողմից միայն ենթադրվում է։ 10−րդ համարում մարգարեն արգելում է հրեաներին հայտարարել իրենց պատուհասած աղետի մասին և անգամ բարձրաձայն սգալ փղշտական Գեթ քաղաքում, որպեսզի չհարուցեն հնագույն թշնամիների չարախնդությունը և դրանով իսկ սաստկացնեն աղետը։ Դրա փոխարեն մարգարեն Օֆրայում է (հայերենում «Եփրա բնակավայրում» տարբերակն է) ժողովրդին լացի տրվելու և սուգ անելու հրավիրում։ «Օֆրա»−ն Բենիամինի ցեղին պատկանող տարածքում` Բեթելի մոտակայքում (Հս․ 19։23, Ա Թագ․ 13։17) գտնվող քաղաք էր։ Այժմ դրա տեղում Թայիփ գյուղն է։ Մարգարեն այն բանի համար է հրեական քաղաքներից հատկապես Օֆրան նշում, որպեսզի «leaphra aphar» («Օֆրայում մոխրով ծածկվեք») բառախաղը ստացվի։ Յոթանասնիցում և սլավոներեն տեքստում 10−րդ համարի իմաստն այլ կերպ է փոխանցվում․ «Գեթո՛ւմ գտնվողեր, մի՛ մեծախոսեք, և դո՛ւք ենակացիներ, մի՛ նորոգեք խայտառակությունը տան մեջ, ձեր ծաղրը փոշու պես շա՛ղ տվեք»։ Ենթադրում է, որ «ai thagidu» (մի՛ բարձրաձայնեք) բայը Յոթանասնիցը համապատասխանեցրել է «nagid» (իշխան) բառին և թարգմանել է որպես «μὴ μεγαλύνεσθαι» («մի՛ հպարտացեք, մի՛ մեծախոսեք»)։ «Ենակացիներ»−ը (հունարեն` «οι ῾Ενακείμ») Ենակի սերունդներն են (Թվ․ 13։34, Բ Օր․ 10։2, Հս․ 14։15), որոնք մի ժամանակ զբաղեցրել են Պաղեստինի հարավային հատվածը, իսկ այնուհետև փղշտական Գազամ, Գեթ, Ազոտոս քաղաքները (Հս․ 11։22, 14։12, Դատ․ 1։20, Ա Թագ․ 17 և այլն)։ «Ենակացիներ» անվան հայտնվելը բացատրվում է հունարեն տեքստի անճշտությամբ։ Եբրայերեն «bacho» (ծագում է «bachah−արտասվել» բառից) արտահայտությունը Յոթանասնիցը «῾Εν῾ Ακείμ» է թարգմանել (այսպես է Ալեքսանդրյան ձեռագրում, ինչպես նաև 23, 95, 145, 187 ձեռագրերում), որը հետագայի դպիրների կողմից ուղղվել և դարձել է «῾Εν Βακεὶμ» (Դատ․ 2։1−5)։ «῾Εν Βακεὶμ» է ընթերցում Հերոնիմոս երանելին (in Bachim), Հեքսապլանը և XII ձեռագիրը։ [Հետագայում վերոհիշյալ արտահայտությունը սկսում է] բազմաթիվ ձեռագրերում առկա «῾Ενακείμ» տարբերակով ընթերցվել, որն էլ ընդունվում է սլավոներեն Աստվածաշնչի ելիզաբեթյան խմբագիրների կողմից։ Նախնական հունարեն տեքստի «῾Εν ῾Ακείμ կամ ῾Εν ῾Ακεί» ընթերցման հիմքի վրա նորագույն մեկնաբանները (Գոոնակեր) առաջարկում են ներկայիս եբրայերեն տեքստի «bacho» բառը ընդունել որպես փղշտական Ակքով քաղաքի հատուկ անուն (Դատ․1։31)։ «Bacho al thibehu»՝ «բարձր լաց մի՛ եղեք» = «Ակքովում լաց մի՛ եղեք»։ Սլավոներեն տեքստի «մի՛ նորոգեք խայտառակությունը տան մեջ» արտահայտությունը նշանակում է՝ «Հուդայի տունը ծաղրանքի առարկա մի՛ դարձրեք»։ «Մի´ նորոգեք» (μὴ ἀνοικοδομεῖτε) բառն այն պատճառով է առաջացել, քանի որ Յոթանասնիցը «al−thibehu» (լաց մի՛ եղեք) արտահայտությունը ընթերցել է որպես «al−thibnu» (ծագում է «banah−կառուցել» բառից)։ Եբրայերեն «bebeth leaphrah» (Օֆրայի տանը) արտահայտությունը Յոթանասնիցը կախվածության մեջ է դրել նախորդող «ἀνοικοδομεῖτε» բայից, ընդ որում՝ «leaphra»−ն (Օֆրա) ընդունել է որպես «рааr» (ի նշան ծաղրանքի՝ բերանը ծամածռել) կամ էլ «chapher» (կարմրել) բառերից առաջացած, այստեղից էլ ստացվել է սլավոներեն տեքստի «մի՛ նորոգեք խայտառակությունը տան մեջ» ընթերցումը։ «Ձեր ծաղրը փոշու պես շա՛ղ տվեք» արտահայտությունը այն պատճառով է առաջացել, քանի որ 10−րդ համարի վերջին «aphar hithphalaschitht» բառերին Յոթանասնիցը միացրել է նաև 11−րդ համարի սկզբի «ibri lachem» (ինքնե՛րդ տեղափոխվեք) արտահայտությունը` սխալմամբ «ibri»−ը կապելով «chapher» կամ «рааr» բառերի հետ (կարմրել, ծիծաղել)։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Դուք, որ Գէթում էք, մի՛ գոռոզաբանէք, եւ դուք, որ Ակկարիմում էք, մի՛ նորոգէք տան խայտառակութիւնը. ձեր խայտառակութեան պատճառով հո՛ղը ձեր գլխին:
(Արարատ թարգ․) Գեթի մեջ մի՛ պատմեք և բնավ լաց մի՛ եղեք, Բեթափրայում փոշու մեջ թավալվի՛ր։
(Գրաբար)Որ ի Գէ՛թդ էք՝ մի՛ մեծաբանէք. և որ յԱկկարոնդ էք՝ մի՛ նորոգէք ի տանէ զկատակութիւն. հող ի գլո՛ւխ լերուք ի վերայ բնակութեան ձերոյ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: