Ա․ Լոպուխին
Նրանցից լավագույնը փշի նման է, և արդարը՝ փշոտ ցանկապատից էլ վատն է, Քո մարգարեների օրը, Քո այցելությունը գալիս է, այժմ շփոթությունը կպատի նրանց։ (Սինոդական թարգ․)[4]
4−րդ համարի սկիզբը ժողովրդի ընդհանուր բնութագիրն է։ Հողը անպետք դարձնող և վնաս պատճառող փշի հետ համեմատությամբ մարգարեն ցանկանում է բարոյական տեսանկյունից ժողովրդի անպետքությունը ցույց տալ։ Դրա համար ժողովրդին դատաստան է պատուհասելու՝ «Քո մարգարեների օրը», այսինքն՝ մարգարեների կողմից կանխագուշակված օրը, այցելության կամ պատժի օրը։ Յոթանասնիցը և սլավոներենը 4−րդ համարում շեղվում են բնագրից։ Ըստ երևույթին, «cherek» (փուշ) բառը Յոթանասնիցը հասկացել է որպես «сharak» (հանել) կամ էլ «charaz» (կտրել) վաղակատար դերբայ, ընդ որում՝ այդ դերբային ավելացրել է «σὴς» (ցեց) գոյականը։ Հաջորդիվ դրված «jaschar» (արդար) բառը Յոթանասնիցը որպես «jaschar» դերբայ (ուղիղ քայլել) է հասկացել։ Եբրայերեն «jom mezappecha» (քո պահապանների օրը) արտահայտությունը Յոթանասնիցն ընթերցել է որպես «jom mizpeh» (պահապանի օր) և որպես ժամանակի պարագա առնչել է նախորդ նախադասությանը, այլ ոչ թե հաջորդ։ Ուստի ռուսերեն տեքստի «նրանցից լավագույնը փշի նման է, և արդարը՝ փշոտ ցանկապատից էլ վատն է, Քո մարգարեների օրը» ընթերցման փոխարեն սլավոներենում «ինչպես ցեցը, որը ուտում է և քայլում է ըստ կանոնների («ἐπὶ κανὁνος−կանոնավոր կերպով») պահապանի օրը» է։ Ըստ սլավոներեն տեքստի՝ 4−րդ համարը լրացնում է 3−րդ համարի վերջում արտահայտված միտքը և պատկերում է դատաստանի օրը ժողովրդի հանդեպ Աստծո վերաբերմունքը («պահապան»՝ պարեկ, վերահսկողություն): Տերը ժողովրդի համար կլինի թելեր ուտող ցեցի նման (Ովսե. 5։12, Ես. 50։9)։ Ռուսերեն տեքստի «այժմ շփոթությունը (mevuchatham) կպատի նրանց» ընթերցման փոխարեն սլավոներենում «հիմա նրանք լաց կլինեն» տարբերակն է: Ակնհայտորեն Յոթանասնիցը «mevuehatham» բառը ծագեցրել է «bachah−արտասվել» բառից։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Ես կը հանեմ նրանց միջից այն բարութիւնը, որը ցեցի նման ուտում եւ պտտւում է կանոնի վրայ դատաքննութեան օրը: Վա՛յ, վա՛յ, եկաւ հասաւ քո վրէժխնդրութիւնը. արդ, թող լաց լինեն նրանք:
(Արարատ թարգ․) Նրանց լավագույնը փշի նման է, ուղղամիտը՝ փշե ցանկապատի. հասնում է օրը քո պատժի. նրանց շփոթությունը հիմա պիտի լինի։
(Գրաբար) և հանից զբարութիւն նոցա իբրև զցեց որ ուտէ և շրջի ի վերայ կանոնի յաւուր այցելութեան։ Վա՛յ վա՛յ, վրէժխնդրութիւնք քո եկին հասին. արդ եղիցին լալիք նոցա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: