Նավումի մարգարեության մեկնություն 1:10

Ա. Պ. Լոպուխին. «Բացատրական աստվածաշունչ»

«Քանզի նրանք՝ միմյանց մեջ խճճված փշերի պես և գինովցածների պես արբած, ամբողջովին պիտի այրվեն, ինչպես չոր ծղոտը»: (Սինոդական թարգ․)[10]
   
    10−րդ համարը հիմնավորում է 9−րդ համարում ասված խոսքը Ասորեստանի և նրա բնակիչների մոտալուտ կործանման մասին։ Այստեղ նշվում է, որ այդ կործանումն անխուսափելի է Ասորեստանի բնակիչների խորը բարոյական անկման պատճառով։ Մարգարեի մոտ այս անկումն արտահայտվում է ասորեստանցիներին երկու բանի հետ համեմատելով․
   1. խճճված փշերի հետ, ինչը խորհրդանշում է ասորեստանցիների միասնությունը Աստծու ժողովրդի դեմ թշնամության մեջ և հպարտ ինքնավստահությունը սեփական ուժերի հանդեպ (Թվ. 33։55, Ես․ 27։4, Եզեկ․ 2:6, 28։24),
   2. գինովցած հարբեցողների հետ (ասորական հուշարձաններում հաճախ են հանդիպում խնջույքների պատկերներ)։ Այս երկու մեղքերը ասորեստանցիներին պետք է հասցնեին նրան, որ նրանց ահեղ թագավորությունը ի վերջո պետք է կործանվեր՝ նման այն ծղոտին, որն արագ և անհետ ոչնչանում է այրվելով։ «Ինչպես չորացած ծղոտն է հեշտությամբ ոչնչացվում կրակով, իսկ ցանկապատի մոտ աճող և հատկապես փշոտ բույսերի հետ միահյուսված խոտը նրանց թույլ չի տալիս ծաղկել, նաև ինքն է ժամանակի ընթացքում թառամում: Այդպես էլ դուք, որ կործանում էիք ուրիշների թագավորությունները, պիտի զրկվեք ձեր թագավորությունից և կործանվեք» (Երանելի Թեոդորիտոս Կյուրոսացի)։ «Միանգամայն արդարացիորեն նրանց (ասորեստանցիների) բազմաքանակ զորքը նմանեցվում է հարբեցողների խնջույքի։ Իսկ խնջույքն ինքնին ոչ թե վարդերի, շուշանների կամ ծաղիկների է նմանեցվում, այլ իրար մեջ խճճված փշերի, որոնք մշտապես կրակի են մատնվում և, չոր ծղոտի նմանությամբ, այրվում են նույնիսկ թույլ բոցից» (Երանելի Հերոնիմոս. «Մեկ գիրք՝ Նավում մարգարեի մեկնության», Կիև, 1896, մաս 13, էջ 268)։

    Բոլոր ժողովուրդների, այդ թվում նաև հրեաների հանդեպ ասորեստանցիների ունեցած թշնամությունը պատմականորեն հայտնի է բոլորին։ Պակաս հայտնի չէ նաև ասորեստանցիների հակվածությունը հարբեցողությանը։ Ըստ Դիոդորոս Սիցիլիացու վկայության՝ պարսիկներին հաջողվեց մահացու հարված հասցնել Նինվեին միայն այն պատճառով, որ իր պետության հզորության վրա վստահ լինելով՝ թագավորն իր մեծամեծների հետ անձնատուր էր լինում խնջույքներին և հարբեցողությանը։ Այդ պատճառով իրավացի են այն մեկնիչները, որոնք մարգարեի 10−րդ համարի խոսքերը բառացիորեն իրականացված են համարում Նինվեի ողբերգական վախճանով։

--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Մինչեւ իրենց հիմքերը նրանք խոպան պիտի դառնան. բաղեղով պատուածի պէս պիտի սպառուեն եւ լինեն ինչպէս չորացած եղէգ:Մինչեւ իրենց հիմքերը նրանք խոպան պիտի դառնան. բաղեղով պատուածի պէս պիտի սպառուեն եւ լինեն ինչպէս չորացած եղէգ:
(Արարատ թարգ․) Որովհետև քանի դեռ նրանք փշերի պես խճճված են և իրենց գինով հարբածների նման են, չոր հարդի պես բոլորովին պիտի սպառվեն։
(Գրաբար) Զի մինչեւ ի հիմն իւրեանց խոպանասցին. իբրեւ զգեղձ պատեալ կերիցի. եւ իբրեւ զեղէգն լի երաշտութեամբ։