Միքիայի մարգարեության մեկնություն 1։16

Ա. Պ. Լոպուխին. «Բացատրական աստվածաշունչ»

Հեռացրո՛ւ քեզանից մազերդ, կտրի՛ր դրանք, սգալով քո քնքշությամբ սիրելի որդիների մասին՝ նրանց համար լայնացրու ճաղատությունդ՝ ինչպես մերկացած արծիվը, քանզի նրանք հեռացվեցին քեզանից։ (Սինոդական թարգ․)[16]
   
   Մարգարեն դիմում է Հուդային` վերջինիս իր երեխաների համար սգացող մոր պատկերի ներքո ներկայացնելով։ Ժողովրդին սպասվող գերության պատճառով մարգարեն Հուդային կոծի է հրավիրում։ «Նրանց համար լայնացրո՛ւ ճաղատությունդ»։ Սգի ժամանակ հրեաները կտրում և անգամ ածիլում էին իրենց գլխի մազերը և մորուքը (Ես․ 15։2, Եր․ 7։29, 16։6)։ Մարգարեն Հուդային հենց սա անելու է հրավիրում։ «Ինչպես մերկացած արծիվը», այսինքն` արծվի նմանությամբ, որն ամեն տարի գարնանը կորցնում է իր փետուրները և նորով է պատվում։ «Հեռացրու քեզանից մազերդ» արտահայտության փոխարեն սլավոներենում «ածիլվի՛ր» է։ «Լայնացրո՛ւ ճաղատությունդ» բառերի փոխարեն սլավոներենում «լայնացրո՛ւ մազերիդ կտրվածքը» տարբերակն է։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Ածիլուի՛ր եւ կտրի՛ր մազերդ քո սիրասուն որդիների համար, գնտի՛ր քո գլուխը արծուի պէս, քանի որ նրանք գերի տարուեցին քեզանից հեռու:
(Արարատ թարգ․) Գլուխդ ածիլի՛ր և կտրի՛ր մազերդ քո սիրելի որդիների համար, արծվի պես լայնացրո՛ւ կնտությունդ, որովհետև գերության տարվեցին քեզանից։
(Գրաբար) Գերծի՛ր և կտրեա՛ ի վերայ փափուկ որդւոցն քոց. լայնեա՛ զխզումն քո իբրև զարծուոյ՝ զի գերեցան ի քէն։