Ա․ Լոպուխին
Լսե՛ք, թե ինչ է ասում Տերը, վե՛ր կաց, դատ արա լեռների առջև, և թող բլուրները լսեն քո ձայնը։ (Սինոդական թարգ․)[1]
6−րդ գլուխը ներկայացնում է Իսրայելին ուղղված մարգարեի մեղադրական խոսքը, որը դատական մրցակցության բնույթ ունի։ 6, 7−րդ գլուխների ընդհանուր իմաստի վերաբերյալ ընթերցի՛ր նախաբանը։
«Վե՛ր կաց, դատ արա…»։ Սրանք մարգարեին ուղղված Աստծո խոսքերն են։
«Դատ արա լեռների առջև («eth−beharim»), և թող բլուրները լսեն քո ձայնը». լեռները և բլուրները կանչվում են որպես Իսրայելի հանդեպ Աստծո դատաստանի վկաներ։ «Քանի որ բանական էակները,− պարզաբանում է երանելի Թեոդորոս Կյուրոսացին,− հիմարությամբ են տառապում, ուստի անշունչ առարկաներին բանականների դատավորներ կդարձնեմ»։ Լեռները և բլուրները նաև այն պատճառով են որպես վկա կանչվում, քանի որ նրանք կարծես ականատես են եղել ժողովրդի համար Աստծո կատարած այն բարեգործություններին, որոնց մասին խոսվում է ներքևում։ Սլավոներեն տեքստում դիտարկվող արտահայտությունը մի փոքր այլ կերպ է փոխանցվել՝ «դատ արա լեռների հետ» (πρὸς τὰ ὄρη)։ Այսպես պետք է փոխանցվի նաև եբրայերեն «eth−haharim» արտահայտությունը, այսինքն՝ լեռները ոչ թե դատի վկաներն են, այլ առարկան։ 1−ին համարում նմանատիպ միտք են հայտնաբերում նաև բազմաթիվ հին և նոր մեկնաբաններ (Գոոնակեր)։ Տվյալ դեպքում մարգարեն մարդկանց փոխարեն անդրադառնում է լեռներին և բլուրներին, որոնց վրա էլ սփռված էր ժողովուրդը։ Հնագույն շրջանի մեկնաբաններն էլ են 1−ին համարի խոսքերը այլաբանական իմաստով մեկնել. լեռները և բլուրները կա՛մ այն հրեշտակներն են, որոնց վստահված է մարդկային գործերի մասին հոգածությունը (երանելի Հերոնիմոս), կա՛մ էլ այն հրեշտակները, որոնց առջև իրականացվում է դատը։ [Դրանք կարող են լինել նաև] դևերը, հուդայական իշխանները և առաջնորդները (Սանկտիոս, Մենոքիոս), Աբրահամը, նախահայրերը և այլք (սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի)։ Սակայն այսպիսի այլաբանական մեկնաբանությունների կարիք ամենևին չկա։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Լսեցէ՛ք, ինչ որ ասաց Տէրը. Ե՛լ եւ դա՛տ արա լեռներում, եւ բլուրները թող լսեն քո ձայնը:
(Արարատ թարգ․) Հիմա լսե՛ք Տիրոջ ասածը. «Վե՛ր կաց, դա՛տ արա լեռների առաջ, և թող բլուրները լսեն քո ձայնը»։
(Գրաբար) Լուարո՛ւք զայս զոր ասաց Տէր. Արի՛ և դատեա՛ց ընդ լերինս, և բլուրք լուիցեն ձայնի քում։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: