Միքիայի մարգարեության մեկնություն 6։6

Ա․ Լոպուխին

6-7․ «Ես ինչո՞վ կանգնեմ Տիրոջ առջև, խոնարհվեմ երկնային Աստծո առջև։ Արդյո՞ք Նրա դիմաց ողջակեզներով կանգնեմ, մեկ տարեկան հորթերով։ [6] Սակայն մի՞թե կարելի է Տիրոջը բավարարել հազարավոր խոյերով կամ յուղի անսպառ գետերով։ Արդյո՞ք տամ Նրան իմ անդրանիկին իմ հանցագործությունների համար, իմ որովայնի պտուղը՝ իմ հոգու մեղքերի համար»։ (Սինոդական թարգ․)
   
   6−7−րդ համարներում տեղ գտած հարցերի շարքը առաջադրվում է մեկ դեմքի մեջ անձնավորված ժողովրդի անունից։ Ըստ որոշ մեկնաբանների (Կեյլ, Շեգգ)՝ այդ հարցերով ժողովուրդը հակադրվում է ապերախտության մեղադրանքներին և այն հանգամանքն է մատնանշում, որ կատարում է զոհերի վերաբերյալ բոլոր հրահանգները։ Սակայն 7−րդ համարում Աստծուն գոհացնելու նպատակով մեղքերի համար մատուցվող զոհաբերության մասին հիշատակումը մեկնաբանների մեծամասնությանը հիմք է տալիս ենթադրելու, որ այդ հարցերում արտահայտվում է ժողովրդի ապաշխարությունը և Աստծո ճշմարիտ գիտության ուղին իմանալու ցանկությունը։ Մարգարեն ապաշխարող ժողովրդի անունից է խոսում և բացատրում է, որ իրենք իրենցով զոհաբերությունները չեն կարող Տիրոջ համար բավարար լինել։ Գաղափարը ավելի զորավոր կերպով արտահայտելու համար մարգարեն հիշատակում է ամենաառատ և թանկարժեք զոհաբերությունների մասին, որոնք կարելի է միայն պատկերացնել։ «Անդրանիկի զոհաբերության» մասին մարգարեի խոսքերը անպայմանորեն չեն մատնանշում այն, որ նրա ժամանակ Հուդայական թագավորությունում նման զոհաբերություններ են կատարվել, և որ 6−8−րդ համարները վերաբերում են Մանասեի թագավորությանը (Նովակ)։ Մարգարեն խոսում է ինչպես հնարավորի, այնպես էլ ուրիշ ժամանակներում տեղի ունեցածի մասին (Դ Թագ. 3։27, Եր. 7։31, Եզ. 16։21)։ «Յուղի անսպառ գետերով» ընթերցումը սլավոներենում «բյուրավոր պարարտ նոխազներ» տարբերակով է, որն էլ համապատասխանում է Յոթանասնիցի՝ «χ´ιμἀρρων πιόνων» և Վուլգաթայի՝ «hircorum pingvium» ընթերցումներին։ Հնարավոր է, որ «χ´ιμἀρρων» (նոխազներ) բառը առաջացել է որոշ ձեռագրերում պահպանված նախնական «χειμὰρρων» (գետեր) բառից։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Ինչո՞վ փութամ Տիրոջ մօտ, ապաւինեմ իմ բարձրեալ Աստծուն, ընդառաջ գնամ նրան ողջակէզներով եւ մէկ տարեկան հորթերով:
(Արարատ թարգ․) Ես ինչո՞վ ներկայանամ Տիրոջը, ընկնեմ Բարձրյալ Աստծու առաջ. արդյոք ներկայանամ ողջակեզներո՞վ, մեկ տարեկան հորթերո՞վ։
(Գրաբար) Ի՞ւ կանխեցից առ Տէր. ապաւինեցա՛յց յԱստուած իմ բարձրեալ, եթէ կանխեցից առ նա ողջակիզօք, և որթովք տարևորօք