Միքիայի մարգարեության մեկնություն 6։5

Ա․ Լոպուխին

Ո՜վ Իմ ժողովուրդ, հիշի՛ր, թե ինչ էր խորհում մովաբացիների Բաղակ թագավորը, և ինչ պատասխանեց նրան Բեովրի որդի Բաղաամը, և ինչ տեղի ունեցավ Սատիմից մինչև Գաղգաղ, որպեսզի դու ճանաչես Տիրոջ արդար գործերը։ (Սինոդական թարգ․)[5]
   
   «Սատիմից մինչև Գաղգաղ» (սլավոներեն՝ «Սիտիայից մինչև Գաղգաղ») Պաղեստինի երկու տեղանունների հիշատակմամբ՝ մարգարեն ցանկանում է հակիրճ հիշեցնել Քանաանը գրավելու ժամանակը։ Սատիմի հովիտը եբրայեցիների համար որպես Հորդանանի արևելյան կողմում գտնվող վերջին բանակատեղի է ծառայել (Թվ. 22։1, 25։1)։ Հորդանանը անցնելուց հետո եբրայեցիների առաջին բանակատեղին Գաղգաղայում էր. Քանանի գրավման ողջ ընթացքում այստեղ էր խորանը (Թվ. 33։49, Հս. 2։5, 10, 10։43, 14։6)։ Եբրայերեն «schittim» բառը ակացիա ծառի անվանումն է, որի առատությունից էլ հովիտը ստացել է իր անունը։ Յոթանասնիցը «schittim»−ը հատուկի փոխարեն որպես հասարակ անուն է թարգմանել` «απὸ των σχοίνων» («σχοινος»՝ եղեգ, թփեր)։ Սակայն սլավոներենը թարգմանվել է եբրայերենից՝ «Սիտիայից»։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Ժողովո՛ւրդ իմ, յիշի՛ր, թէ ինչ մտածեց քո մասին մովաբացիների Բաղակ թագաւորը, եւ թէ ինչ պատասխան տուեց նրան Բէորի որդի Բաղաամը այս շրջաններից մինչեւ Գաղգաղա, որպէսզի յայտնի դառնայ Տիրոջ արդարութիւնը»:
(Արարատ թարգ․) Ո՛վ իմ ժողովուրդ, հապա հիշի՛ր, թե ի՛նչ էր խորհում Մովաբի Բաղակ թագավորը, և նրան ինչ պատասխան տվեց Բեովրի որդի Բաղաամը, ինչ որ պատահեց Սատիմից մինչև Գաղգաղա, որպեսզի գիտենաք Տիրոջ արդար գործերը։
(Գրաբար) Ժողովուրդ իմ յիշեա՛ զինչ խորհեցաւ վասն քո Բաղա՛կ թագաւոր Մովաբացւոց. և զի՞նչ ետ նմա պատասխանի Բաղաամ որդի Բէովրայ, ի վիճակացն մինչև ցԳաղգաղ. Զի ծանիցի արդարութիւն Տեառն։